Սաղմոս 89.1 - Գտա Դավթին՝ Իմ ծառային – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 89.1 - Գտա Դավթին՝ Իմ ծառային

Կցորդ.   Մենք սովորել ենք օրենքից, որ Քրիստոսը մնում է հավետ (Հվհ 12, 34):
կամ.  
Խոստման համաձայն, Դավթի սերնդից
Աստված Իսրայելի համար հարուցեց մի փրկիչ. Հիսուսը (հմմտ. Գրծ 13, 23):
կամ.  
Աստված նրան տալու է Դավթի՝ իր հոր գահը,
և նրա թագավորությունը վախճան չի ունենալու երբեք (հմմտ. Ղկս 1, 32-33):

 


 
2Հավիտյան երգելու եմ Տիրոջ սերը,
սերնդից սերունդ ավետարանելու եմ Քո հավատարմությունը.
3և ասում եմ. «Մի հավիտենական սեր է,
հավատարմությունդ երկնքից առավել հաստատուն է»:
 
4«Մի դաշինք կնքեցի Իմ ընտրյալի հետ,
երդում տվեցի Դավթին՝ Իմ ծառային.
5Ընդմիշտ կհաստատեմ քո սերունդը,
կպատրաստեմ քեզ մի գահ, որ տևի հավետ»:
 
***
 
6Երկինքը երգում է Քո հրաշքը, Տեր,
սրբերի հավաքը մեծարում է Քո հավատարմությունը.
7ո՞վ է հավասար Տիրոջը երկնքում,
ո՞վ է նման Տիրոջը աստվածների մեջ:
 
8Աստված փառավորված է սրբերի հավաքում,
մեծ և ահարկու է նրանց մեջ, ովքեր շրջապատում են Իրեն.
9ո՞վ է Քեզ նման, տիեզերքի Տեր Աստված,
հավատարմությամբ գոտեպնդված, քանի՜ցս հզոր ես, Տեր:
 
10Դու իշխում ես ծովի հպարտությանը
և հանդարտեցնում ես նրա փոթորկալի ալիքները.
11Դու ոտնակոխ ես անում Ռահաբին պարտվածի նման,
հզոր բազուկով ցիրուցան ես անում թշնամիներին:
 
12Քեզ են պատկանում երկինքն ու երկիրը,
աշխարհը և նրա լիությունը, որ կազմավորեցիր.
13հյուսիսն ու հարավը, որ Դու ստեղծեցիր,
Թաբորն ու Հերմոնը ցնծում են Քո Անվամբ:
 
14Այո՛, բազուկդ հզոր է,
ուժեղ է ձեռքդ, Քո աջը՝ վեհ.
15արդարությունն ու իրավունքը գահիդ հենարաններն են,
շնորհն ու ճշմարտությունը քայլում են Քո առջևից:
 
16Երանի՜ ժողովրդին, որ ճանաչում է Քո գովքը
և քայլում է երեսիդ լույսի ներքո.
17ամբողջ օրը ցնծում է Անվամբդ,
պարծենում է արդարությամբդ, Տեր:
 
18Դու ես մեր զորության պայծառությունը,
սիրույդ համաձայն՝ ավելացրու մեր կորովը.
19այո՛, Տիրոջն է մեր վահանը,
մեր Մեսիա Թագավորը՝ Իսրայելի Սրբինը:
 
***
 
20Մի ժամանակ խոսեցիր Քո մտերիմներին,
տեսիլքի մեջ ասացիր նրանց.
«Բարեհաճությունս շնորհել եմ մի ընտրյալի,
ժողովրդի մեջ բարձրացրել եմ մի պատանի:
 
21Գտա Դավթին՝ Իմ ծառային,
սրբության յուղովս օծեցի նրան.
22ձեռքս միշտ լինելու է նրա հետ,
բազուկս լինելու է նրա ուժը:
 
23Թշնամին չի կարողանալու խաբել նրան,
նրան չի խոնարհեցնելու այլասերված մարդը.
24կհարվածեմ իր հակառակորդներին իր առաջ,
կհարձակվեմ նրան ատողների վրա:
 
25Հավատարմությունս և սերս իր հետ են,
Անունս կավելացնի նրա կորովը.
26կտարածեմ նրա ձեռքը մինչև ծովը,
մինչև Գետը կհասնի նրա աջը:
 
27Ինձ կանչելու է. “Դու իմ Հայրն ես,
իմ Աստվածը և ժայռն իմ փրկության”.
28նրան կկարգեմ որպես իմ առաջնեկը,
բարձրագույնը՝ երկրի թագավորների մեջ:
 
29Հավիտյան կպահեմ նրան իմ սերը,
իր հետ կնքած դաշինքս չի լուծարվի երբեք.
30հավիտյան կհաստատեմ իր որդուն,
նրա գահը կտևի որքան երկինքը:
 
31Եթե իր զավակները կլքեն իմ օրենքը,
չպահպանելով իմ վճիռները.
32եթե կխզեն իմ կամքը,
պղծելով իմ պատվիրանները.
33գավազանով կայցելեմ նրանց հանցանքին,
աղետներով՝ նրանց մեղքին:
 
34Բայց իրենից չեմ հեռացնի իմ սերը,
չեմ դավաճանի իմ հավատարմությանը.
35չեմ ջնջի իմ դաշինքը,
չեմ փոխի իմ շուրթերի խոստումը.
36սրբությանս մեջ երդվեցի մեկընդմիշտ,
այս իսկ պատճառով, չեմ ստի Դավթին:
 
37Նրա որդին մնալու է հավետ,
նրա գահն Իմ առջև՝ ինչպես արևը.
38ինչպես լուսինը, հավիտյան հաստատված
երկնքում, հավատարմության վկա»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։