Սաղմոս 92 [91] - Արդարն աճելու է արմավենու նման – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 92 [91] - Արդարն աճելու է արմավենու նման

Կարելի է ասել, որ հոգևոր ասպարեզում մի տեսակ մանկավարժական օրհներգ է սա, այն իմաստով, որ միաժամանակ Տիրոջն ուղղված օրհնություն է և հավատացյալներին ուղղված ուսուցում: Սաղմոսերգուն խորհրդածում է Աստծո գործելակերպի մասին: Նրա սերն ու արդարությունը տեսանելի են ընդմեջ այն ամենի, որ Նա անում է: Բայց հարկավոր է ընդունակ լինել հասկանալու դա: Վերջնական հաշվով, չարագործների երջանկությունն անցնում է գարնանային խոտի նման, մինչ արդարներին վերապահված երանությունը նման է դարավոր ծառերի, որոնք իրենց արմատները խորը գցել են ամուր հողի մեջ. նոր գարուններ են նրանց խոստացվել Աստծո հարկերի ներքո: Տիրոջ պարգևած բերկրանքը հավատացյալի կյանքում իրոք նման է մի նոր գարնան:
 

 
Կցորդ.  
Պատկանում ենք Նրան, ով հարություն է առել մեռելներից,
որպեսզի պտղաբերենք Աստծո համար (հմմտ. Հռմ 7, 4):
կամ.  
Ով մնում է իմ մեջ, շատ պտուղ է բերում,
որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել (հմմտ. Հվհ 15, 5):
կամ.  
Մեղքից ազատված և Աստծո ծառաները դարձած,
դուք ձեր պտուղը հավաքում եք սրբագործման համար (Հռմ 6, 22):
կամ.  
Ստացել ենք Աստծո Հոգին, ճանաչելու համար,
թե որքա՛ն է Աստված պարգևել մեզ (հմմտ. 1Կր 2, 12):

 


 
1Սաղմոս: Երգ: Շաբաթ օրվա համար:
 
2Բարի է երախտագիտություն հայտնել Տիրոջը,
օրհնություններ երգել Անվանդ, ո՜վ Բարձրյալ.
3առավոտյան ավետարանել Քո սերը,
հավատարմությունդ՝ գիշերվա ընթացքում.
4տասնալարյան սաղմոսարանով և քնարով,
մեղեդիներով և տավղի երգերով:
 
5Դու ինձ ուրախացնում ես, Տեր, Քո վարմունքով,
ես ցնծում եմ Քո ձեռքերի գործերով.
6քանի՜ցս մեծ են գործերդ, Տեր,
և քանի՜ցս խորն են Քո մտքերը.
7անզգամ մարդը չի կարող ճանաչել դրանք,
անմիտն անընդունակ է թափանցել դրանցից ներս:
 
8Եթե ամբարիշտները բուսնում են խոտի նման,
եթե ծաղկում են չարիք գործողները.
դա մեկընդմիշտ հնձվելու համար է միայն,
9բայց Դու, Տեր, հավիտյան Բարձրյալն ես:
 
10Քո թշնամիները. ահա նրանք, Տեր,
Քո թշնամիները. ահա մեռնելու են,
ցիրուցան են արվելու չարագործները:
 
11Գոմեշի նման ավելացնում ես իմ կորովը,
բուրումնավետ յուղեր ես ցանում իմ վրա.
12աչքս բացահայտում է ինձ լրտեսողին,
ականջներս ճանաչում են վրաս հարձակվողին:
 
13Արդարն աճելու է արմավենու նման,
բարձրանալու է Լիբանանի մայրու նման.
14Տիրոջ հարկերի ներքո տնկված,
ծաղկելու է մեր Աստծո ներկայությանը:
 
15Ծերության օրերին դեռ պտուղ է տալու,
միշտ արգասավոր ու կանաչ է մնալու.
16ավետարանելու համար. «Տերը հավատարիմ է,
Նրանում, որ իմ վեմն է, չկա անարդարություն»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։