Սաղմոս 93 [92] - Տերը թագավորում է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 93 [92] - Տերը թագավորում է

Աստծո Արքայության սաղմոսները
 
Տերը թագավորում է: Ծիսական այս բացականչությունը, որի մեջ – կարելի է ասել – խտանում է ամբողջ հինկտակարանյան հավատքը, վճիտ աղբյուրի նման բխում է Աստծո Արքայության սաղմոսներից: Բոլոր այս տաղերը (47, 93, 96-99) փառավորում են Աստծո թագավորությունը, որ տարածվում է ամբողջ տիեզերքի վրա և տիրում է ժամանակների ընթացքին: Աստված հայտնվում է որպես թագավոր, երբ ստեղծում է գոյություն ունեցող ամեն ինչ, բայց հատկապես՝ երբ ընտրում է Իր ժողովրդին: Այսուհանդերձ, արարչագործությունն ու պատմությունը տակավին դեռ սկիզբն են և մի տեսակ խոստումի նման են. Աստծո Արքայությունն իր ամբողջ մեծվայելչությամբ հայտնվելու է ժամանակների վախճանին (Հյտ 4, 11; 11, 15-17): Նոր երկինք, նոր երկիր, նոր Երուսաղեմ. սրանք պատկերներ են, որոնք հնարավորությունն են ստեղծում իրենց ետևում նշմարելու Աստծո փառքի մեջ վերամիավորված մարդկության բերկրանքը (Հյտ 21, 1 - 22, 5): Աստծո Արքայության սաղմոսներում արդեն իսկ թրթռում է այս անճառելի հույսը:
 

 
Աստված Իր մեծությունը հաստատում է արարչության ուժերի միջոցով, որոնց Նա տիրում է. Օրենքի միջոցով, որը Նա պարգևել է Իր ժողովրդին. Երուսաղեմի Տաճարի միջոցով, որը Նա սրբացնում է Իր խորհրդավոր ներկայությամբ: Իր երկրային կյանքի ընթացքից իսկ սկսած, հավատացյալը պանծացնում է փառքը Աստծո թագավորության, որը վախճան չի ունենալու:
 

 
Կցորդ.  
Թող գա Քո արքայությունը,
թող Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է (Մտթ 6, 10):
կամ.  
Ալելուիա: Տիրեց Իր թագավորությանը.
Տերը, մեր Աստվածը, Ամենակարողը (Հյտ 19, 6):
կամ.   Աստծո արքայությունը ձեր մեջ է (Ղկս 17, 21):

 


 
1Տերը թագավորում է.
Նա զգեստավորվել է մեծվայելչությամբ,
Տերը գոտեպնդվել է զորությամբ:
Աշխարհն հաստատուն է և չի սասանվում,
2սկզբից ամրապինդ է Քո գահը.
այո՛, ի հավիտենից Դու կաս:
 
3Բարձրացնում են գետերը, Տեր,
բարձրացնում են գետերն իրենց ձայնը,
բարձրացնում են գետերն իրենց թնդյունը:
 
4Վիթխարի ջրերի ձայնից ավելի,
ծովի ալիքներից ավելի հզոր,
հզոր է Տերը վերևում:
 
5Քո վկայությունները լիովին հավատարիմ են,
Քո հարկի ներքո բնակվում է սրբությունը
օրերի տևողությամբ, Տեր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։