Սաղմոս 95 [94] - Լսեցեք այսօր Իր ձայնը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 95 [94] - Լսեցեք այսօր Իր ձայնը

Այս օրհներգը, որն հավատացյալները երգում էին թափորով Տաճար մտնելիս, սկսվում է եռանդուն հրավերով՝ փառավորելու Տիրոջը, որն անվանվում է «մեր փրկության վեմը»: Վեմի այլաբանական պատկերը հիշեցնում է այն ժայռը, որից Մովսեսը ջուր բխեցրեց անապատում (Ել 17, 6; Թց 20, 8): Հավատացյալներին կոչ է ուղղվում գովաբանելու Աստծո մեծությունը երկու պատճառով.
– առաջին, որովհետև Նա է համայն տիեզերքի Արարիչն ու Տերը, երկնային բարձունքներից մինչև անդունդների խորքերը, ծովից մինչև երկրի հեռավոր սահմանները.
– երկրորդ, որովհետև Նա է Ուխտի Աստվածը, Հովիվը, որն առաջնորդում է Իր ժողովրդին:
Արարչագործության և փրկագործության երկու թեմաների մերձեցումը բնորոշ է Եսայի Մարգարեին (Ես 43, 1-3; 45, 18): Սաղմոսի երկրորդ հատվածում խիստ հանդիմանություն է հնչում Տիրոջ շուրթերից. իսրայելացիներն արհամարհել են «փրկության վեմը», տրտնջացել են իրենց «հովվի» դեմ և անհնազանդ են գտնվել: Այդ իսկ պատճառով, «չեն մտնելու Նրա հանգստի վայրը»: Պողոս Առաքյալը գործածում է այս տողերը, դրանք մեկնաբանելով քրիստոնեական հասկացողության համաձայն (Եբր 3, 7 - 4, 11):
Ինչպես Իսրայելն անապատում, Եկեղեցին էլ պանդուխտ է այս երկրի վրա. քրիստոնյաները գիտեն, թե ինչպիսին է Աստծո խոստումը, բայց նաև գիտեն, թե ինչ է փորձությունը: Եթե կամենում են մտնել նոր խոստացված երկիրը, այսինքն՝ մասնակցել Աստծո կյանքին, պետք է պայքարների մեջ հարատևեն հանուն հավատարմության. յուրաքանչյուր օր «այսօր»ն է, որի ընթացքում հարկավոր է լսել Աստծո ձայնը:
 

 
Կցորդ.  
Քանի որ ոմանք դեռ պետք է մտնեն այն հանգստից ներս,
Աստված սահմանում է մի նոր օր. այսօրը (հմմտ. Եբր 4, 6-7):
կամ.   Խրախուսեցեք միմյանց ամեն օր, քանի դեռ տևում է այս այսօրը (հմմտ. Եբր 3, 13):
կամ.   Երանի՜ նրանց, ովքեր լսում են Աստծո խոսքը և կատարում են այն (Ղկս 11, 28):

 


 
1Եկեք, ծափահարենք Տիրոջը,
աղաղակենք մեր փրկության վեմին.
2երախտագիտություն հայտնելով՝ մերձենանք Նրան,
գովաբանության սաղմոսներով աղաղակենք դեպի Նա:
 
3Այո՛, Տերը մեծ Աստված է,
մեծ Թագավոր բոլոր աստվածների վրա.
4Նրա ձեռքում են երկրի անդունդները,
Նրանն են լեռների կատարները.
5Նրանն է ծովը, Նա է այն ստեղծել,
Նրանն է երկիրը, Նրա ձեռքերն են այն կաղապարել:
 
6Եկեք, խոնարհվենք, երկրպագենք
ծունկի եկած, Տիրոջ առաջ, որ ստեղծել է մեզ.
7այո՛, Նա է մեր Աստվածը
և մենք՝ Իր արոտի ժողովուրդը,
Իր ձեռքով առաջնորդված հոտը:
 
Լսեցեք այսօր Իր ձայնը.
8«Մի՛ կարծրացրեք ձեր սիրտը ինչպես Մերիբայում,
ինչպես Մասսայի օրը, անապատում.
9երբ ձեր հայրերը փորձեցին Ինձ,
փորձեցին Ինձ, տեսնելով հանդերձ Իմ գործը:
 
10Այդ սերունդը տհաճություն պատճառեց ինձ քառասուն տարի,
և ասացի. “Շեղված սիրտ ունեցող ժողովուրդ են,
չեն կամենում ճանաչել Իմ ճանապարհները”.
11բարկությանս մեջ, հայնժամ, երդվեցի,
թե՝ հանգստիցս ներս նրանք չեն մտնի»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։