Սաղմոս 96 [95] - Տերը գալիս է դատելու երկիրը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 96 [95] - Տերը գալիս է դատելու երկիրը

Այս սաղմոսում, ինչպես 98րդ սաղմոսում նույնպես, Տիրոջը փառաբանելու կոչն ուղղված է ո՛չ միայն աշխարհի բոլոր ժողովուրդներին, այլ նաև ամբողջ արարչությանը. երկնքին, երկրին, ծովին, դաշտերին, անտառի ծառերին:
Տիրոջ գալստյան ավետումը որպես աշխարհի դատավոր և փրկիչ. սա՛ է բոլոր ժողովուրդների առաջ բացված Աստծո Արքայության բարի լուրը: Այսպես է այն քարոզում Հիսուսը (Մրկ 1, 14-15):
«Նոր երգ»ը, որին ակնարկում են երկու սաղմոսները, թերևս հայրենիք վերադարձողների երգն է բաբելոնյան աքսորի տառապանքներից հետո:
Պողոս Առաքյալը հաստատում է, որ «հին իրողություններն անցել են և ծնվել են նորերը», և որ «եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր արարած է» (2Կր 5, 17): Սպասելով այն օրվան, երբ կկարողանանք հավիտյան երգել «Մովսեսի երգն ու Գառան երգը» (Հյտ 15, 3-4), պետք է ջանանք եղանակել Արքայության գալստյան «նոր երգ»ը: Քրիստոսի սիրով նորոգված մեր կյանքը նշան կլինի բոլորի համար (Հվհ 13, 35):
Տիեզերական այս ուրախ օրհներգը մնում է միշտ նոր, Ինքնին Աստծո իսկ նորությամբ. Նոր Կտակարանն այս սաղմոսի վերջին տողերն է գործածում ավետելու համար Քրիստոսի երկրորդ գալուստը դատաստանի օրը, երբ Նա նորոգելու է գոյություն ունեցող ամեն բան (Գրծ 17, 31; Հյտ 19, 11):
 

 
Կցորդ.  
Ինձ տրվել է շնորհը՝
ժողովուրդներին ավետարանելու Քրիստոսի հարստությունները (հմմտ. Եփս 3, 8):
կամ.   Նրանք մի նոր երգ էին երգում Գառան գահի առաջ (հմմտ. Հյտ 14, 3):
կամ.  
Ինձ է տրվել ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Գնացե՛ք, ուրեմն,
և աշակերտ դարձրեք բոլոր ժողովուրդներին (հմմտ. Մտթ 28, 18-19):
կամ.  
Աստված հաստատել է մի օր,
որում դատելու է աշխարհն արդարությամբ (հմմտ. Գրծ 17, 31):

 


 
1Նոր երգ երգեցեք Տիրոջը,
երգեցեք Տիրոջը, երկրներ բոլոր,
2երգեցեք Տիրոջը և օրհնեցեք Նրա Անունը:
 
Օրըստօրե ավետարանեցեք Նրա պարգևած փրկությունը,
3հեթանոսների մեջ պատմեցեք Նրա փառքը,
բոլոր ժողովուրդների մեջ՝ Նրա սքանչելիքները:
 
4Տերը մեծ է և արժանի է ամեն տեսակ գովքի,
ահարկու է աստվածներից գերիվեր,
5ոչնչություն են հեթանոսների աստվածները:
 
Տերը սփռեց տարածեց երկինքը,
6Նրա առջև պայծառություն և մեծվայելչություն,
Նրա Սրբավայրում՝ զորություն և գեղեցկություն:
 
7Մատուցեք Տիրոջը, ժողովուրդների ընտանիքներ,
մատուցեք Տիրոջը փառք և զորություն,
8մատուցեք Տիրոջն Իր Անվան փառքը:
 
Բերեք ընծաներ, մտեք Նրա օթևանից ներս,
9երկրպագեցեք Տիրոջը Սրբավայրի փառահեղության մեջ,
դողացեք Նրա առաջ, երկրներ բոլոր:
 
10Ասացեք հեթանոսների մեջ. «Տերը թագավորում է».
աշխարհն հաստատուն է և չի սասանվում,
Նա ուղղությամբ կառավարում է ժողովուրդներին:
 
11Ուրախություն երկնքում, թող ցնծա երկիրը,
թող զվարճանա ծովը և ինչ որ նրանում պարունակված է,
12թող բերկրեն դաշտերը և իրենց լիությունը:
 
Անտառի ծառերը թող պարեն զվարթությամբ,
13երեսի առաջ Տիրոջ, որ գալիս է,
որ գալիս է դատելու երկիրը:
 
Դատելու է աշխարհն արդարությամբ
և ժողովուրդներին Իր ճշմարտությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։