Սաղմոս 97 [96] - Բարձրյալն ամբողջ երկրի վրա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 97 [96] - Բարձրյալն ամբողջ երկրի վրա

Եվս մեկ օրհներգ Յահվե Թագավորին, միակ Աստծուն, միակ Տիրոջը: Նրա գալուստը նկարագրվում է աստվածային հայտնությունների փառահեղ և արդեն ավանդական դարձած պատկերներով (հմմտ. Ել 19, 16-20). դրանք սարսափ են սփռում հեթանոսների վրա, իսկ Իսրայելին պարգեվում են ուրախություն: Այն ժամանակաշրջանում, որում գրվել է այս սաղմոսը, Հին Ուխտի ժողովրդի մոտ այլևս անհետացել էին օտար աստվածությունների նկատմամբ վախի բոլոր մնացորդները: Սաղմոսերգուն այն աստիճանի է հասնում, որ մինչև իսկ կոչ է անում հեթանոս աստվածներին, կամ առնվազն՝ նրանց երկրպագողներին, գալու և երկրպագելու Միակի առաջ: Միակ Աստծո հանդեպ հավատքն այլևս անջնջելի է: Մեծվայելչության Աստվածը նաև Տերն է, որ գալիս է, Նա, որ սիրում է ուղղամիտ ու արդար սրտերը: Անհնարին է փառավորել տիեզերքի Աստծուն առանց ամեն անգամ մտածելու Տիրոջ մասին, որը հանուն մեր սիրո դարձավ մեր երկրային պանդխտության ուղեկիցը (Մտթ 28, 20):
 

 
Կցորդ.  
Աստծո արքայությունը արդարություն է ու խաղաղություն,
և ուրախություն Սուրբ Հոգու մեջ (հմմտ. Հռմ 14, 17):
կամ.  
Առաջնեկին աշխարհ մտցնելով, Աստված ասում է.
«Թող երկրպագեն նրան բոլոր հրեշտակները» (հմմտ. Եբր 1, 6):
կամ.   Ուրախացեք Տիրոջ մեջ միշտ, կրկնում եմ՝ ուրախ եղեք (Փլպ 4, 4):
կամ.  
Ինչպես կայծակն է փայլում արևելքից արևմուտք,
այնպես է լինելու մարդու Որդին Իր օրվա մեջ (Ղկս 17, 24):

 


 
1Տերը թագավորում է, թող ցնծա երկիրը,
թող ուրախ լինեն բազմաթիվ կղզիները.
2խավար և ամպեր են Նրան շրջապատում,
Նրա գահի հիմքերն են իրավունքն ու արդարությունը:
 
3Կրակ է քայլում Նրա առջևից
և չորսկողմը լափում է Նրա թշնամիներին.
4Նրա փայլակները լուսավորում են աշխարհը,
երկիրը տեսնում է և ցնցվում:
 
5Լեռները մոմի նման հալվում են Տիրոջ առաջ,
ամբողջ երկրի Տիրոջ առաջ.
6երկինքը հռչակում է Նրա արդարությունը,
բոլոր ժողովուրդները տեսնում են Նրա փառքը:
 
***
 
7Թող ամոթահար լինեն կուռքեր պաշտողները,
որ պարծենում են իրենց ունայնություններով.
«Ո՜վ աստվածներ բոլոր, երկրպագեցեք Նրան»:
8Սիոնն ունկնդրում է և բերկրում,
ցնծում են Հուդայի քաղաքները,
Քո դատավճիռների համար, Տեր:
 
9Որովհետև Դու ես, Տեր,
Բարձրյալն ամբողջ երկրի վրա,
ավելի հզոր ես, քան բոլոր աստվածները:
 
10Ատեցեք չարիքը, Տիրոջը սիրողներ.
հավատացյալների կյանքի պահապանը
նրանց խլում է ամբարիշտների ձեռքից:
 
11Լույսը ծագելու է արդարի համար,
ուրախությունը՝ սրտով ուղիղների.
12ուրախացեք, արդարներ, Տիրոջ մեջ,
երախտագիտություն մատուցեք
Նրա Սրբավայրը հիշելիս:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։