Սաղմոս 99 [98] - Սուրբ է մեր Տեր Աստվածը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 99 [98] - Սուրբ է մեր Տեր Աստվածը

Ուխտի Տապանակի վրա քանդակված էին երկու քերովբեներ, որպես Աստծո գահի հենարաններ. տժգույն խորհրդապատկերն էր Ամենակալի մեծության, որի համար Սիոն լեռը սոսկ «պատվանդան» է: Աստված այնքա՜ն սուրբ է, որ անսահմանորեն գերազանցում է մեր տիեզերքի բոլոր իրողություններին: Բայց Նրա սրբությունը գոռոզ մեծություն չէ, Նա մարդկային կյանքի նկատմամբ անտարբեր չէ: Երբ երկրպագում ենք Նրան, հայտնվում ենք կարևորագույն հրամայականների դիմաց, որոնք կոչվում են արդարություն, ուղղամտություն, հավատք: Սքանչելահրաշ սրբություն է, համենայն դեպս, Աստծո սրբությունը, որն հասանելի է մարդկանց միջնորդությանը, չնայած նրանց մեղքերին: Իրոք, Աստծո սրբությունը մեր համար կյանքի ներկայություն է:
 

 
Կցորդ.  
Երկնքի արքայությունում չեն դադարում օր ու գիշեր ասելուց.
Սուրբ, սուրբ, սուրբ է մեր Տեր Աստվածը, Ամենակարողը (հմմտ. Հյտ 4, 8):

 


 
1Տերը թագավորում է. դողում են ժողովուրդները,
բազմում է քերովբեների վրա. սասանվում է երկիրը,
2մեծ է Տերը Սիոնում:
Նա է, որ իշխում է ժողովուրդների վրա.
3թող երախտագիտություն մատուցեն Քո մեծ և ահավոր Անվանը,
որովհետև Նա է Սուրբը:
 
4Թագավորի զորությունը արդարության սերն է,
Դու ես, որ սահմանել ես իրավունքը,
Հակոբի մեջ հաստատել ես արդարությունն ու դատաստանը:
 
5Մեծարեցեք մեր Տեր Աստծուն,
երկրպագեցեք Նրա ոտքերի պատվանդանին,
որովհետև Նա է Սուրբը:
 
6Մովսեսը, Ահարոնը Նրա քահանաներից,
Սամուելը Նրա Անվան միջնորդներից,
կանչում են Տիրոջը, որ պատասխանում է:
 
7Խոսում է նրանց հետ ամպերի սյունից,
և նրանք պահպանում են Նրա ուսուցումները,
իրենց հանձնված օրենքը:
 
8Մեր Տեր Աստված, Դու պատասխանում ես նրանց,
Դու նրանց համար մի Աստված ես, որ ներում է,
բայց ուղղում ես նրանց մեղքերը:
 
9Մեծարեցեք մեր Տեր Աստծուն,
երկրպագեցեք Նրա Սրբության լեռանը,
որովհետև Սուրբ է մեր Տեր Աստվածը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։