Սաղմոսները որպես քրիստոնեական աղոթք – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոսները որպես քրիստոնեական աղոթք

Ինչպե՞ս են սաղմոսները կարողանում սնուցել մշակութային ամենատարբեր միջավայրերում ապրող բազմաթիվ մարդկանց աղոթքը: Ինչո՞ւ են այսօր ևս շարունակում լինել Եկեղեցու՝ Աստծո նոր ժողովրդի հիմնական և գերագույն աղոթքը:
Կարող ենք ասել, որ դա տեղի է ունենում, որովհետև սաղմոսները նման են մի հայելու, ուր մարդը վերագտնում է ինքն իրեն, ուրախության, խաղաղության, տառապանքի, հիվանդության իր ամենախորին փորձառություններում: Այս պատճառով է, որ սաղմոսները ամենամարդկային աղոթքներն են բոլոր ժամանակների մարդկանց համար:
Աստվածաշունչն ինքը մի հայելու նման է, ուր Եկեղեցին տեսնում է Աստծո Դեմքը: Սաղմոսներն աղոթելով, Եկեղեցին բացահայտում է Հիսուսի կենդանի պատկերը: Եվ սեփական նախասահմանման գիտակցությունն է ձեռքբերում, տեսնելով, թե ինչպես են սաղմոսներն իրականանում հանձինս Քրիստոսի: Առաջին քրիստոնյաների համայնքներում գրեթե իսկույն սկիզբ էր առել սաղմոսները Քրիստոսին կապակցելու գործընթացը: Քրիստոնյաներս, սաղմոսներն աղոթելով, աղոթում ենք Քրիստոսի հետ և սովորում ենք առաջ ընթանալ տառապանքների և ուրախությունների, հոգնությունների և հույսերի, դժվարությունների և հալածանքների միջով, ունենալով վերջնական հաղթանակի անդրդվելի վստահությունը:
Սաղմոսներն իսկապես խոսում են Հիսուս Քրիստոսի մասին և իրենց մեջ բովանդակում են Նրա ձայնը: Պատկերները, որոնք քիչ առաջ քննարկեցինք, իրենց լիակատար իրականացումը գտնում են հանձինս Հիսուս Քրիստոսի: Իր արյան հեղմամբ Նա կնքեց նոր և հավիտենական Ուխտը (Մտթ 26, 28; Ղկս 22, 20; 1Կր 11, 25; Եբր 8, 6): Հիսուս Նազովրեցին, Սուրբ Կույս Մարիամի որդին, բոլոր ժամանակների, բոլոր վայրերի և բոլոր ազգությունների մարդկանց հայտնեց, որ Աստված բարի է և արդար, կարեկցող և ողորմած, հավատարիմ և ճշմարտախոս: Իրոք, հանձինս Հիսուս Քրիստոսի «հայտնվեց Աստծո շնորհը, որ փրկություն է պարգևում բոլոր մարդկանց» (Տիտ 2, 11-14):
Հիսուսը, Խաչի վրա, սաղմոսներում նկարագրված արդարն է: Դաժանորեն հալածված և առանց պատճառի ատված, տառապանքի ներքո կքված, անարգված ու ծաղրուծանակի ենթարկված, Նա վստահությամբ ապավինեց Հորը և մինչև վերջ կատարեց Նրա կամքը:
Հիսուսը ենթարկվեց Օրենքին, բայց այն հասցրեց իր իմաստի ու նշանակության լիությանը (Գղտ 4, 4): Մեզ մի նոր պատվիրան տվեց (Հվհ 13, 34) և ասաց, որ Ինքն է ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը, որ առաջնորդում է դեպի Հայրը (Հվհ 14, 6): Ընդդիմացավ փարիսեցիների ու դպիրների կեղծ «օրինապաշտությանը», որովհետև Աստծո Օրենքն ուսուցանելու նրանց կերպը այլայլում ու թաքցնում էր Հոր ողորմությամբ հարուստ Դեմքը:
Հիսուսի Մարմինը ճշմարիտ Տաճարն է: Խաչի վրա ընծայված, վերջնական վայրն է Աստծո հետ մարդկանց հանդիպման: Նրա թշնամիներն իրավունք էին ստացել կործանելու Նրա Մարմնի Տաճարը, բայց Նա այն վերակերտեց երեք օրում (Հվհ 12, 12-13): Հիսուսը սպասված թագավորն է, ճանաչված՝ որպես Դավթի որդի (Մտթ 1, 1) և ժողովրդի կողմից ընդունված որպես այդպիսին, բայց նաև մերժված իրեններից, որոնք չընդունեցին Իրեն (Հվհ 1, 11). նշան հակառակության, որպեսզի բացահայտվեին մտքերը բազում սրտերի (Ղկս 2, 34-35):
Հիսուսը հաղթական թագավորն է, որ պարտության է մատնել աշխարհին ու սատանային, մեղքին ու մահվանը (Հվհ 16, 33; Ծնդ 3, 15; Ղկս 11, 14-22; Հվհ 12, 31; Հյտ 12, 10): Նրա թագավորությունը մոտ է և արդեն իսկ մեր մեջ է (Մրկ 1, 15), բայց Նրա թագավորությունն «այս աշխարհից չէ» (Հվհ 18, 36): Նրա թագավորության լիակատար իրականացումը դեռ պետք է գա. տեղի է ունենալու ժամանակների վախճանին (1Կր 15, 24-25):
Սպասելով Յահվեի օրվան և իր դեմ պատերազմելու համար համախմբվող թշնամի զորությունների դեմ վերջնական հաղթանակին (Հյտ 2, 26-29; 19, 11-21), Քրիստոսի Եկեղեցին արթուն հսկում է և աղոթում է իր Տիրոջը, գործածելով այն խոսքերը, որոնք խոսում են Նրա մասին և որոնք հենց Ինքն է ներշնչել: Եվ ճիգ ու ջանք է գործադրում, որպեսզի կյանքը, որով այդ խոսքերը ներծծված են, շուրթերից անցնի սրտին, իսկ սրտից՝ գործերին:
Սուրբ Հոգու՝ սաղմոսների աստվածային Ներշնչողի շնորհիվ, Եկեղեցու աղոթքը հասնում և փարվում է բոլոր մարդկանց: Մեզ և բոլորիս մաղթենք, որ սաղմոսներն իսկապես, Աստծո օգնությամբ, մեզ առաջնորդեն յուրացնելու և մերը դարձնելու մեր եղբայրների ու քույրերի ուրախություններն ու հույսերը, տրտմություններն ու տագնապները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։