Սաղմոսները և ծիսական պաշտամունքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոսները և ծիսական պաշտամունքը

Սաղմոսարանը հինկտակարանյան ժողովրդի կրոնական տաղերի հավաքածուն է: Գիտենք, որ երգիչներն ու երգահանները մաս էին կազմում Տաճարի անձնակազմին և, թեև հստակ կերպով հիշատակվում են աքսորից վերադարձից հետո միայն, անկասկածելի է, որ գոյություն են ունեցել սկզբից ևեթ: Յահվեի տոները տոնակատարվում էին երգերով ու պարերով (Դտ 21, 19-21; 2Սմ 6, 5.16): Ամս 5, 23 հատվածի համաձայն, զոհաբերություններն ընկերակցվում էին երգեցողությամբ, իսկ քանի որ թագավորական պալատը Դավթի (2Սմ 19, 36) և Եզեկիայի օրոք, Սենեքերիմի տարեգրքերի համաձայն, ուներ իր երգչախումբը, Սողոմոնի Տաճարը նույնպես պետք է որ ունենար իրենը, ինչպես արևելյան բոլոր մեծ սրբավայրերը: Հիրավի, սաղմոսներից շատերը վերագրվում են Ասափին, Կորխի որդիներին, Եմանին և Եթանին, որոնք բոլորն էլ, Մնացորդաց գրքերի համաձայն, նախաաքսորյան Տաճարի երգիչներից էին: Ավանդությունը, որը Դավթին է վերագրում բազմաթիվ սաղմոսների շարադրումը, նրան է վերագրում նաև ծիսական պաշտամունքի կազմակերպումը, ներառյալ երգչախմբի ձևավորումը (1Մն 25), այս հարցում համաձայնվելով հին գրությունների հետ, որոնցում Դավթի մասին պատմվում է, որ երգում ու պարում էր Յահվեի առաջ (2Սմ 6, 5.16):
Բազմաթիվ սաղմոսներ պարունակում են երաժշտական կամ ծիսական ցուցմունքներ: Սաղմոսներից ոմանք կապակցվում են ծիսական որոշ արարողությունների, որոնց ընթացքին կարծես ընկերակցում են իրենց բովանդակությամբ (20, 26, 27, 66, 81, 107, 116, 134, 135): Այս սաղմոսները և ուրիշներ (48, 65, 95, 96, 118) ակնհայտ է, որ արտասանվում էին Տաճարի տարածքում: «Աստիճանների երգ» կոչվող սաղմոսները (120-134, նաև 84) դեպի Տաճարն ուղղված ուխտագնացության տաղեր էին: Ամենահստակների միջից ընտրված այս օրինակները բավական են ցույց տալու համար, որ բազմաթիվ սաղմոսներ, մինչև իսկ անհատական սաղմոսները, շարադրվել են Տաճարի ծառայության համար: Ուրիշ սաղմոսներ, որոնք որպես իրենց առաջնահերթ նպատակ չունեին այս սահմանումը, առնվազն հարմարեցվել են ծիսական պաշտամունքին, օրինակի համար՝ օրհնությունների հավելումով (125, 128, 129):
Սաղմոսների առնչությունը պաշտամունքին և Սաղմոսարանի ծիսական նկարագիրն անժխտելի են: Բայց մեզ ընդհանուր առմամբ պակասում են այն տեղեկությունները, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ ճշտել ստույգ արարողություններն ու տոները, որոնց ընթացքում այս կամ այն սաղմոսը գործածվում էր, երգվում կամ որպես աղոթք արտասանվում: 92րդ սաղմոսի եբրայեցերեն տիտղոսն այն սահմանում է շաբաթ օրվա համար: 24րդ, 48րդ, 93րդ և 94րդ սաղմոսների հունարեն տիտղոսները, մինչդեռ, դրանք սահմանում են շաբաթվա ուրիշ օրերի համար: 30րդ սաղմոսը գործածվում էր Տաճարի նավակատիքի տոնի ժամանակ, եբրայեցերեն տիտղոսի համաձայն, իսկ 29րդ սաղմոսը երգվում էր Տաղավարահարաց տոնի ժամանակ, հունարեն տիտղոսի համաձայն: Այս ցուցմունքները թերևս նախնական չեն, այսինքն՝ հետագա հավելումներ են, բայց այնուամենայնիվ վկայում են, որ Սաղմոսարանը Տաճարում և ժողովարաններում գործածվող երգերի գիրքն էր, նախքան այդպիսին կդառնար քրիստոնեական Եկեղեցում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։