Սաղմոսների բառապաշարը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոսների բառապաշարը

Սաղմոսարանում արտացոլվում է հինկտակարանյան ժողովրդի աղոթքը, այսինքն այն պատասխանը, որն այդ անձինք տվել են իրենց Աստծուն: Սաղմոսներում ճշգրիտ ու անկեղծ կերպով հայելանում է փորձառությունը, որն հինկտակարանյան ժողովուրդն ապրել է իր պատմության ընթացքում:
Ընթերցողին օգնելու համար՝ գործածելու սաղմոսներն իր աղոթքներում, մի պահ կանգ ենք առնում նրանցում պարունակված հիմնական նյութերի ու առանցքային բառերի վրա: Սաղմոսներում ներկա են մի շարք տարրեր, որոնք մատնացույց են անում ճանապարհը, որն առաջնորդում է դեպի Քրիստոսը: Սուրբ Հոգին կօգնի մեզ զանազանելու դրանք, եթե մեր կողմից ներդնենք ուշադրության ջանքն ու ճիգը, որն անհրաժեշտ է:
 
ա) Ուխտը:
 
Աստծո և Իր ժողովրդի միջև Ուխտի կամ Դաշինքի կնքումն ամենակարևոր իրադարձությունն է փրկության պատմության ընթացքում: Դա իրադարձություն է, դեպք, իրականություն, ո՛չ թե սոսկ գաղափար: Տեղի է ունեցել Աստծո նախաձեռնությամբ, ո՛չ թե մարդկանց: Սաղմոսները բազմաթիվ անգամներ հիշատակում են այդ եզակի իրադարձությունը, խոսքերով ու արտահայտություններով, որոնք հարկավոր է ճանաչել:
Ուխտը դա սիրո հարաբերություն է Աստծո և մարդկանց միջև: Մի սեր, որ ձրիաշնորհ է ու ողորմած, հավատարիմ ու իրական, գորովալի ու ամրապինդ. մի սեր, որ պարգևում է շնորհն ու ներումը, որ արտահայտվում է որպես ինքնանվիրում, որ հրավեր է ուղղում պատասխանելու, որ ընտրում է մի ժողովուրդ: Ամեն անգամ, որ սաղմոսներում հանդիպում ենք սեր, ողորմություն, հավատարմություն, ճշմարտություն, քնքշանք ու քաղցրություն, ներում, շնորհ, իմ ժողովուրդ և նմանատիպ խոսքերի ու արտահայտությունների, պետք է ընկալենք դրանք որպես ակնհայտ նշան, որ սաղմոսերգուն նպատակ ունի հիշեցնելու մեզ Ուխտը, անձնական հարաբերությունը Աստծո և Իր ժողովրդի միջև:
Բոլոր այս խոսքերն արտահայտում են մարդու նկատմամբ Աստծո կողմից տածված սիրո անսպառելի հարստությունը:
Հավատացյալ, հավատարիմ կամ բարեպաշտ մարդը նա է, ով ազատակամ ընդունում է ապրել սիրո այս հարաբերությունը: Առողջ լինի, թե հիվանդ, հալածված լինի, թե զրպարտություններով մեղադրված, այդ մարդը հարգում է Ուխտը, ամբողջ սրտով պահպանում է Օրենքը և վայելում է Աստծո մտերմությունը: Նրան էլ կարող է պատահել, որ ընկնի մեղքի մեջ, բայց իսկույն ներում է հայցում և իր թերությունները խոստովանում է վստահությամբ լի սրտով: Աստծո ծարավն ունի և թողնում է, որ Աստված առաջնորդի իրեն: Մի խոսքով, հավատում է:
Հինկտակարանյան ժողովրդի պատմության ընթացքում այդ հավատարիմները, որոնք կոչվում էին «Յահվեի աղքատները», կազմում են հավատարիմ «փոքրիկ մնացորդը», որի ամենագեղեցիկ ծաղիկն է Մարիամը, Նազարեթի Սուրբ Կույսը:
 
բ) Օրենքը:
 
Ուխտի կնքման իրադարձությունից անբաժանելի լինելով, Օրենքը Աստծո պարգևն է Իր ժողովրդին: Այն ներկայանում է ավելի որպես ուսուցում, քան մի շարք պատվիրանների ու հրամանների պարտադրում (եբրայեցերեն «թորահ» բառն, իրոք, նշանակում է ուսուցում, ավելի, քան պատվիրան կամ հրաման): Օրենքն ուսուցանում է ճանապարհը, որ տանում է Աստծո մոտ: Բերկրանքի ու կյանքի աղբյուր լինելով, առաջնորդում է դեպի սերը:
Երբ սաղմոսներում կհանդիպենք եզրերի, որոնցով ակնարկվում է Օրենքին (պատվիրաններ, վճիռներ, հրամաններ, կամք, խոսք, խոստում, և այլն), պետք է մեզ հրավիրված զգանք՝ յուրացնելու և մերը դարձնելու այն ուրախությունը, որի փորձառությունն ունեցել է սաղմոսերգուն, երբ հավատարիմ է եղել Տիրոջը, կամ էլ վիշտը, որը նա զգացել է, երբ մտորել է սեփական անհավատարմության շուրջ:
 
գ) Երուսաղեմի Տաճարը:
 
Հինկտակարանյան ժողովրդի համար Երուսաղեմի Տաճարն այն վայրն էր, ուր Աստված «ներկա էր» և բացահայտում էր Իր փառքը: Իսրայելացիների համար դա միակ վայրն էր, ուր կարելի էր պաշտել Աստծուն և զոհեր մատուցել Բարձրյալին: Երբ գտնվում էր Տաճարում, ուխտավորն իրեն հյուր էր զգում Աստծո տանը և այդ զգացողությունը բերկրանքով էր լցնում նրա սիրտն ու հոգին: Այդ վայրում Տերը նրան էր հաղորդում Իր գաղտնածածուկ խորհուրդները, նրան ապաստան էր ընծայում Իր թևերի հովանու ներքո (այս խոսքերով ակնարկվում էին Ուխտի Տապանակի վրա քանդակված քերովբեները), նրան մասնակից էր դարձնում Իր իսկ կյանքին:
Հավատարիմ իսրայելացին Տաճարում դավանում էր միակ և սուրբ Աստծո հանդեպ իր հավատքը և բացահայտում էր եղբայրական հաղորդակցության բերկրանքը: Սաղմոսներում ունկնդրելով հինավուրց ուխտավորների ձայնը, կարող ենք մեզնում վերարծարծել Աստծո մտերիմները լինելու և որպես եղբայրներ ապրելու ուրախությունը:
 
դ) Մի քաղաք, մի թագավոր, թագավորական մի ազգատոհմ:
 
Ինչպես որ ընտրեց մի ժողովուրդ, որի հետ դաշինք կնքեց, նմանապես Աստված ընտրեց մի քաղաք (Սիոնը), մի թագավոր (Դավիթը) և նրա թագավորական սերունդը:
Սաղմոսները միշտ դրվատանքի խոսքեր են գործածում թագավորի անձի և նրա թագավորության մասին. թագավորն արդար է, բարի և կարեկցող. ժողովրդին ազատում է նրա թշնամիներից: Այս սաղմոսները նկարագրում են օծման ու թագադրման արարողությունը, հավատացյալներին հիշեցնում են Աստծո կողմից Դավթին և նրա սերնդին տրված խոստումները, պարունակում են ուրախության աղաղակներ ու բացականչություններ, գովասանքներ, ծափողջույններ և հրավերներ՝ շեփորներ հնչեցնելու ի պատիվ թագավորի: Արտահայտում են մաղթանքներ, որ թագավորը հաղթական կերպով մղի Աստծո պատերազմները: Նրանցից ոմանք եզրափակվում են Ուխտի վերանորոգմամբ և Աստծուն ուղղված աղոթքներով:
Ինչպե՞ս կարող ենք կրկին չվերապրել խանդավառությունն ու եռանդը, որոնք սաստիկ մղմամբ ժայթքում են այդ տաղերից, երբ գիտենք, որ դրանք սոսկ մարգարեական պատկերներն էին գալիք հավիտենական Թագավորի, Աստծո Միածին Որդու, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի:
 
ե) Մեսիայի հանդեպ հույսը:
 
Հինկտակարանյան ժողովուրդը դա մի ժողովուրդ էր, որ սպասում էր մեծ վստահությամբ: Նրա սպասումը, սակայն, սոսկ կրավորական չէր, այլ՝ միշտ ավելի վառ ու կենդանի: Եվ մի սպասում էր, որ ներկայացնում է բազմապիսի դիմագծեր ու տեսանկյուններ, քանի որ նրանում միմյանց են խառնվում հասարակական, քաղաքական և հատկապես կրոնական տարբեր տարրեր:
Իր թագավորական ընտանիքն անհետացել էր, բայց Իսրայելը տակավին սպասում էր Մեսիային, որ ծնվելու էր Դավթի սերնդից և լինելու էր Դավթին տրված աստվածային խոստումների ու օրհնությունների ժառանգորդը: Մեսիան ժողովրդին ազատելու էր մեղքից և օտարերկրացիների լծից: Նա Միջնորդն էր լինելու Նոր Ուխտի:
Հինկտակարանյան ժողովուրդը սպասում էր գալուստը նոր ժամանակների, «մեսիանական ժամանակների». դա լինելու էր խաղաղության ու արդարության մի դարաշրջան:
Հինկտակարանյան ժողովուրդն, ի վերջո, սպասում էր Յահվեի օրվան և Նրա Արքայության գալստյանը, ուր լիովին կատարվելու էին բոլոր խոստումները: Այդ օրը հասնելու է ժամանակների վախճանին:
Մենք նույնպես սպասում ենք լիակատար հայտնությանը Արքայության, որն Հիսուս Քրիստոսն արդեն իսկ հաստատել է Իր առաջին գալստյամբ աշխարհ:
 
զ) Հինկտակարանյան տոները:
 
Խոսքը վերաբերվում է տարեկան տոնակատարություններին ի պատիվ Աստծո, որ փրկում և վերամիավորում է Իր ժողովրդին: Ամենահինը դա Տաղավարահարաց տոնն էր, իսկ հետագայում հաստատվեցին նաև Զատիկն ու Պենտեկոստեն: Իր բոլոր տոների ընթացքում, հինկտակարանյան ժողովուրդն իր երախտագիտությունն էր հայտնում Աստծուն Նրանից ստացած պարգևների համար: Անպայման հիշատակում էր իր ազատագրման պատմությունը (Եգիպտոսից ելքը, անապատով անցնելը, Օրենքի հանձնումը): Դավանում էր իր հավատքը և վերարծարծում էր իր գիտակցությունը, որ ինքը Աստծո ժողովուրդն էր, որի մեջ պետք է իրականանային աստվածային խոստումները: Հինկտակարանյան ժողովուրդն իր անցյալի և իր հավատքի ամբողջ հարստությունը վերապրում էր ծիսական արարողության, պաշտամունքի ընթացքում: Տոներից յուրաքանչյուրի ընթացքում մտաբերում էր և վառ էր պահում իր նախնիների կողմից ապրված հրաշալի դեպքերի հիշատակը, և ուրախությամբ հռչակում էր, որ նույն ողորմածն Աստված շարունակում է գործել իրենց կյանքում (ներում է, ազատում է թշնամիներից, հիվանդություններից, մահից). ի վերջո, վերարծարծում էր ապագայի հանդեպ հույսը:
Այսինքն, տոնը հավատացյալին առիթ է ընծայում ուրախությամբ վերապրելու – ծիսական արարողության կատարմամբ իսկ – իր փառահեղ անցյալը, ապրելու ներկան և հույսով ընդառաջ գնալու ապագային: Միևնույն բանն է տեղի ունենում, երբ Եկեղեցին ծիսակատարում է մեր փրկության խորհուրդները:
 
է) Աստծո հաղթական մարտնչումները:
 
Սրբազան պատմությունն ունի իր հանգրվաններն ու իր դերակատարները: Հինկտակարանյան մտածողության մեջ սրբազան այդ պատմությունը պատկերացվում է որպես մի պայքար, որը շարունակվելու է մինչև վճռական ու վերջնական հաղթանակը:
Արարիչ Աստվածը նկարագրվում է – բազմաթիվ հին ժողովուրդների ավանդությունների համաձայն – որպես Նա, ով կարգուկանոն է հաստատում քաոսի, սկզբնական խառնաշփոթության մեջ: Աստվածաշունչը չի նկարագրում այդ պայքարն ու մարտնչումները: Միայն ասում է, որ այն տեղի է ունեցել և մատնանշում է դրա արդյունքը. Յահվեի հաղթանակը: Նախևառաջ ծովի դեմ, որի ծոցում բացվում են անդունդները, մահվան խորքերը: Ապա ծովային հրեշների դեմ (Ռահաբի, Լևիաթանի, վիշապի), և ի վերջո՝ նաև դժոխքի դեմ, որը խավարի ու մահվան թագավորությունն է:
Աստծո մարտնչումները շարունակվում են պատմության ընթացքում, ուղղվելով օտարերկրացի ազգերի ու ժողովուրդների դեմ, այսինքն՝ հեթանոսների դեմ և այն գաղտնածածուկ ուժերի դեմ, որոնք կանգնած են հեթանոսների ետևում (դևերը): Աստված, ի վերջո, մարտնչում է ամբարիշտի դեմ (չարի իշխանի) և նրա բոլոր հետևորդների դեմ:
Սաղմոսներում հանդիպում ենք չարագործների դեմ արտասանված բազմաթիվ նզովքների ու անեծքների, որովհետև նրանք ճնշում ու հարստահարում են աղքատներին: Հանդիպում ենք նաև աղքատների աղոթքների ու աղաչանքների, որոնք հայցում են ազատագրում հալածանքներից: Մարդիկ ամբարիշտ կամ արդար են այն չափով, որքանով մերժում կամ ընդունում են Աստծո խոսքը: Ամբարիշտը չի ընդունում Տիրոջը, փորձում է ծաղրել Նրան և նրանց, ովքեր մեծարում են Նրան: Ամբարիշտը սիրում է կեղծիքը, աշխատում է խաբել ուրիշներին և անարգում է Աստծո փառքը: Ամբարիշտը Տիրոջ հյուրը չէ և իր հայացքն ուղղում է կուռքերին, որոնք սակայն չեն կարող փրկել:
Վերջնական հաղթանակը տեղի է ունենալու Յահվեի օրը, վճռական ու անհետսկոչելի եղանակով:
Այդ պայքարն արձագանքներ է գտնում սաղմոսներում: Աստծո հաղթանակը բխեցնում է գովաբանության շարականներ և աստվածային փառքին ուղղված ծափողջույններ: Սաղմոսներում մեծապես հաճախակի են Տիրոջ կողմից գործված սքանչելիքներն ու հրաշքները երգելու, օրհնելու, փառաբանելու, մեծարելու, ավետարանելու և հռչակելու կոչերն ու հրավերները: Արարչագործությունն ու փրկագործությունը այս փառաբանության հիմնական շարժառիթներն են: Եվ ամբողջ Սաղմոսարանում վառ կենդանությամբ թրթռում է վերջնական հաղթանակի հույսը: Ահա այսպես էր աղոթում Հին Ուխտի ժողովուրդը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։