ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄԻՆ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԶՈՐ ՕԳՆԱԿԱՆԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄԻՆ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԶՈՐ ՕԳՆԱԿԱՆԻՆ

Ո՜վ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին ՝ հզոր Օգնական Քրիստոնյաների, մենք կրկին, ամբողջովին, անկեղծ սրտով դիմում ու ապավինում ենք Քեզ։

Դու, որ Հզոր Կույսն ես ընդդեմ մարդկության բոլոր թշնամիների, մոտ մնա մեզնից յուրաքանչյուրին։ Եվ ինչպես վարվեցիր Կանայի հարսանիքի ժամանակ, Հիսուսին ուղղածդ խոսքերը նորից կրկնիր, այս անգամ մե՛ր համար. «Նրանց գինին վերջացել է», որպեսզի Հիսուսը մեր համար էլ վերանորոգի փրկության ու ազատագրման հրաշքը։ Ասա՜ Հիսուսին. «Վերջացել է նրանց գինին. ուրախարար գինին ողջության, խաղաղության, հույսի»։

Մեր մեջ բազում հիվանդներ կան, որոնցից ոմանք ծայրահեղ ծանր. մխիթարի՜ր նրանց, Մարիա՜մ, Օգնակա՜ն Քրիստոնյաների։
Մեր մեջ բազում միայնակ ու տխուր տարեցներ կան. սփոփի՜ր նրանց, Մարիա՜մ, Օգնակա՜ն Քրիստոնյաների։
Մեր մեջ բազում վհատված և ուժակորույս այրեր ու կանայք կան. նեցո՜ւկ եղիր նրանց, Մարիա՜մ, Օգնակա՜ն Քրիստոնյաների։

Դու, որ հոգատար խնամքով ես մոտենում յուրաքանչյուրին, օգնի՜ր մեզնից յուրաքանչյուրին ՝ հոգատար խնամքով մոտենալ մերձավորի կյանքին։
Օգնի՜ր մեր երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր իրենց ներկայությամբ լցնում են փողոցներն ու հրապարակները, բայց չեն կարողանում իմաստով ու սիրով լցնել իրենց սրտերը։
Օգնի՜ր մեր ընտանիքներին, հատկապես նրանց, որոնք դժվարություններ են կրում հավատարմությամբ, միությամբ, համերաշխությամբ ապրելու գործում։
Օգնի՜ր վանական կյանքի նվիրվածներին, որպեսզի թափանցիկ նշանը լինեն Աստծո անծայրածիր սիրո։
Օգնի՜ր քահանաներին, որպեսզի կարողանան բոլորին հաղորդել Աստծո ողորմության գեղեցկությունը։
Օգնի՜ր դաստիարակներին, ուսուցիչներին ու կրթության պատասխանատուներին, որպեսզի վավերական օգնություն լինեն նոր սերնդի աճին։
Օգնի՜ր իշխանություններին, որպեսզի կարողանան հետամուտ լինել միշտ և միայն մարդկային անձի լիակատար բարիքին։

Ո՜վ Մարիամ, Օգնակա՜ն Քրիստոնյաների, ե՛կ մեր տները, այնպես՝ ինչպես բնակվելու գնացիր Հովհաննեսի տանը, խաչված Հիսուսի խոսքի համաձայն։ Պաշտպանի՜ր կյանքն իր բոլոր ձևերի, տարիքների ու իրավիճակների մեջ։ Թիկո՜ւնք եղիր մեզնից յուրաքանչյուրին, որպեսզի դառնանք Ավետարանի խանդավառ ու հավատալի առաքյալները։ Եվ խաղաղության, հոգու անդորրի ու սիրո մեջ պահի՜ր յուրաքանչյուրին, ով դեպի քեզ է բարձրացնում իր հայացքն ու ապավինում է քեզ։

Հոր, Որդու և Սուրբ Հոգու հավիտենական փառքի համար։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։