Լատին Ծես, 14֊15րդ դարերի շարական. « ՀՈԳԻՍ ՑՆԾՈՒՄ Է ԱՍՏԾՈ՝ ԻՄ ՓՐԿՉԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

Լատին Ծես, 14֊15րդ դարերի շարական. « ՀՈԳԻՍ ՑՆԾՈՒՄ Է ԱՍՏԾՈ՝ ԻՄ ՓՐԿՉԻ ՄԵՋ »

[...] Ո՜վ Կույս, Տաճար Երրորդության, բարերար Աստվածը տեսավ քո խոնարհությունը. քո մոտ մի պատգամաբեր է ուղարկում՝ քեզ ասելու, որ կամենում է ծնվել քեզնից։ Հրեշտակը քեզ բերում է ողջույնը շնորհի, [...] բացատրում է քեզ, և դու համաձայնվում ես, և իսկույն Փառքի Թագավորը մարմնանում է քո մեջ։ Հանուն այդ ուրախության, խնդրում ենք քեզ, այնպես արա, որ Մեծն Թագավորը բարյացակամ լինի մեր հանդեպ։ [...]

Քո երկրորդ ուրախությունը. երբ լույս աշխարհ բերեցիր Արևին, դու՝ աստղդ, [...] այս երկունքը քո մեջ իբրև հետևանք չթողեց ո՛չ փոխակերպում, ո՛չ ցավ։ Ինչպես ծաղիկը չի կորցնում իր հմայքը՝ արձակելով իր բուրմունքը, կուսությունդ ոչինչ չկորցրեց, երբ Արարիչը բարեհաճեց քեզնից ծնվել։ Մարիա՜մ, մա՜յր բարության, մեր համար ուղիղ ճանապարհը եղիր, որ հասցնում է քո Որդուն։ [...]

Մի աստղ ավետում է քեզ երրորդ ուրախությունը. այն աստղը, որին տեսնում ես, որ կանգ է առնում քո Որդու վերևում, որպեսզի մոգերը երկրպագեն Նրան և Նրան ընծայեն երկրի տարբեր հարստությունները։ [...] Մարիա՜մ, ա՜ստղ աշխարհի, մաքրիր մեզ մեղքից։

Չորրորդ ուրախությունը քեզ տրվեց, երբ Քրիստոսը հարություն առավ մեռելներից. [...] հույսը վերածնվում է, մահը հաղթված է։ Ո՜վ լիդ շնորհներով, ինչպիսի՜ մասնակցություն ունես դու այս սքանչելիքների կատարման գործում (հմմտ. Ղկս 1, 28)։ Թշնամին պարտված է, [...] մարդն ազատագրված է և վերհամբառնում է մինչև երկինք։ Մա՜յր Արարչի, բարեհաճիր աղոթել անդադար. հանուն այս զատկական ուրախության, այս կյանքի հոգեչարչար տվայտանքներից հետո թող որ մենք կարողանանք ընդունվել երկնային դասերի մեջ։

Քո հինգերորդ ուրախությունը. երբ տեսար, թե ինչպես է քո Որդին երկինք բարձրանում, փառքը, որով Նա շրջապատված էր, առավել քան երբևէ հայտնում էր քեզ, թե Ո՛ւմ մայրն էիր. քո Արարչի իսկ։ Երկինք բարձրանալով, ցույց էր տալիս ճանապարհը, որով մարդը բարձրանում է դեպի երկնային օթևանները։ [...] Հանուն այս նոր ուրախության, Մարիա՜մ, օգնի՜ր մեզ դեպի երկինք բարձրանալ՝ քո և Որդուդ հետ հավիտենական երջանկության մեջ ցնծալու համար։ [...]

Աստվածային Մխիթարիչն է, որ հրեղեն լեզուների կերպարանքի ներքո, զորացնելով [...] ու բոցավառելով Առաքյալներին, քեզ է բերում տակավին վեցերորդ ուրախությունը. բժշկելու համար մարդուն, որը լեզվի պատճառով էր կորստյան մատնվել և մաքրագործելու համար նրա հոգին մեղքից։ Հանուն այս այցելության պատճառած ուրախության, աղոթի՜ր քո Որդուն, ո՜վ Կույս Մարիամ, որպեսզի ջնջի մեր միջից որևէ բիծ ու արատ, նախապատրաստվելու համար դատաստանի օրվան։

Քրիստոսը հրավիրեց քեզ յոթերորդ ուրախությանը, երբ այս աշխարհից կանչեց քեզ երկնային կեցությանը, երբ վեր բարձրացրեց քեզ գահի վրա, ուր ստանում ես անհամեմատելի պատիվներ։ Պսակված ես մի փառքով, որն առավել մեծ է, քան երկնքի ուրիշ որևէ բնակչի փառքը։ [...] Ո՜վ Կույս, մա՜յր բարության, մեզ զգալ տուր քո քնքշանքի արդյունքները։ [...] Հանուն քո ուրախության, մաքրագործի՜ր մեզ, տա՜ր հասցրո՜ւ մեզ հավիտենական երջանկությանը։ Տա՜ր մեզ քո հետ, հասցրո՜ւ մեզ դրախտի ուրախությանը։ Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։