Բյուզանդական Ծես. « ՈՂՋՈ՜ՒՅՆ, ՄԱՅՐ ՄՇՏԱԼՈՒՅՍ ԱՍՏՂԻ » – Գրադարան – Mashtoz.org

Բյուզանդական Ծես. « ՈՂՋՈ՜ՒՅՆ, ՄԱՅՐ ՄՇՏԱԼՈՒՅՍ ԱՍՏՂԻ »

Բյուզանդական Ծես, Աստվածածնի Շարական "Ակատիստոս" (7րդ դար), § 9-16.
 
 
[...] Հիացած տեսան Մոգերը
– նրանք, որ ընդունակ են կարդալու աստղերի նշանները, –
մարդու Արարչին մայրական գրկում.
հանձինս Նրա երկրպագեցին
ծառայի կերպարանք ստանձնած Տիրոջը (Փլպ 2, 7)։
 
Իրենց ընծաները մատուցելով, երգում են երանելի Մորը.
Ողջո՜ւյն, Մայր մշտալույս Աստղի,
Ողջո՜ւյն, Աստծո լույսի հայելացում,
Ողջո՜ւյն, դու, որ հանգցնում ես կեղծիքի հուրը,
Ողջո՜ւյն, մեծապայծառ շողարձակում, որ մեզ ցույց ես տալիս Երրորդությունը։
Ողջո՜ւյն, ատելի բռնակալին գահընկեց արեցիր,
Ողջո՜ւյն, դու Քրիստոսին՝ մարդասերին մեզ պարգևեցիր (Իմս 1, 6)։
Ողջո՜ւյն, դու ես, որ ազատագրում ես հեթանոսական կուռքերից,
Ողջո՜ւյն, դու ես, որ ազատում ես մեզ մեր իմաստազուրկ գործերից։
Ողջո՜ւյն, քո մեջ է մարում հեթանոսական պաշտամունքի կրակը,
Ողջո՜ւյն, քո մեջ ենք ազատվել կրքերի բոցից։
Ողջո՜ւյն, դու հավատացյալներին առաջնորդում ես դեպի Քրիստոսը՝ Աստծո Իմաստությունը (1Կր 1, 24),
Ողջո՜ւյն, դու, որ բերկրանքն ես բոլոր ժողովուրդների։
Ողջո՜ւյն, Կույս և Հարս։ [...]

Երբ Սիմեոնն արդեն մոտ էր թողնելու այս աշխարհը,
Դու, ո՜վ Տեր, նրա գիրկը տրվեցիր իբրև մանուկ։
Բայց նա Քո մեջ ճանաչեց աստվածության կատարելությունը,
և Քո՝ Հավիտենականիդ հանդեպ հիացմունքով լի,
բացականչեց. Ալլելուիա, Ալլելուիա, Ալլելուիա։ [...]
 
Առանց Աստված լինելուց դադարելու,
անբովանդակելի Բանը(*) մարմնացավ, մեր մարդկային վիճակն առավ.
Առանց վերին իրականությունները թողնելու,
եկավ ներքևում բնակվելու՝ իջնելով արգանդի մեջ Կույսի,
որին բոլորս մեծարում ենք՝ ասելով.
 
Ողջո՜ւյն, Աստծո՝ Անսահմանի տաճար,
Ողջո՜ւյն, հավիտյաններից թաքցված խորհրդի դուռ։
Ողջո՜ւյն, ամբարիշտների համար անհավատալի ավետիս,
Ողջո՜ւյն, հավատացյալների համար բարի լուր։
Ողջո՜ւյն, կառք Նրա, Ով նստում է Քերովբեների վրա (Սղմ 80, 2),
Ողջո՜ւյն, գահ Նրա, Ով գերիվեր է Սերովբեներից բոլոր (Ես 6, 2)։
Ողջո՜ւյն, դու, որ միության ես առաջնորդում հակառակ բևեռներին,
Ողջո՜ւյն, դու, որ Մայր ես և Կույս։
Ողջո՜ւյն, հանձինս քո՝ հանցանքը գտնում է ներում,
Ողջո՜ւյն, հանձինս քո՝ դրախտը բացվում է կրկին։
Ողջո՜ւյն, Քրիստոսի Արքայության բանալի և դուռ երկնքի,
Ողջո՜ւյն, հավիտենական գանձերի հույս։
Ողջո՜ւյն, Հարս և Կույս։

Բոլոր հրեշտակները երկնքում ապշած մնացին՝
Քո մարդեղության դիմաց, ո՜վ Տեր.
քանի որ Դու՝ Աստվածդ, որին մարդիկ երբեք չեն տեսել,
տեսանելի դարձրեցիր Քեզ մահկանացուների համար
և եկար բնակվելու նրանց մեջ (Հվհ 1, 18.14)։
Մենք բոլորս գոչում ենք դեպի Քեզ, ասելով.
Ալլելուիա, Ալլելուիա, Ալլելուիա։ [...]
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։