Սբ. Հովհաննես Քսաներեքերորդ Պապ (1881-1958-1963). « ԹՈՂ ՈՐ ՄԵՐ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԾ ԼԻՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Հովհաննես Քսաներեքերորդ Պապ (1881-1958-1963). « ԹՈՂ ՈՐ ՄԵՐ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԾ ԼԻՆԻ »

Ո՜վ Մխիթարիչ Սուրբ Հոգի,
մեր մեջ կատարելագործիր Հիսուսի սկսած գործը.
հզոր ու մշտատև դարձրու Աղոթքը,
որն ամբողջ աշխարհի անունից վերամբարձում ենք առ Քեզ:

Մեզնից յուրաքանչյուրի համար արագացրու
խորապես հոգևոր կյանքի ժամանակները.
եռանդ ու սլացք պարգևիր
մեր առաքելական նվիրմանը,
որպեսզի կարողանա հասնել
բոլոր մարդկանց և բոլոր ժողովուրդներին,
որովհետև բոլորն էլ փրկվել են Քրիստոսի Արյամբ
և բոլորն էլ հանդիսանում են Քրիստոսի ժառանգությունը:

Սանձիր մեր մեջ մոլի հավակնությունները,
և վերամբարձիր մեզ դեպի տիրույթները Սուրբ Խոնարհության,
Աստծո Ճշմարիտ Երկյուղի,
վեհանձն քաջության:

Թող որ երկրային ոչ մի կապ չխոչընդոտի մեզ,
որպեսզի պատվով հետևենք մեր կոչմանը.
ո՛չ մի շահ,
մեր անհոգ ու ծույլ վախկոտության պատճառով,
թող որ չխզի արդարության պահանջները.
թող ոչ մի հաշվարկ չնվազեցնի սիրո վիթխարի տարածքները
և դրանք չփակի ճղճիմ էգոիզմների նեղ ու անձուկ բանտում:

Թող որ մեր մեջ ամեն ինչ մեծ լինի.
Ճշմարտության որոնումն ու մեծարումը,
ինքնանվիրման պատրաստակամությունը,
մինչ ի Խաչ և մինչ ի մահ:

Եվ թող որ ամեն բան, ի վերջո,
համապատասխանի այն աղոթքներին,
որոնք Որդին ուղղեց Երկնավոր Հորը.
և Քո այն հեղմանը,
ո՜վ Սիրո Սուրբ Հոգի,
որ Հայրը և Որդին կամեցան Եկեղեցու վրա,
մարդկության հիմնարկների վրա,
անհատ հոգիների ու ժողովուրդների վրա:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։