« ՇԱՐՈՒՆԱԿԻ՜Ր ՔՈ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՄԵՐ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՇԱՐՈՒՆԱԿԻ՜Ր ՔՈ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԸ ՄԵՐ ՄԵՋ »

Ո՜վ Սուրբ Հոգի, Հայրը պարգևում է Քեզ նրանց, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և ենթարկվում են Նրան: Խնդրում ենք, Քեզնով լցրու մեր կյանքը:
Դու, որ բնակվում ես մեր մեջ, տուր մեզ աչքեր՝ տեսնելու, ականջներ՝ լսելու, սիրտ՝ դարձի գալու, շուրթեր՝ Աստծուն փառաբանելու և Իր սքանչելիքներն աշխարհին ավետարանելու համար:
Դու հարուցյալ Հիսուսի կողմից խոստացված Պարգևն ես՝ Իր վկաները լինելու համար: Քեզ էին սպասում Մարիամը, Առաքյալները և Հիսուսի բոլոր հետևորդները Վերնատանը:
Դու գալիս ես լցնելու մեր սրտերը Քո ներկայությամբ:
Դու փոխակերպում ես կասկածներն ու վախերը, ճոխացնելով մեզ բերկրալի հույսով:
Դու կարողություն ես տալիս մեզ արտահայտվելու և հասկացվելու:
Դու իրականացնում ես ճշմարիտ հաղորդությունն ու հաղորդակցությունը:
Դու պարգևում ես մահացած և հարություն առած Հիսուս Քրիստոսին քարոզելու քաջությունը:
Դու կապանքներից արձակում ես մեր լեզուն, որպեսզի կարողանանք հռչակել Աստծո սքանչելագործությունները:
Դու բնակվում ես մեր մեջ և վկայում ես, որ Հոր սիրեցյալ զավակներն ենք:
Դու մղում ես հավատացյալներին՝ ընթանալու առաքելության ճանապարհներով:
Դու հեղում ես Քո իմաստությունը և մեզ ուսուցանում ես ծառայել ավետարանական ոգիով:
Դու աճ ես տալիս Եկեղեցուն և ընդարձակում ես նրա սահմանները: Դու Եկեղեցուն ընթանալ ես տալիս Տիրոջ երկյուղի մեջ: Դու մխիթարում ես Եկեղեցուն, պարգևելով Նրան հոգու խաղաղությունը:
Քո ներկայությունը լուսավորում է և մենք տեսնում ենք Հարուցյալին:
Դու քրիստոնյաներին խրախուսում ես միշտ նոր ճանապարհներ բացելու Ավետարանի համար:
Դու առանց երկյուղի կտրել-անցնել ես տալիս աշխարհի ճանապարհները: Դու առաջնորդում ես մեր ընթացքի յուրաքանչյուր քայլը:
Դու պարգևում ես խելամտությունը՝ ճշմարտությունը ճանաչելու և սխալը զանազանելու համար:
Դու բերկրանքով լիացնում ես նրանց, ովքեր Ավետարանը քարոզում են անկեղծությամբ:
Դու առաջնորդում ես Եկեղեցուն կատարելու իմաստուն ընտրություններ, որոնք ներշնչված կլինեն սիրուց: Դու հարուցում ես մարգարեներ և նրանց պարգևում ես Եկեղեցուն: Դու ճանապարհներ ես բացում Ավետարանի համար և այդ ճանապարհներով առաջնորդում ես առաքյալներին:
Դու օգնում ես քաջությամբ ապրելու հոգնություններն ու նեղությունները հանուն Քրիստոսի: Դու հեղինակություններ ես կարգում Եկեղեցում, եղբայրներին դեպի Քրիստոսը առաջնորդելու համար:
Դու մարդկային տկար բարբառը փոխակերպում ես Արքայության հավատարիմ ու համարձակ ավետման:
Աղաչո՜ւմ ենք Քեզ, Սուրբ Հոգի, շարունակի՜ր Քո աստվածային գործը մեր մեջ:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։