Սբ. Ռոբերտ Բելլարմինո (1542-1621). « ՈՐՊԵՍԶԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՆԳՉԻ » – Գրադարան – Mashtoz.org

Սբ. Ռոբերտ Բելլարմինո (1542-1621). « ՈՐՊԵՍԶԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՆԳՉԻ »

Ո՜վ Սուրբ Հոգի, երբ Քո աստվածային հուրը, հեղվելով ի վերուստ, սկսում է բոցակիզել մարդու սիրտը, կրքերի մոլի սաստկությունն իսկույն զսպվում է և ուղիղ ճանապարհի բերվում. դժվարությունները, որոնք սկզբում ծանր էին ու անտանելի, թեթևանում են. և որքան ավելի է աճում այդ կրակի ուժգնությունը, այնքան ավելի է մարդկային սիրտը թեթևանում, այն աստիճան, որ սկսում է ճախրել աղավնու նման:

Ո՜վ Հուր երանելի, որ չես այրում, այլ՝ լուսավորում, իսկ եթե այրում էլ ես, այրում ես վատ հակումները, որպեսզի կյանքը չհանգչի: Երանի՜ թե պատվեի Քո բոցերով: Ցանկանում եմ այրվել Քո սուրբ կրակով, որը կմաքրագործի ինձ, ճշմարիտ իմաստության լույսով կհեռացնի հոգուցս տգիտության խավարը և մթությունը մոլորված խղճի: Թող որ Քո սուրբ կրակը բոցավառ սիրո փոխակերպի ծուլության, էգոիզմի ու անհոգության ցուրտը: Թող որ թույլ չտա իմ սրտին կարծրանալ, այլ՝ իր ջերմությամբ թող այն միշտ ճկուն, հնազանդ ու բարեպաշտ դարձնի: Թող որ ազատի ինձ երկրային չափազանցված մտահոգությունների ու անկարգ ցանկությունների ծանր լծից, և հոգին սնուցող ու սերը բորբոքող սուրբ հայեցողության թևերի վրա վերամբարձի սիրտս այնքա՜ն վեր, որ կարողանամ մարգարեի հետ կրկնել. «Ուրախացրո՜ւ հոգին Քո ծառայի, ո՜վ Տեր, դեպի Քեզ եմ վերամբարձում իմ հոգին»:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։