ԳՈՎՔ ՍԲ. ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀՈՐԸ – Գրադարան – Mashtoz.org

ԳՈՎՔ ՍԲ. ՀՈՎՍԵՓ ԱՍՏՎԱԾԱՀՈՐԸ

Եթե Սրբերի փառքը Երկնքում համաչափ է իրենց արժանիքներին
և շնորհներին, որ նրանք ստացել են երկրի վրա,
եթե Հիսուս Քրիստոսը՝ մեր Տերը, հավիտենական վարձատրություն է խոստանում նրան,
ով Իր Անունով ընդամենը մի բաժակ զով ջուր է տալիս աղքատ անցորդին.
ուրեմն փառքի ի՜նչ աստիճանի ես բարձրացվել Աստծո մոտ դու, ո՜վ Երանելի Հովսեփ,
որ անթիվ անհամար շնորհներով հարստացվեցիր
և կատարելությամբ, անըմբռնելի՝ մարդկային մտքին։
 
Ինչպիսի՜ վարձատրություններ, ուստի, պետք է որ ստացած լինես դու,
Աստծո ամենառատ Աջից,
դու, որ այդքա՜ն հոգատարությամբ խնամեցիր Հիսուս Քրիստոսին,
ո՛չ ինչպես մենք՝ հանձինս աղքատների ու կարիքավորների,
այլ՝ Անձամբ Իրեն՝ Աստվածային Փրկչին,
և Նրա Անարատ Մորը՝ Մարիամին։
 
Ինչպիսի՜ն պետք է որ լինի քո զորության մեծությունը Երկնքում,
այն բանից հետո, որ որպես հայր հրամայեցիր և ուղղորդեցիր
Աստծո մարդացած Միածին Որդուն երկրի վրա,
և երեսուն տարի շարունակ ականատեսը եղար Նրա խոնարհության,
որով Ավետարանը վկայում է, որ անվերապահ հնազանդվում էր քեզ։
 
Այո՛, ո՜վ իմ փառահեղ Պաշտպան, Պաշտպան Ընդհանրական Եկեղեցու,
ես դա դավանում եմ Երկնքի ու Երկրի դիմաց.
Դու բարձրագույն դիրք ես զբաղեցնում Հիսուսի ու Մարիամի կողքին,
Դու բարձրագույն դիրք ես զբաղեցնում Աստծո Արքայությունում,
Դու, որ արժանապես կոչվում ես դևերի Սարսափ։
 
Դրախտն ամբողջ մեծարում է քո փառքը
և գովաբանում է օգոստափառ առաքինությունները քո,
որոնք բարձրացնում են քեզ գերիվեր, քան հրեշտակային դասերը։
Թո՜ւյլ տուր, ո՜վ մաքրամաքուր հայրագիր իմ Մարդացյալ Փրկչի,
թո՜ւյլ տուր, որ արցունքների այս հովտից, որ ճանաչում ես շա՜տ լավ,
բարձրացնենք մեր հայացքը դեպի վեհագույն գահդ, որին բազմում ես այժմ,
և մեր ձայները միացնենք երանելի հոգիների համերգին՝
պանծացնելու համար քո մեծությունները,
պատվելու համար քո առաքինությունները,
և հայցելու համար քո հզոր պաշտպանությունը։
 
Իսկ դու, անսասա՜ն դարձրու մեր սրտերում
Հավատքը, Հույսը և Սերը,
որպեսզի քեզ այս կյանքում սիրած
և առաքինություններիդ հավատարմորեն նմանված լինելուց հետո,
կարողանանք շարունակել հավիտյանս հավիտենից
օրհնել ու գովաբանել քեզ Երկնքում,
Հիսուսի ու Մարիամի հետ միասին անբաժան,
ի փառս և ի պատիվ Ամենասուրբ Երրորդության,
որին փա՜ռք և երկրպագությո՜ւն Իր բոլոր բարիքների համար։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։