ԱՂՈԹՔ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻՆ

Ո՜վ երկնային Զորքերի մեծդ Իշխան, փառապանծ Հրեշտակապետդ Սուրբ Միքայել, մենք՝ քո բարեպաշտներս, քո առաջ խոնարհաբար ծունկի իջած, ողջունում ենք քեզ և սրտազեղ սիրով խնդրում ենք քո հզոր պաշտպանությունը և քո ազդու միջամտությունը Ամենասուրբ Երրորդության գահի առաջ:

Փառքի այդ գահից, բարերար ցողի նման, մեր սրտերի վրա իջեցրու Աստվածային Շնորհը, որի օգնությամբ մենք կապրենք քրիստոնեավայել աստվածասեր վարքով, ստապատիր ուսուցումների դեմ կհաղթանակի Սուրբ Եկեղեցին, խաղաղություն կհաստատվի քրիստոնյա իշխանավորների միջև, կսիրվի աշխատանքը, կփարթամանան մեր դաշտերն ու այգիները, կխաղաղվեն փոթորկումները, մանուկների ուրախ ծիծաղով կլցվի մեր Հայրենիքը, երբ քո օրինակին հետևելով՝ մենք բոլորս կծառայենք Կյանքին, հեռու վանելով մահվան մշակույթն իր բոլոր դրսևորումներով:

Ո՜վ բարեգութ Հրեշտակապետ, Պաշտպան Ընդհանրական Եկեղեցու և մեր իսկ անձնական եզակի Պաշտպան, բարեխոսիր մեր համար և օգնության հասիր մեզ՝ մեր կարիքների մեջ: Ազատիր մեզ սատանայի ծուղակներից այժմ և մեր կյանքի վերջին պահին, որից հետո քո հզոր պաշտպանության շնորհիվ հուսով ենք անձամբ քո ընկերակցությամբ ցնծագին առաջնորդվել դեպի Երկնային Արքայությունը:

Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։