ԴԻՎԱՀԱԼԱԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ԱՊՍՏԱՄԲ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ – Գրադարան – Mashtoz.org

ԴԻՎԱՀԱԼԱԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԱՏԱՆԱՅԻ ԵՎ ԱՊՍՏԱՄԲ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ

Այս աղոթքը կարող է մարմնի և հոգու մեծ չարիքներից ազատել աղոթողի անձը, ընտանիքը, հասարակությունը: Կարող է կատարվել նաև ամեն օր. պարտադիր չէ քահանայի ներկայությունը, այն կարող են կատարել բոլորը. տղամարդիկ, կանայք, երեխաները: Կարող է կատարվել եկեղեցում, տանը, պարտեզում, փողոցում: Աղոթքը կարող է կատարվել առանձնաբար կամ խմբով:
Խորհուրդ է տրվում կատարել այս աղոթքը ընտանեկան վեճերի, քաղաքային խռովությունների դեպքում. – մասոնների, Աստծո և հավատքի դեմ գործողների, անզեղջ մեղավորների տներում, նրանց դարձի համար. – գործերի հաջող ընթացքի համար, Աստծո իմաստուն առաջնորդության համաձայն. – սեփական կյանքի վիճակի ընտրության հարցում կողմնորոշվելու համար. – սեփական ընտանիքում կամ ծխում Հավատքի պահպանման համար. – սեփական անձի և սիրելի անձանց սրբագործման համար:
Ամբողջ աղոթքը հարկավոր է կատարել հոտնկայս: Խաչով նշված տեղերում հարկավոր է խաչակնքվել, առանց խոսքեր արտաբերելու, հանդարտ, հանդիսավոր մեծարանքով:
 
 
Ներածական աղերս Սուրբ Միքայել Հրեշտակապետին
 
† Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն:
Ո՜վ երկնային Զորքերի փառապանծ Իշխան, Հրեշտակապետդ Սուրբ Միքայել, պաշտպանիր մեզ խավարի բոլոր զորությունների և նրանց հոգևոր չարության դեմ մղվող պատերազմում: Հասիր մեզ օգնության, մեզ՝ որ ստեղծվել ենք Աստծո կողմից և մեծ փրկագնով ազատվել ենք սատանայի բռնությունից:
Եկեղեցին քեզ մեծարում է որպես իր Պաշտպանն ու Պահապանը, և Տերը քեզ է վստահել հոգիները բոլոր նրանց, ովքեր մի օր զբաղեցնելու են երկնային գահերը: Հայցիր, ուստի, Խաղաղության Աստծուց, որ սատանային ճզմված պահի մեր ոտքերի ներքո, որպեսզի նա այլևս չկարողանա իր ստրուկները դարձնել մարդկանց, ո՛չ էլ՝ վնաս հասցնել Եկեղեցուն:
Քո աղոթքների հետ միասին, Բարձրյալին ներկայացրու նաև մեր աղոթքները, որպեսզի մեր վրա իջնեն Իր Աստվածային Ողորմությունները և դու կարող լինես շղթայելու վիշապին, հինավուրց օձին՝ սատանային, և նրան շղթայված նետես անդունդի խորքը, որտեղից այլևս չկարողանա խաբել հոգիներին: Ամեն:
 
Մուտք
 
Հանուն Հիսուս Քրիստոսի՝ մեր Աստծո և Տիրոջ, և բարեխոսությամբ Անարատ Կույս Մարիամ Աստվածածնի, Սուրբ Միքայել Հրեշտակապետի, Սուրբ Առաքյալներ Պետրոսի և Պողոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և բոլոր Սրբերի, վստահասիրտ սկսենք պայքարը սատանայի հարձակումների ու խարդախությունների դեմ:
 
Սաղմոս
 
– Ոտքի է կանգնելու Տերը և ցրվելու են Նրա թշնամիները, Նրա առջևից փախչելու են Իրեն ատողները:
– Անհետանալու են, ինչպես անհետանում է ծուխը, ինչպես կրակի առաջ հալվում է մոմը: Ահա այդպես վերանալու են մեղավորներն Աստծո ներկայությանը:
 
Ահա՛ Տիրոջ Խաչը: Փախե՛ք թշնամի ուժեր:
 
– Հաղթեց Հուդայի տոհմի Առյուծը՝ Դավթի որդին:
– Թող Քո ողորմությունը, ո՜վ Տեր, մեր վրա լինի:
– Քանի որ մենք Քո վրա ենք հաստատել մեր հույսը:
 
Դիվահալածում
 
Հեռացի՛ր, պիղծ ոգի, սատանայական զորություն, դժոխային թշնամու ներխուժում, դիվային բոլոր զորախմբերի, հավաքների ու հրոսակների հետ միասին, Անվամբ և Կարողությամբ մեր Տեր Հիսուս † Քրիստոսի. արմատախի՛լ եղիր Աստծո Եկեղեցուց, հեռացի՛ր Աստվածային Գառան անգին Արյամբ փրկված հոգիներից:
Այսուհետև մի՛ հանդգնիր, նենգ օձ, խաբել մարդկային զարմին, հալածել Աստծո Եկեղեցուն և ցորենի նման տրորել ու մաղել Աստծո ընտրյալներին:
Քեզ դա հրամայում է Բարձրյալն Աստված, Ում քո անսանձ հպարտությամբ հավակնում ես նման լինել:
Քեզ դա հրամայում է Հայրն † Աստված. քեզ դա հրամայում է Որդին † Աստված. քեզ դա հրամայում է Սուրբ Հոգին † Աստված:
Քեզ դա հրամայում է Քրիստոսը՝ Աստծո մարդացյալ † Հավիտենական Խոսքը, Ով մեր մարդկային զարմի փրկության համար, մինչ մենք կորստյան էինք մատնվել քո նախանձի պատճառով, խոնարհվեց և հնազանդ եղավ մինչ ի մահ:
Քեզ դա հրամայում է Խաչի Սուրբ Նշանը † և մեր Քրիստոնեական Հավատքի բոլոր Խորհուրդների կարողությունը:
Քեզ դա հրամայում է զորեղ Աստվածածինը՝ Ամենօրհնյալ † Սուրբ Կույս Մարիամը, ով իր Անարատ Հղության առաջին պահից իսկ, իր խոնարհությամբ, իր ոտքերի տակ տրորեց քո հպարտ գլուխը:
Քեզ դա հրամայում է Մարտիրոսների արյունը † և բոլոր Սրբերի ու Սրբուհիների հզոր բարեխոսությունը:
Ուստի, անիծյա՛լդ վիշապ, – և քո հետ միասին նաև քո դիվային բոլոր լեգիոնները, – մենք քեզ երդմնեցնում ենք կենդանի Աստծո † Անունով, ճշմարիտ Աստծո † Անունով, սուրբ Աստծո † Անունով. դադարի՛ր խաբել մարդկային արարածներին և նրանց մեջ ներարկել հավիտենական դատապարտության թույնը. դադարի՛ր վնասել Եկեղեցուն և թակարդներ լարել նրա ազատությանը:
Հեռացի՛ր, սատանա, խաբեությունների հեղինակ և ուսուցիչ, մարդու փրկության թշնամի: Զիջի՛ր տեղը Քրիստոսին, զիջի՛ր տեղը Եկեղեցուն: Խոնարհվի՛ր Աստծո հզոր Աջի ներքո, սարսափահար դողա՛ և փախի՛ր՝ լսելով, թե մենք ինչպես ենք կանչում սուրբ և ահարկու Անունն այն Հիսուսի, որ ցնցում է դժոխքը, որին Երկնային Իշխանությունները, Զորություններն ու Տերությունները ենթակա են, որին Քերովբեներն ու Սերովբեներն անդադար օրհնաբանում են, ասելով. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ է Տերը՝ Զորությունների Աստվածը»:
 
Աղոթք
 
– Ո՜վ Տեր, լսիր մեր աղոթքը:
– Եվ թող մեր աղաղակը հասնի մինչև Քեզ:
 
Ո՜վ Երկնքի Աստված, ո՜վ երկրի Աստված, ո՜վ Հրեշտակների Աստված, ո՜վ Հրեշտակապետների Աստված, ո՜վ Նահապետների Աստված, ո՜վ Մարգարեների Աստված, ո՜վ Առաքյալների Աստված, ո՜վ Մարտիրոսների Աստված, ո՜վ Խոստովանողների Աստված, ո՜վ Կույսերի Աստված. Աստված, որ կարողությունն ունես պարգևելու կյանքը մահից հետո, և հանգիստը՝ հոգնությունից հետո, քանի որ Քեզնից բացի գոյություն չունի ա՛յլ Աստված, և չի էլ կարող գոյություն ունենալ, քան միայն Դու, որ տեսանելի և անտեսանելի բոլոր գոյությունների Հավիտենական Արարիչն ես. խոնարհաբար խնդրում ենք Քեզ ազատել մեզ դժոխային ոգիների ամեն տեսակ բռնություններից, թակարդներից, խաբեություններից ու ապականարար ներկայությունից, և պահել մեզ նրանցից անվնաս: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ու մարդասիրությամբ: Ամեն:
 
– Սատանայի խաբեություններից ազատի՜ր մեզ, Տեր:
– Եվ թող որ Եկեղեցիդ կարողանա ազատորեն ծառայել Քեզ:
– Եվ Եկեղեցուդ թշնամիները թող պարտության մատնվեն:
 
Խնդրում ենք Քեզ, Հա՜յր, լսիր և ընդունիր մեր աղերսանքը հԱնուն Միածին Որդուդ՝ Հիսուսի սիրազեղ Սրտի և հանուն Նրա Կույս Մոր վշտակրությունների: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։