ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՊՍԱԿԸ – Գրադարան – Mashtoz.org

ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՊՍԱԿԸ

Հրեշտակային Պսակը, որի մասին այժմ խոսում ենք, դա աղոթքների մի շարան է, որն ուսուցանել է Սուրբ Միքայել Հրեշտակապետն ինքը, 1751 թվականին հայտնվելով պորտուգալացի մի աստվածասեր կնոջ՝ Անտոնիա Դ'Աստոնակին, որին ասել է, որ կամենում է մեծարվել Ինը մաղթանքներով, որոնք համապատասխանում են Հրեշտակների ինը դասերին: Յուրաքանչյուր մաղթանքին պետք է հետևի մեկ «Հայր մեր», երեք «Ողջույն» և մեկ «Փառք Հոր», իսկ ամբողջ Պսակի ավարտին չորս անգամ ասվում է «Հայր մեր» աղոթքը. առաջինն ի պատիվ իր՝ Միքայելի, երկրորդն՝ ի պատիվ Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի, երրորդն՝ ի պատիվ Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետի, իսկ չորրորդն՝ ի պատիվ աղոթողի Պահապան Հրեշտակի:
Այս բարեպաշտությունը գործադրողներին տվել է նաև յուրահատուկ խոստումներ: Առաջինն այն է, որ եթե քրիստոնյան այս աղոթքները կատարի Ամենասուրբ Հաղորդությունը ստանալուց առաջ, Միքայելը խոստացել է Աստծուց ստանալ շնորհը, որ այդ քրիստոնյային դեպի խորան ուղեկցեն Հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրից մեկական Հրեշտակ, նրան ընկերանալով իրենց աղոթքով ու բարեխոսությամբ: Իսկ նրան, ով կաղոթի այս Պսակն ամեն օր, խոստացել է անձամբ իր և Հրեշտակների օգնությունը այս և հանդերձյալ կյանքում:
Հրեշտակները Երկնքում բաժանվում են ինը դասերի, որոնք են. Սերովբեներ, Քերովբեներ, Գահեր, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ, Հրեշտակներ:
 
 

ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՊՍԱԿԸ

 
 
Մուտքի փառատրություն
 
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
 
 
Առաջին Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Սերովբեների երկնային Դասի, Տերը մեզ արժանի դարձնի կրելու մեզնում կատարյալ Սիրո հուրը: Ամեն:
 
Հայր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի Քո Անունը. թող գա Քո Արքայությունը. թող Քո կամքը կատարվի երկրի վրա այնպես, ինչպես Երկնքում է. մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր. և ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ներում ենք մեզ պարտականներին. և մի՛ տար մեզ փորձության, այլ՝ փրկիր մեզ չարից. քանի որ Քոնն է Արքայությունը և զորությունը և փառքը հավիտյան. ամեն:
 
Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է: Օրհնյալ ես դու կանանց մեջ և օրհնյալ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս: Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար, այժմ և մեր մահվան պահին. ամեն: (3 անգամ)
 
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
 
 
Երկրորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Քերովբեների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի մեղքի կյանքից հեռանալու և քրիստոնեական կատարելությանը հետամուտ լինելու շնորհը: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնությո՜ւն և փա՜ռք Հորը, ... :
 
 
Երրորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Գահերի սրբազան Դասի, Տերը մեր սրտերից ներս հեղի ճշմարիտ և անկեղծ խոնարհության հոգին: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնություն և փառք Հորը, ... :
 
 
Չորրորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Տերությունների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի մեր զգայարաններին տիրելու և ապականված կրքերն ուղղելու շնորհը: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնություն և փառք Հորը, ... :
 
 
Հինգերորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Զորությունների երկնային Դասի, Տերը մեզ արժանի նկատի պաշտպանելու մեր հոգիները սատանայի որոգայթներից ու փորձություններից: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնություն և փառք Հորը, ... :
 
 
Վեցերորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և զմայլելի Իշխանությունների երկնային Դասի, Տերը թույլ չտա, որ ընկնենք փորձությունների մեջ, այլ՝ փրկի մեզ չարից: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնություն և փառք Հորը, ... :
 
 
Յոթերորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Պետությունների երկնային Դասի, Աստված մեզ լցնի ճշմարիտ և անկեղծ հնազանդության հոգիով: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնություն և փառք Հորը, ... :
 
 
Ութերորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և Հրեշտակապետների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի Հավատքի և բարի գործերի մեջ հարատևելու շնորհը, որպեսզի կարողանանք հասնել Երկնքի Արքայության փառքի ձեռքբերմանը: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնություն և փառք Հորը, ... :
 
 
Իններորդ Մաղթանք
 
Բարեխոսությամբ Սուրբ Միքայելի և բոլոր Հրեշտակների երկնային Դասի, Տերը մեզ պարգևի ներկա մահկանացու կյանքում նրանց կողմից պահպանվելու և ապա Երկնքի հավիտենական փառքին առաջնորդվելու շնորհը: Ամեն:
 
Հայր մեր ... :
 
Ողջույն քեզ ... : (3 անգամ)
 
Օրհնություն և փառք Հորը, ... :
 
 
 
Հրեշտակային Պսակն ավարտելու համար հարկավոր է աղոթել «Հայր մեր»ը 4 անգամ. առաջինն ի պատիվ Սուրբ Միքայելի, երկրորդն ի պատիվ Սուրբ Գաբրիելի, երրորդն ի պատիվ Սուրբ Ռաֆայելի, իսկ չորրորդը՝ յուրաքանչյուր ոք ի պատիվ իր Պահապան Հրեշտակի:
 
 
 
ԱՂՈԹՔ
 
Ո՜վ Փառապանծ Իշխան Սուրբ Միքայել, երկնային Զորքերի Գլուխ և Առաջնորդ, հոգիների ավանդապահ, ապստամբ հոգիներին սանձող, Աստծո արքունիքի ընտանի սպասավոր, Հիսուս Քրիստոսից հետո՝ մեր սքանչելի զորավար, գերմարդկայնորեն վսեմ ու զորեղ. կամեցի՜ր բոլոր չարիքներից ազատել մեզ բոլորիս, որ վստահությամբ դիմում ենք քեզ, և այնպես արա՛, որ քո հզոր պաշտպանությամբ ամրապնդված՝ ամեն օր հավատարմորեն ծառայենք մեր Աստծուն:
 
– Բարեխոսիր մեր համար, ո՜վ երանելիդ մեր Սուրբ Միքայել, որ Իշխան ես Հիսուս Քրիստոսի Եկեղեցում.
– Որպեսզի կարողանանք արժանի լինել Նրա խոստումներին: Ամեն:
 
 
ԱՂՈԹՔ
 
Ամենակալ, հավիտենական Աստված, որ սքանչելի բարությամբդ ու ողորմությամբդ, մարդկության փրկությանը սպասավորելու համար՝ որպես Եկեղեցուդ Իշխան ընտրեցիր փառապանծ Սուրբ Միքայել Հրեշտակապետին. արժանի արա՛ մեզ, աղաչում ենք Քեզ, նրա բարերար պաշտպանության շնորհիվ ազատվելու մեր բոլոր թշնամիներից, որպեսզի մեր մահվան պահին նրանցից ո՛չ մեկը չչարչարի մեզ ու չխոչընդոտի, այլ՝ Սուրբ Միքայելի ուղեկցությամբ առաջնորդվենք ներկայանալու Աստվածային Վսեմությանդ ներկայությանը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի արժանիքներով: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։