ՆԱԽԱԲԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ՆԱԽԱԲԱՆ

Ամենասրբուհի Կույս Մարիամ Աստվածածնից հետո, Սուրբ Միքայել Հրեշտակապետը ամենափառավոր ու ամենահզոր արարածն է, որ երբևէ դուրս է եկել Արարիչ Աստծո ձեռքերից:

Ամենասուրբ Երրորդության կողմից նա ընտրվել է որպես Երկնային Արքայության Առաջին Նախարար, Երկնային Զորքերի Գերագույն Հրամանատար, Մարդկության և հատկապես Եկեղեցու Երկնային Պաշտպան: Նրա հանդեպ բարեպաշտությունը, որի արմատները հասնում են մարդկության ամենավաղ ժամանակներին, ամրապինդ մնացել ու տևել է Քրիստոնեության բոլոր դարերում, առաջին ժամանակներից մինչև մեր օրերը:

Ամբողջ Աստվածաշունչը – և՛ Հին, և՛ Նոր Կտակարանները – խոսում է նրա մասին, պատմում է նրա հզոր ուժի, նրա երևումների, նրա բարեխոսության մասին, ինչպես նաև նրա պաշտպանության մասին, որին բոլոր մարդիկ հանձնվել են Ամենակալ և Ամենակարող Արարչի Գերագույն Բարության կողմից:

Եկեղեցին երբեք չի դադարել հորդորել քրիստոնյաներին՝ բարեպաշտ մտերմություն ունենալ Միքայել Հրեշտակապետի հետ: Քրիստոնեության համատարած աշխարհի Քահանայապետներ, Հայրապետներ, Պատրիարքներ և Առաջնորդներ հորդորում են քրիստոնյաներին՝ դիմել Սուրբ Միքայել Հրեշտակապետին ի պաշտպանություն Եկեղեցու և հոգիների. Երկնային Զորքերի Հրամանատարի միջամտության կարիքն ունենք նաև մեր ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու մարդկությունը, կեղծիքի ու անիրավության վարակից թունավորված, չափազանց բռնություններից խոցված, կորցրել են բարոյական առողջությունն ու բերկրանքը:

Մեծապես սփոփիչ և մխիթարական է մտածելը, որ մեր բոլոր դժվար իրավիճակների վրա խնամքով տարածվում են Ազգերի և Եկեղեցու պահապանը հանդիսացող Մեծն Հրեշտակապետի լուսեղեն թևերը, խորհրդանշանները նրա ուժի և պաշտպանության: Այս խավարաշատ ժամանակներում, Միքայել Հրեշտակապետի հայտնությունների պատմությունը մեր համար առիթ թող հանդիսանա՝ վերագտնելու համար վստահությունն ու Հավատքի կորովը, որովհետև նա եղել է և միշտ էլ լինելու է հավատարիմ Պահապանն ու Պաշտպանը բոլոր Ազգերի ու Ժողովուրդների, որոնք դիմում են իրեն և իրեն են հանձնվում իրենց կրած նեղությունների ու հալածանքների մեջ:

Սուրբ Միքայել Հրեշտակապետի երկնային պաշտպանությանը վստահենք մեր Հայ Ազգը և մեր սիրելի Մայրը՝ Հայ Եկեղեցին, որպեսզի ուսուցանի մեզ և մեր սրտերում դրոշմի Ամենասուրբ Երրորդության փառքը, բոցավառի մեզնում ճշմարտության սերը և ավետարանական աստվածասիրության ու մարդասիրության գործադրումը: Ամենահատուկ կերպով Սուրբ Միքայել Հրեշտակապետին հանձնենք ու վստահենք Հայոց Զինված Ուժերում ծառայող մեր որդիներին, որպեսզի Մեծն Հրեշտակապետից ուսանեն մերժել բռնություններն ու դաժանությունը, մանավանդ իրենց եղբայրների հանդեպ, և գիտակցեն իրենց վսեմ ծառայությունը. լինել պաշտպանները Լույսի ու Ճշմարտության, Բարու և Առաքինության, Աստծո և իրենց խնամքին հանձնված անձանց:

Մեծն Հրեշտակապետն իր զորեղ Հրեշտակների հետ հսկում է մարդկության ճակատագրի վրա՝ անմնացորդ կերպով իրագործելու համար Աստծո փրկարար ծրագրերը: Մեր աղոթքն էլ թող միանա նրանց շուրթերից դեպի Աստծո գահը բարձրացող անլռելի փառաբանություններին, ամեն բան լինելով ի փառս Մեկ և Միակ Աստծո՝ Ամենասուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։