ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԸ – Գրադարան – Mashtoz.org

ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԸ

Սուրբ Միքայել Հրեշտակապետի ծիսական տոնը Հայ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնին հաջորդող ութերորդ շաբաթ օրը, Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի և երկնային բոլոր Զորքերի հետ միասին, իսկ Ընդհանրական Եկեղեցին համաքրիստոնեական մակարդակով նրան հատկացրել է մի առանձին տոն, որ կատարվում է Սեպտեմբերի 29ին:
 
Նոր Կտակարանում «Հրեշտակապետ» տիտղոսը տրվում է միմիայն Միքայելին: Հետագայում է միայն, որ այն տարածվեց Գաբրիելի և Ռաֆայելի վրա ևս, Եկեղեցու կողմից ճանաչված ու մեծարված միակ երեք Հրեշտակապետների, որոնց անունը փաստացի ներկա է Աստվածաշնչում: Միքայել Հրեշտակապետը երկնային Զորքերի հրամանատարն է, որ կռվում է չարի դեմ և պաշտպանում է բարին: Նրա անունը հենց դա էլ նշանակում է. երբ սատանան և իր հետ Աստծո դեմ ապստամբած դևերի բազմությունը հակառակվում են Աստծո ծրագրերին, նրանց դեմ է դուրս գալիս և Աստծո ծրագրերի սրբությունն է պաշտպանում երկնային Զորքերի հավատարիմ Հրամանատարը, որ սրտի մի անզսպելի եռանդով գոչում է. «Մի՞ քա Էլ», որ նշանակում է. «Ո՞վ է Աստծո նման»: Արարչին հավատարիմ Հրեշտակների բազմության գլուխն անցած, Միքայելը պատերազմ է սկսում սատանայի դեմ և նրան, իր հետ ապստամբած հրեշտակների հետ միասին, որոնք այդուհետև դառնում և կոչվում են դևեր, վտարում է Երկնքից: Եվ երբ սատանան, Աստծո դեմ ոչինչ չկարողանալով անել, փորձում է իր վրեժը լուծել Աստծո պատկերն ու նմանությունն իր մեջ կրող արարածից՝ Մարդուց, Միքայելը ստանձնում է նաև Մարդկության Պաշտպանի իր դերը, օգնելով Աստծուն հավատարիմներին հասնել Աստծո երանավետ Կյանքին:
 
Քրիստոնեական Հավատքի համաձայն, Միքայելն է ընդունում մահացածների հոգիները և նրանց, այսպես ասած, «կշռում է», չափելով նրանց սրտում առկա բարին ու չարը: Այդ իսկ պատճառով էլ՝ Միքայել Հրեշտակապետի խորհրդանշաններն են սուրը և կշեռքը. սուրը՝ որպես չարի դեմ պայքարող, իսկ կշեռքը՝ որպես հոգիներին Աստծո դատաստանին ներկայացնող: Շատ հաճախ նա պատկերվում է երկու խորհրդանշաններն էլ ձեռքին:
 
Միքայել Հրեշտակապետը Եկեղեցու կողմից նկատվում է նաև որպես մասնավոր պաշտպանը Ոստիկանության, որը պարտավոր է պայքարել չարի դրսևորումների դեմ. Ռադիոլոգների և այն բոլոր մասնագիտությունների, որոնք իրենց աշխատանքում գործածում են կշեռքը և պարտավոր են արդար լինել և հեռու մնալ խարդախությունից:
 
Միքայել Հրեշտակապետի անունը Աստվածաշնչում գործածված է հինգ անգամ. երեք անգամ Դանիել Մարգարեի գրքում, մեկ անգամ Հուդա Առաքյալի նամակում և մեկ անգամ էլ Հովհաննես Ավետարանչի Հայտնությունում: Բոլոր այդ տեղերում էլ նա անվանվում է «Մեծ Իշխան», «Երկնային Զորքերի Գլխավոր Հրամանատար»:
 
Սրբապատկերներում Միքայելը սովորաբար պատկերվում է ոսկեզօծ սպառազինությամբ, սատանային շղթայելիս կամ սրով խոցելիս, կամ էլ՝ կշեռքը ձեռքին. այս երկրորդ դեպքում, կշեռքի վրա պատկերվում է կա՛մ հենց մարդն ինքը՝ կշեռքի մի թաթին, մինչ մյուս թաթից կախված պատկերվում են դևերը, որոնք ամեն գնով ցանկանում են իրենց կողմ թեքել կշեռքը. կա՛մ էլ՝ կշեռքի երկու թաթերին պատկերվում են սպիտակ ու սև քարեր, որոնք խորհրդանշում են մարդու բարի կամ չար մտքերը, խոսքերն ու գործերը: Մեր հայկական պատկերագրումներում տարածված է այն տեսարանը, երբ Միքայել Հրեշտակապետի կշեռքի մի թաթին լցված են բազմաթիվ սև քարեր, իսկ մյուս թաթին դրված է միայն մեկ սպիտակ քար, և այդ սպիտակ քարը շա՜տ ավելի ծանր է կշռում, քան բազմաթիվ սև քարերը: Մանավանդ թե, այդ սև քարերը պարունակող թաթից կախված են պատկերվում նաև դևեր, որոնք ջանում են դատաստանն իրենց կողմ թեքել, բայց չեն կարողանում: Այդ սրբապատկերների իմաստը այն է, որ Միքայել Հրեշտակապետը, որն Աստծո փրկարար Սիրո հավատարիմ հետևորդն է, անսահմանորեն մարդասեր է և ամեն գնով փափաքում է մարդկանց փրկությունը: Այդ միակ սպիտակ քարը, որ ավելի ծանր է կշռում Միքայելի կշեռքի վրա, Մարդու ազատ կամքն է, որով նա ընդունում է Աստծո կողմից շնորհված փրկությունը:
 
Որպես պատմական տեղեկություն հիշենք, որ Միքայելը հայտնի էր դեռ հեթանոսական ժամանակներում, երբ մարդիկ նրան պաշտում էին որպես աստվածություն: Քրիստոնեական Հավատքի հայտնությամբ ճշգրտվեցին մեր գիտելիքները նրա մասին: Նա Միակ Աստծո ամենափառավոր Հրեշտակապետն է, մեր եղբայրն ու ընկերը, թեև իր սրբությամբ ու փառքով աներևակայելիորեն գերազանցում է մեզ, բայց մեզ մոտիկ է մնում իր սիրո զորությամբ: Հատկապես Արևելքում նրա հանդեպ մեծարանքը վիթխարի տարածում ունեցավ Քրիստոնեության առաջին դարերից ի վեր: Միայն Կոստանդնուպոլիս քաղաքում, Սուրբ Միքայել Հրեշտակապետի անունը կրող վանքերն ու եկեղեցիները Իններորդ դարում արդեն 15ն էին, իսկ ուրիշ 15ն էլ՝ նույն քաղաքի արվարձաններում: Մինչև իսկ Նեղոս գետը ձոնվել է նրա պաշտպանությանը, մինչ Ռուսական Կայսրությունում Սուրբ Միքայելին է ձոնվել Կրեմլի այն տաճարը, ուր կատարվում էին կայսերական հուղարկավորությունները: Արևմուտքում ևս, Միքայելի մեծարանքն այնքան է տարածվել, որ բավական է ասել Սուրբ Հրեշտակ՝ հասկանալու համար Միքայելին, ինչպես մենք գործածում ենք Նշան անունը Խաչի համար: Միքայել Հրեշտակապետի աշխարհահռչակ սրբավայրերից է Սուրբ Միքայելի Լեռ կոչվող վանքը Նորմանդիայում (Ֆրանսիա): Բայց ամենանշանավոր ու կարևորագույն սրբավայրը գտնվում է իտալական թերակղզու հարավ-արևելյան մասում, Գարգանոյի լեռներում, որի մասին էլ կպատմենք այժմ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։