Օր Առաջին – Գրադարան – Mashtoz.org

Օր Առաջին

Սուրբ Պատարագի խորհրդածություն - 01
 

ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ
 
1) Ո՞վ է պատարագվում:
Քրիստոսը, մեր հավատարիմ Ընկերը, որի հետ ոչ մի երկրային ընկեր չի կարող համեմատվել (հմմտ. Սրք 6, 15): Մենք հաճախ լքում ենք Իրեն կամ մեր մեղքերով զայրացնում, բայց Նա Ինքը երբեք չի լքում մեզ, այլ՝ Իր Արյան հեղմամբ մեզ, որ դարձել էինք Իր թշնամիները, դարձնում է Իր ամենամտերիմ ընկերները:

2) Ո՞ւմ համար է պատարագվում:
Իմ՝ փոքրոգի դավաճանիս համար (հմմտ. Ղկս 6, 16), որ բազմաթիվ անգամներ արհամարհեցի Իր ընկերությունը, Իր շնորհից ու սրբությունից ավելի նախընտրեցի մեղքի պղծությունը, Իր հետ մտերմությունը փոխանակեցի առօրյա ամենադատարկ շատախոսություններով:

3) Ինչո՞ւ է պատարագվում:
Լինելու համար իմ հավատարիմ Ընկերը, իմ հզոր Պաշտպանը. որպեսզի ո՛վ գտնում է Իրեն, գտնի հավիտենական անսպառ Գանձը (հմմտ. Սրք 6, 14). և որպեսզի ես է՛լ ավելի սերտորեն միանամ Իրեն աստվածային Սիրո մեջ:
 
ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

1) Ի՞նչ կարող եմ անել:
Հավատքի աչքերով հայի՛ր և տե՛ս Քրիստոսին, որ բնակություն է հաստատել քո սրտում, իբրև հավատարմագույն Ընկեր, որ բարձրացրեց քեզ և արժանացրեց Իր ընկերությանը, թեև դու ամենասովորական մի ստրուկ ես Աստվածային Արարչական Փառքի առաջ (հմմտ. Սրք 6, 16)։ Գիտակցի՛ր, թե ինչպիսի՛ պատվի է քեզ արժանացրել՝ իբրև ընկեր նստեցնելով քեզ Իր սեղանի շուրջը, իսկ դու, իբրև փոքրոգի վարձկան, սիրում ես Նրան միայն երբ մխիթարվում ես, իսկ երբ խրատվում ես, որպեսզի ուղղվես, ցամաքում ես սիրո մեջ (հմմտ. Առկ 19, 4-7)։
 
2) Ինչպե՞ս կարող եմ ուղղվել:
Հաճախ կրկնիր. «Հիսո՜ւս, սիրում եմ Քեզ, իմ միակ հավատարիմ Ընկեր»։ Սիրի՛ր Նրան բոլոր ուժերովդ, որպեսզի կարողանաս Աստծուն ընծայել հոգուդ ուժերն ու կարողությունները, մարմնիդ զգայարաններն ու օրգանները, Իր մարմնի ու հոգու հետ միությամբ, և այդպես որոշես գործածել դրանք միշտ Իր փառքի համար։
 
3) Ի՞նչ կարող եմ խնդրել:
Խնդրի՛ր Իրենից գիտության հոգին (հմմտ. Ես 11, 2), որպեսզի կարող լինես զանազանելու կեղծիքը ճշմարիտից, և հաստատուն կերպով հարես Հավատքի ուսուցումներին: Այդպիսով ընդունակ կլինես ընտրելու արդյունավետ միջոցները՝ հավիտենական փրկությանդ համար, նաև հավիտենական փրկության համար նրանց, ովքեր քո խնամքին են հանձնված (հմմտ. Տվբ 4, 20)։
 

ԱՂՈԹՔ - ՄԱՂԹԱՆՔ

Իմ Սիրելին իմն է, իսկ ես՝ Իրենը (հմմտ. Երգ 2, 16): Ես պատկանում եմ իմ Սիրելիին, և Իր սերն ուղղված է ինձ (հմմտ. Երգ 7, 11): Ցո՜ւյց տուր ինձ Քո Դեմքը, Ընկե՜ր իմ սիրելի, լսե՜լ տուր ինձ Քո ձայնը, որովհետև Քո ձայնը քաղցր է, իսկ Քո Դեմքն ամենագեղեցիկն է մարդկանց որդիների մեջ (հմմտ. Երգ 2, 14):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։