Օր Երկրորդ – Գրադարան – Mashtoz.org

Օր Երկրորդ

Սուրբ Պատարագի խորհրդածություն - 02

 
ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ

1) Ո՞վ է պատարագվում:
Քրիստոսը՝ Արեգակն արդարության (հմմտ. Մղք 3, 20) և Փառքի մեծվայելչությունը (հմմտ. Եբր 1, 3), ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու, որ գալիս է այս աշխարհ (հմմտ. Հվհ 1, 9):

2) Ո՞ւմ համար է պատարագվում:
Իմ՝ կույրիս համար, որ քայլում եմ խավարի մեջ (հմմտ. Ես 9, 2) և վշտանում եմ հուսահատ, որովհետև այլևս չեմ կարողանում տեսնել երկնքի լույսը (հմմտ. Տվբ 5, 11):

3) Ինչո՞ւ է պատարագվում:
Լուսավորելու համար ինձ Իր Դեմքի լույսով (հմմտ. Սղմ 4, 7), և Իր ուսուցումներով ու Իր օրինակով՝ փայլելու իմ գլխավերևում իբրև լուսաշող լապտեր (հմմտ. 2Պտ 1, 19), լուսավորելու համար իմ ընթացքը ստվերների այս աշխարհում, մինչև որ կծագի հավիտենության Օրը և սրտումս կշողա Առավոտյան Աստղը, փառքով լի:
 
ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

1) Ի՞նչ կարող եմ անել:
Հավատքի աչքերով հայի՛ր և տե՛ս Քրիստոսին, որ բնակություն է հաստատել քո սրտում, իբրև Հավիտենական Լույսի պայծառ շողարձակում (հմմտ. Իմս 7, 26), որ լուսավորում է խավար գաղտնարանները (հմմտ. 1Կր 4, 5), և ինքդ քեզ նայիր իբրև այն կույրին, որին Հիսուսը պատվիրում է Իր մոտ բերել, մինչ նա աղերսում էր՝ ասելով. «Տե՜ր, թող որ աչքերս բացվեն և ես տեսնեմ» (հմմտ. Ղկս 18, 41)։
 
2) Ինչպե՞ս կարող եմ ուղղվել:
Սիրի՛ր Նրան աչքերիցդ ավելի, և ավելի, քան այն ամեն ինչը, որ հաճելի է տեսնել, որպեսզի սովորես և որոշես հայացքդ կտրել ունայնություններից (հմմտ. Սղմ 119, 37)։
 
3) Ի՞նչ կարող եմ խնդրել:
Խնդրի՛ր Իրենից Հավատքի ընտիր պարգևը (հմմտ. Իմս 3, 14), որպեսզի տեսնես այն, ինչ պետք է անես, և ուժն ունենաս՝ անելու այն, ինչ տեսել ես:
 
ԱՂՈԹՔ - ՄԱՂԹԱՆՔ
 
Ո՜վ Տեր, Դու լույս ես տալիս իմ կյանքի լապտերին. Դո՜ւ, Աստված իմ, լուսավորում ես իմ խավարը (հմմտ. Ես 60, 1-2; Սղմ 18, 29): Սիրում եմ Քեզ ամեն ինչից ավելի, և ինչ էլ որ սիրում եմ այս աշխարհում, սիրում եմ Քո մեջ և Քո շնորհիվ: Ինչպես առանց լույսի՝ ամեն ինչ ընկղմվում է խավարի մեջ, այնպես էլ առանց Քեզ՝ ամեն բան զրկվում է իրական արժեքից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։