Օր Երրորդ – Գրադարան – Mashtoz.org

Օր Երրորդ

Սուրբ Պատարագի խորհրդածություն - 03

 
ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ
 
1) Ո՞վ է պատարագվում:
Քրիստոսը՝ հավիտենական դարերի ու ժամանակների անեղծանելի Արքան (հմմտ. 1Տմ 1, 17), որի պատմուճանի և ազդրի վրա գրված է. արքաների Արքա և տերերի Տեր (հմմտ. Հյտ 19, 16):
 
2) Ո՞ւմ համար է պատարագվում:
Իմ՝ Իր հպատակի համար, որն Իր հանդեպ տասը հազար քանքարի պարտք ունի, բայց մեկ լումա անգամ չունի՝ այդքա՜ն մեծ պարտքը մարել գոնե սկսելու համար (հմմտ. Մտթ 18, 24-25):
 
3) Ինչո՞ւ է պատարագվում:
Ո՛չ այս թշվառ հպատակին մահվան դատապարտելու և նրա ողջ ունեցվածքը բռնագանձելու համար, այլ՝ նրան նվիրելու համար Իր Մարմնի ու Արյան գինը (հմմտ. Կղս 2, 3), որ վիթխարի գանձ է, անհամեմատելիորեն ավելի գերազանց, քան հատուցելիք պարտքը (հմմտ. 1Կր 6, 20):
 
ՀԱՂՈՐԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ
 
1) Ի՞նչ կարող եմ անել:
Հավատքի աչքերով հայի՛ր և տե՛ս Քրիստոսին, որ բնակություն է հաստատել քո սրտում, իբրև զորությամբ ու քնքշանքով հարուստ Թագավորի, և հայի՛ր ու տե՛ս ինքդ քեզ իբրև սնանկ պարտականի, որ Նրա ոտքերն ընկած՝ աղերսում է. «Համբերությո՜ւն կիրառիր իմ հանդեպ, և քեզ կվերադարձնեմ ամեն ինչ» (հմմտ. Մտթ 18, 26)։
 
2) Ինչպե՞ս կարող եմ ուղղվել:
Սիրի՛ր Նրան քո ողջ սրտով (հմմտ. Ղկս 10, 27), որպեսզի քո իսկ բաղձանքով և քո իսկ անսասան առաջադրությամբ՝ երբեք թույլատրելի չհամարես այն, ինչը որ Իրեն հակառակ է, ոչինչ չգերադասես Իրեն և ոչինչ չդնես Իր հետ նույն մակարդակի վրա, ոչինչ չլինի սրտիդ թանկագին, որ չձգտի Իրեն, և՛ գործերիդ մեջ, և՛ որոշումներիդ։
 
3) Ի՞նչ կարող եմ խնդրել:
Խնդրի՛ր Իրենից զորության հոգին (հմմտ. Ես 11, 2), որպեսզի կարողանաս պաշտպանել Աստծո պատիվը մինչև արյանդ հեղումը, հավատարիմ հպատակի նման, ընդդեմ բոլոր նրանց, ովքեր մարտնչում են Իր դեմ:
 
ԱՂՈԹՔ - ՄԱՂԹԱՆՔ
 
Ո՜վ Տեր, թող որ մեծապես ցնծան և ուրախանան հավատացյալներդ: Ահա՛ Դու՝ Արդարդ, գալիս ես մեզ որպես Փրկիչ (հմմտ. Զքր 9, 9)։ Դու ես իմ Արքան, իմ կյանքի Թագավորը, ո՜վ Աստված իմ, Դու ես ծառաներիդ համար հաղթանակ ապահովում չարի ուժերի դեմ։ Քո օգնությամբ ենք ետ մղում մեր փրկության թշնամիներին, Քո Անունով ենք ոչնչացնում դիվային հրոսակներին (հմմտ. Սղմ 44, 5-6)։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։