ՍԲ. ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ (Է. դար). « ԱՌԱՆՑ ՔԵԶ, ԵՍ ԶՈՒՐԿ ԿԼԻՆԵԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՀԻՄՔԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ (Է. դար). « ԱՌԱՆՑ ՔԵԶ, ԵՍ ԶՈՒՐԿ ԿԼԻՆԵԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՀԻՄՔԻՑ »

Տե՜ր Հիսուս, Աստված մեր,
որ արտասվեցիր Ղազարոսի վրա և նրա վրա հեղեցիր
անձկության ու կարեկցանքի արցունքներդ,
ընդունի՜ր արցունքներն իմ դառնության:


Քո ցավերով մեղմիր իմ ցավերը:
Քո վերքերով բժշկիր իմ վերքերը:
Քո արյամբ մաքրիր իմ արյունը:

Իմ մարմնում տարածիր կենարար Մարմնիդ բուրմունքը:
Որպեսզի լեղին, որ տվեցին Քեզ խմելու [...]
քաղցրության փոխի հոգուս դառնությունը: [...]
Խաչափայտին տարածված Մարմինդ
թող դեպի Քեզ ձգի դևերի կողմից չարչրկված հոգիս: [...]
Գամերով ծակված սուրբ ձեռքերդ
թող դուրս քաշեն ինձ կորստյան անդնդից,
և, խոստմանդ համաձայն, ինձ կրկին դեպի Քեզ առաջնորդեն:
Ապտակներ ստացած ու թքով ծածկված դեմքդ
թող փայլեցնի ի՛մ իսկ անարդարություններով կեղտոտված երեսս:
Խաչի վրա Հորդ ավանդած հոգիդ
թող ինձ դեպի Քեզ առաջնորդի շնորհիդ մեջ:
 

Ո՛չ զղջացած սիրտ ունեմ, որ ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու,
ո՛չ ապաշավ, ո՛չ գորով: [...]
Արցունքներ չունեմ Քեզ աղոթելու համար:
Հոգիս մառախլապատ է, [...] սիրտս՝ ցրտաշունչ, [...]
ես ընդունակ չեմ Քո հանդեպ սիրո արցունքներով այն ջերմացնելու:
Բայց Դո՜ւ, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Աստվա՜ծ իմ,
տո՜ւր ինձ անմնացորդ զղջումը,
ապաշավը սրտի,
որպեսզի ամբողջ հոգովս ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու:
Առանց Քեզ, ես զուրկ կլինեի իրականության որևէ հիմքից:
[...]
Հայրը, որ հավիտենության մեջ ծնեց Քեզ Իր ծոցում,
թող նորոգի ինձնում Քո պատկերը:
Լքեցի Քեզ: Դու մի՛ լքիր ինձ:
Հեռացա Քեզնից: Դու փնտրիր ինձ:
Առաջնորդիր ինձ դեպի Քո արոտը, Քո հոտի ոչխարների մեջ:
Նրանց հետ միասին, կերակրի՜ր ինձ խորհուրդներիդ թարմ խոտով,
խորհուրդներիդ, որոնց օթևանն է մաքուր սիրտը,
սիրտը, որն իր մեջ կրում է հայտնություններիդ պայծառ փայլը:
[...]
Թող որ մենք արժանի լինենք այդ պայծառությանը,
մարդասիրությանդ շնորհիվ և շնորհիդ օգնությամբ,
ո՜վ Հիսուս Քրիստոս, Փրկիչ մեր,
հավիտյանս հավիտենից:

Ամէն:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։