ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ (329-390). « ԵՐԵԿՈՅԱՆ ՕՐՀՆԵՐԳ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ (329-390). « ԵՐԵԿՈՅԱՆ ՕՐՀՆԵՐԳ »

Մենք այժմ օրհնում ենք Քեզ,
ո՜վ իմ Քրիստոս, Բանդ(*) Աստծո,
Լույս ի Լուսո անսկիզբ,
բաշխողդ Հոգու:
Օրհնում ենք Քեզ, եռյակ Լույս
անբաժան Փառքի:
Դու հաղթեցիր խավարին
և ստեղծեցիր լույսը,
ամեն բան լույսի մեջ ստեղծելու համար:

Դու թանձրություն հաղորդեցիր նյութին,
նրա վրա կերպավորելով աշխարհի դեմքը
և կերպարանքը նրա գեղեցկության:
Դու լուսավորեցիր մարդու միտքը,
բանականություն և իմաստություն տալով նրան:
Ամենուր տեսանելի է
հավիտենական լույսի արտացոլանքը,
որպեսզի, լույսի մեջ,
մարդը բացահայտի պայծառ փայլը
և ինքն էլ ամբողջովին լույս դառնա:

Դու երկինքը լուսավորեցիր
բազմագույն լույսերով:
Գիշեր և ցերեկ ժամանակներին
հրամայեցիր միմյանց հերթափոխել խաղաղությամբ,
նրանց որպես կանոն տալով
մի եղբայրական մտերմություն:
Գիշերը վերջ է դնում
մեր մարմնի հոգնություններին,
ցերեկն արթնացնում է մեզ աշխատանքի,
գործերի, որոնք մեզ զբաղեցնում են:
Բայց մենք փախչում ենք խավարից,
աճապարում ենք հասնելու անմայրամուտ օրվան,
դեպի այն օրը, որն երբեք չի ճանաչելու
վերջալույսի տխրությունը:

Թեթև քուն պարգևիր իմ կոպերին,
որպեսզի ձայնս երկար ժամանակ չմնա համր:
Արարչությունդ արթուն կմնա ու կհսկի,
հրեշտակների հետ սաղմոսելու համար:
Թող որ իմ քունը միշտ
բնակեցված լինի Քո ներկայությամբ:
[...]
Մարմնից բաժանված վիճակում էլ
հոգին երգում է Քեզ, ո՜վ Աստված,
Հայր, Որդի և Սուրբ Հոգի,
Քեզ պատի՜վ, փա՜ռք և զորությո՜ւն,
հավիտյանս հավիտենից:
Ամեն:

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։