Գրական ոճը – Գրադարան – Mashtoz.org

Գրական ոճը

Մարկոսի շարադասությունն ու բառապաշարը շատ պարզ են ու արտահայտիչ: Գերակշռում է նախադասությունների պարզ համադրումը (պառատաքսիս), որոնք միմյանց միանում են «և» շաղկապով, որն անդադար գործածվում է, կամ էլ՝ «ուստի» և «իսկույն» մակբայներով: Ավետարանիչը բավական հաճախակի է գործածում ուղիղ խոսքը, ինչը որ հնարավորություն է տվել պահպանել Հիսուսի խոսքերից շատերը, որոնք Մարկոսի մոտ հունարեն բառացի թարգմանությունն են բառերի, որոնք Հիսուսն արտասանել է Իր ժամանակվա արամայերենի գալիլեական բարբառով: Աչքի է ընկնում պատմական ներկա ժամանակի գործածումը («գալիս է», «ասում է», «հասնում են»), որը Մարկոսի համառոտ Ավետարանում գործածված է ավելի քան հարյուր հիսուն անգամ (հունարեն բնագրում, պահպանված է նաև գրաբարում), ինչպես նաև կտրուկ անցումը մի ժամանակաձևից մյուսին, նաև միևնույն պարբերության ներսում:

Բոլոր այս ոճային յուրահատկությունները, այնքան՝ որքան որ հնարավոր էր արտացոլել դրանք արդի աշխարհաբար լեզվում, ջանացել ենք պահպանել մեր այս հրատարակության մեջ: Մարկոսի Ավետարանի ոճային առանձնահատկություններից է նաև ավետարանական դրվագների որոշ պարագաների ու հանգամանքների մանրամասն նկարագրությունը, որոնք ավելի կուռ ձևով են ներկայացվել, քան Մատթեոսի ու Ղուկասի մոտ (կարող ենք համեմատել, օրինակի համար, անդամալույծի բժշկության դրվագը՝ Մրկ 2, 1-3, Մտթ 9, 1-8 և Ղկս 5, 17-26 հատվածների հետ, կամ հերասացի դիվահարի բշկության դրվագը՝ Մրկ 5, 1-20, Մտթ 8, 28-34 և Ղկս 8, 26-39 հատվածների հետ, և այլն): Որոշ մանրամասնություններ, ապա, հիշատակված են միայն Մարկոսի կողմից. օրինակ, միակ Ավետարանիչն է, որ ասում է, որ փոթորիկի ժամանակ Հիսուսը ննջում էր բարձի վրա պառկած, նավախելի կողմում (4, 38), կամ որ Զեբեդեոսի որդիները Հիսուսի կողմից անվանվել էին Որոտման Որդիներ (3, 17), կամ տակավին, որ Երիքովի կույրի անունը Բարտիմեոս էր (10, 46), և ա՛յլ ճշգրտումներ ու մանրամասնություններ ևս: Առանց վարանելու կարող ենք հաստատել, որ այս գրեթե աննշան տեղեկությունները ո՛չ այնքան մատնանշում են Մարկոսի սերը մանրուքների հանդեպ, որքան ավելի հայելացնում են Պետրոս Առաքյալի հուշերի անմիջականությունն ու կենսունակությունը՝ դեպքերից շատ տարիներ անց:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։