Հիսուսը՝ խոստացված Մեսսիան – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսը՝ խոստացված Մեսսիան

Մյուս երեք Ավետարանների հետ կատարյալ ներդաշնակությամբ՝ Մարկոսը ևս ուսուցանում է, որ Հիսուսը խոստացված և սպասված Մեսսիան է:

Այդուհանդերձ, սակայն, ճիշտ ինչպես կարդում ենք մյուս երեք Ավետարաններում ևս, Մարկոսի մոտ էլ ընդգծվում է, որ Հիսուսն այս կետում հետևել է մի այսպես ասած þþաստվածային մանկավարժությանþþ հստակ ուղենիշների, որպես նպատակ ունենալով խուսափել թյուրիմացություններից ու սխալ մեկնաբանություններից, հատկապես այն անհասկացողություններից, որոնք նախ Իր համաքաղաքացիներին, ապա նաև ազգակիցներին կարող էին կարծել տալ, թե Նա ներկայանում է որպես հրեա ժողովրդի քաղաքական ազատարար, Ով իրենց ազատելու էր Հռոմի կայսերական տիրապետությունից:

Սրա համար է նաև, որ Հիսուսը նախընտրում էր ժողովրդի առաջ ներկայանալ «Մարդու Որդի» տիտղոսով (Մրկ 2, 10.28; 8, 31.38; և այլն): Սույն արտահայտությունը, որ վերցված է Դանիելի մարգարեության գրքից (7, 13-14), տեղիք չէր տալիս ազգայնական մեկնաբանությունների, պահպանելով, ընդհակառակը, իր ողջ կրոնական գերագույն արժեքը: Մեսսիական մյուս տիտղոսները – «Դավթի Որդի» անունը կամ նաև Մեսսիա (Օծյալ) տիտղոսի պարզ գործածումը – պատմական այդ հանգամանքների ներսում կարող էին ծնունդ տալ այնպիսի ընկալումների, որոնք Հիսուսի կերպարը, կյանքն ու գործերը կներկայացնեին որպես սոսկ երկրային նկարագիր ունեցող ազգային-ազատագրական շարժման առաջնորդ:

Այս կերպ առաջ շարժվելով, Հիսուսը միշտ ավելի մեծ հստակությամբ հայտնում էր, թե Ո՛վ է Ինքն իրականում, և Իր աշակերտներին նախապատրաստում էր ճանաչելու Իրեն որպես համայն մարդկության Փրկիչ, Ով փրկագնելու էր մարդկանց և նրանց հաշտեցնելու էր Աստծո հետ՝ նրանց առաջ բացելով հավիտենական կյանքի ճանապարհը, ո՛չ թե զենքերի զորությամբ կամ քաղաքական ուժով, այլ՝ Գողգոթայի վրա ընծայված Իր աստվածային Զոհով:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։