Մարկոսի առաքելական կերպարը – Գրադարան – Mashtoz.org

Մարկոսի առաքելական կերպարը

Իր պատանեկության տարիներից սկսած, ուստի, Մարկոսն ապրել է Երուսաղեմի առաջին քրիստոնյաների եռանդուն կյանքը Հիսուսի մոր՝ Մարիամի և Առաքյալների հետ (հմմտ. Գրծ 1, 14), մոտիկից ճանաչել է նրանց և նրանցից լսել է Հիսուսի կյանքի մանրամասնությունները: Մարկոսի մայրն ու ընտանիքը առաջիններից են եղել, որ օգնել են Հիսուսին և ապա Տասներկու Առաքյալներին: Ամենայն հավանականությամբ՝ նրանց տանն է տեղի ունեցել Հոգեգալուստը (հմմտ. Գրծ 2, 1-2):

Երբ Բառնաբասը սկսում է առաքելական գործունեություն ծավալել Պողոս Առաքյալի հետ, մի առիթով վերադառնում է Երուսաղեմ (Գրծ 11, 27-30), և ապա, Անտիոք վերադառնալիս, իր հետ է վերցնում նաև Մարկոսին (Գրծ 12, 25): Եվ երբ Պողոսն ու Բառնաբասը սկսում են քարոզչական առաջին ճամփորդությունը, իրենց հետ որպես օգնական են վերցնում նաև Մարկոսին (Գրծ 13, 1-6): Կիպրոսում Ավետարանի տարածման առաջին հանգրվանի ավարտին Մարկոսը, անհայտ պատճառներով, բաժանվում է նրանցից և տուն վերադառնում (Գրծ 13, 13), և երբ ծրագրվում է քարոզչական երկրորդ ճամփորդությունը, Բառնաբասը կամենում է նրան կրկին իրենց հետ վերցնել, բայց Պողոսը, իր արմատական բնավորության համաձայն, ընդդիմանում է, որպես պատճառ առաջ քաշելով այն, որ անցյալում Մարկոսը բաժանվել էր իրենցից և տուն վերադարձել (Գրծ 15, 36-38): Տարաձայնությունն այնքան խորն է լինում, որ Պողոսն ու Բառնաբասը այդ օրվանից բաժանվում են միմյանցից և առանձին առանձին են շարունակում իրենց քարոզչական առաքելությունը. Բառնաբասը, կրկին Մարկոսի հետ միասին, նավարկում է դեպի Կիպրոս, այցելելու այնտեղ նախապես հիմնված համայնքներին (Գրծ 15, 39): Այս դեպքերը տեղի են ունենում Ք.հ. 52 թվականին:

Մոտ տասը տարի անց Մարկոսին վերագտնում ենք Հռոմում, ուր գործակցում է Պետրոս Առաքյալին, կատարելով նրա թարգմանչի պարտականությունները (Պետրոսը քարոզում էր արամայերենի գալիլեական բարբառով, իսկ Մարկոսը թարգմանում էր հունարենի ու լատիներենի): Մինչ այդ, 50-ական թվականների ընթացքում, առաքելական բուռն գործունեություն էր ծավալել Կիպրոսում ու, հավանաբար, նաև Պաղեստինում և ողջ Միջին Արևելքում: Պետրոսը նույնպես մոտիկից ծանոթ էր Մարկոսին. երբ հրեշտակի միջամտությամբ հրաշքով ազատվել էր բանտից, հենց Մարիամի՝ Մարկոսի մոր տունն էր գնացել (Գրծ 12, 11-17), ինչը որ ցույց է տալիս նրանց մտերմությունը: Պետրոսը Մարկոսին անվանում է «իմ որդի» (1Պտ 5, 13), ինչը որ ենթադրել է տալիս, նրանց միջև գոյություն ունեցող մտերմությունից բացի, որ Մարկոսը մկրտվել է Պետրոսի ձեռքով՝ Հոգեգալստից անմիջապես հետո (հմմտ. Գրծ 2, 37-41):

60-ական թվականների սկզբին, ուստի, Մարկոսը հաստատվում է Հռոմում, գործակցելով Պետրոս Առաքյալին, Պողոս Առաքյալի ժամանումից առաջ, որ տեղի է ունեցել Ք.հ. 61 թվականին (հմմտ. Գրծ 25, 11-12; 28, 11-15): Այդ տարիները՝ Պետրոսի հետ որպես թարգմանիչ գործակցության, որոշիչ են լինում Ավետարանի շարադրման համար հարկավոր նախանյութերի հավաքման ու գրի առնման ուղղությամբ:

Հռոմ ժամանելուց հետո Պողոսը մոռացության է մատնում անցյալի տարաձայնությունները, կրկին ընդունում է Մարկոսի գործակցությունը (և ուրիշների ևս հորդորում է ընդունել նրան առանց որևէ կանխակալ վարմունքի. Կղս 4, 10): Այդպիսով Մարկոսը շարունակում է իր ծառայությունը՝ օգնելով Պողոսին (Ֆլմ 24), իր բացառիկ հավատարմությամբ մեծագույն մխիթարություն պարգևելով նրան (Կղս 4, 11): Երբ Մարկոսը որոշ ժամանակով բացակայում է Հռոմից, Պողոսը շտապում է գրել Տիմոթեոսին և պատվիրել, որ Հռոմ գալով իր հետ բերի նաև Մարկոսին, ով իրեն մեծապես օգտակար էր լինում Ավետարանի քարոզչության գործում (2Տմ 4, 9-11): Սա տեղի է ունենում մոտավորապես 66 թվականին:

Երբ – Ք.հ. 67 թվականի Հունիսի 29-ին – Պետրոսը մարտիրոսանում է Հռոմում, Մարկոսը – որ այդ ժամանակ մոտ 45-50 տարեկան այր էր – հնագույն Ավանդության համաձայն՝ մեկնում է Եգիպտոս, ուր հիմնում է Ալեքսանդրիայի համայնքը[1]: Մի ա՛յլ ավանդության համաձայն, սակայն, Եգիպտոս մեկնելուց առաջ, երբ Պետրոսը դեռ ողջ էր, Առաքյալի իսկ նախաձեռնությամբ՝ Մարկոսը ուղարկվում է հյուսիսային Իտալիա, ուր հիմնում է Աքուիլեյայի համայնքը, որն հետագայում դառնում է հռչակավոր Պատրիարքական Աթոռ:

Ապահով տեղեկություններ չունենք Մարկոսի մահվան թվականի ու հանգամանքների վերաբերյալ: Ավանդազրույցների համաձայն՝ մարտիրոսացել է Ալեքսանդրիայի արվարձաններից մեկում, ուր տեղի հեթանոսները պարաններով կապել են Ավետարանչին և նրան քարշ են տվել գետնից դուրս ցցված քարերով լի մի վայրում: Սուրբ Մարտիրոսի մասունքները նախ պահպանվել են Ալեքսանդրիայի Եկեղեցում, որտեղից 825 թվականին տեղափոխվել են Վենետիկ: Քիչ տարիներ անց, 832 թվականին, վենետիկցի բարեպաշտ ժողովուրդը Սուրբ Ավետարանչին ի պատիվ կառուցել է աշխարհահռչակ տաճարը, ո՛ւր և ամփոփվել են նրա մասունքները, ո՛ւր և դրանք քրիստոնյա ժողովրդի կողմից մեծարվում են մինչև օրս:

Մարկոս Ավետարանչի տարեկան ծիսական հիշատակության օրը Հայոց Տոնացույցի համաձայն կատարվում է շարժական սկզբունքով՝ Խաչվերացին հաջորդող Հինգերորդ շաբաթ օրը, մյուս Ավետարանիչների ու ա՛յլ Սրբերի հետ միասին. Արևմտյան Եկեղեցում, Հռոմեական Տոնացույցի համաձայն, նրա մեծաշուք հիշատակը կատարվում է առանձին տոնակատարությամբ՝ Ապրիլի 25-ին, Սրբի մարտիրոսության, Երկնքի Արքայություն մուտք գործելու օրը: Վենետիկում տոնակատարվում է նաև Հունվարի 31-ին, որը Սրբի մասունքները Եգիպտոսի Ալեքսանդրիայից Վենետիկ փոխադրման օրն է:

[1] Վաղ շրջանի աղբյուրների վրա հիմնվելով, դրա մասին են վկայում, օրինակ, Եվսեբիոս Կեսարացին իր «Եկեղեցական պատմություն» աշխատության մեջ (II, 16) և Հերոնիմոսն իր «Երևելի այրերի մասին» աշխատությունում (VIII), որոնցից առաջինը Չորրորդ դարի կեսին գրված գրություն է, իսկ երկրորդը՝ նույն դարի վերջին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։