Ավետարանի կառուցվածքը – Գրադարան – Mashtoz.org

Ավետարանի կառուցվածքը

Երկրորդ Ավետարանի կերպարանքն ու կազմությունը պտտվում են Պետրոս Առաքյալի ճառերի առանցքի շուրջը, այնպես՝ ինչպես դրանք ներկայացված են Գործք Առաքելոց գրքում (հմմտ., օրինակի համար, 2, 22-36; 3, 12-26; 10, 36-43), պատմական դեպքերի շրջանակի մեջ տեղավորելով դրանք: Մարկոսի աշխատության մեջ կարող ենք զանազանել վեց մեծ բաժիններ, հետևյալ ուրվագծի համաձայն.
 
1. Հիսուսի առաքելության նախապատրաստումը (1, 1-13)
 
Մարկոսի Ավետարանն այս մասում ավելի համառոտ է, քան մյուս երկու համատես Ավետարանները, և միայն հպանցիկ կերպով անդրադառնում է.
– Հովհաննես Մկրտչի քարոզչությանը (1, 1-8).
– Հիսուսի Մկրտությանը (1, 9-11).
– Հիսուսի փորձություններին անապատում (1, 12-13):
 
2. Հիսուսի առաքելությունը Գալիլեայում (1, 14 - 6, 6)
 
Մարկոսն ընդարձակ կերպով զարգացնում է այս բաժինը: Իր պատմածից կարելի է եզրակացնել, որ Հիսուսի առաքելությունը Գալիլեայում բավական երկար ամիսներ է տևել: Կաֆառնաում քաղաքը, Գենեսարեթի լճի ափին, ողջ Գալիլեայում կատարված առաքելության կենտրոնն էր:
Հիսուսի կողմից կատարված բժշկումներն ու սքանչելի գործերը, Նրա քարոզչությունն ու այդ քարոզչության բովանդակությունն ու կերպը, հակաճառությունները փարիսեցիների ու օրենսգետների հետ, առակների ոճով տրվող ուսուցումները և մարդկանց ուղղակի շփումը Նրա հետ, սկսում են ժողովրդական բազմությունների կողմից խանդավառություն ու հարում ծնել, որոնք, սակայն, Հիսուսի կողմից շարունակ ենթարկվում են ուղղումների՝ նրանց հեռացնելու համար սոսկ քաղաքական-հասարակական բնույթի փրկության ակնկալիքներից, կողմնորոշելու համար նրանց դեպի աստվածային ու անդրանցական փրկության սպասումը: Այս ուղղությամբ՝ Հիսուսը գործում է մեծ համբերությամբ ու խոհեմությամբ, պահպանելով և պահանջելով պահպանել մեսսիական գաղտնիքը:
Քրիստոսն, այդ ընթացքում, Իր շուրջն է հավաքում մեծ թվով աշակերտներ ու հետևորդներ, որոնց միջից առանձնացնում է Տասներկուսին, որպեսզի ավելի մոտիկից հետևեն Իրեն և նրանց հետ մշակում է առավել սերտ հարաբերություն: Հիսուսի վայելած ժողովրդական ընդունելությունն ու համբավը, սակայն, շուտով արթնացնում են փարիսեցիների ու հերովդեսականների նախանձը, և նրանք սկսում են դավեր նյութել Նրա դեմ: Այդ փաստը, այն հանգամանքի հետ միասին, որ Հիսուսին ընդդիմանում են նաև Նազարեթի Իր համաքաղաքացիները, պատճառ է հանդիսանում առ այն, որ Հիսուսը հեռանում է Գալիլեայից և սկսում է շրջել սահմանակից երկրամասերով, որոնք հիմնականում հեթանոսական տարածաշրջաններ էին:
 
3. Հիսուսի ճամփորդությունները (6, 7 - 9, 50)
 
Հիսուսն առավել ուժգին է դարձնում Առաքյալների նախապատրաստումը նրանց ապագա առաքելությանը: Նրանց վերցնում և Իր հետ տանում է հրեական տարածքներից դուրս, դեպի Գալիլեայից հյուսիս և ապա դեպի արևելք ձգվող հեթանոսական երկրամասերը, դեպի Սիդոն և Տյուրոս, ուր կատարում է հացերի առաջին բազմացումը (6, 7 - 7, 37):
Ապա աշակերտների հետ միասին վերադառնում է Գեննեսարեթի լճի արևմտյան ափ. հացերի երկրորդ բազմացում, նոր դավեր փարիսեցիների կողմից, առաքելական ա՛յլ ճամփորդություններ (8, 1-26):
Հիսուսն ուղղվում է դեպի Սիրիա (Ասորիք), անցնելով Գոլանի երկրամասի միջով. Ֆիլիպպյան Կեսարիայում տեղի է ունենում առանցքային կարևորության մի դեպք. Պետրոսը, Տասներկուսի անունից, դավանում է Հիսուսի Աստվածությունը: Այս դրվագը, որոշակի առումով, կազմում է մի կենտրոնական կետ, որն երկու մասի է բաժանում Մարկոսի Ավետարանը: Հավատքի այդ կարևորագույն դավանումից անմիջապես հետո Հիսուսն արտասանում է Իր մահվան առաջին կանխասացությունը. այդ պահից սկսած, Հիսուսն Իր աշակերտներին սկսում է նախապատրաստել Իր Չարչարանքներին, բայց Նրա խոսքերն անհասկանալի են մնում նրանց համար. ուստի խիստ հանդիմանություն է ուղղվում Պետրոսին (8, 31 - 9, 1):
Բաժինն ավարտվում է Պայծառակերպության դրվագով և վերադարձով Գալիլեա (9, 2-50):
 
4. Դեպի Հուդեա և Երուսաղեմ (10, 1 - 12, 44)
 
Հիսուսը որոշում է, որ հասել է ժամանակը՝ ճանապարհ ընկնելու դեպի Երուսաղեմ. անցնում է Պերեայի ու Երիքովի տարածքներով, վճռական ուսուցում է տալիս ամուսնության անլուծարելի բնույթի մասին. գրանցվում են դրվագներ, որոնցով ընդգծվում են Հիսուսին հետևել կարողանալու համար անհրաժեշտ պայմանները. պատմվում է կույր Բարտիմեոսի հավատքի մասին (10, 1-52):
Հետևում է մեսսիական մուտքը Երուսաղեմ: Հիսուսն ուսուցանում և գործում է աստվածային հեղինակությամբ ու իշխանությամբ, վավերական կերպով մեկնաբանելով Սուրբ Գրվածքները (11, 1 - 12, 44):
 
5. Վախճանաբանական ճառը (13, 1-37)
 
Հիսուսը կանխասում է Երուսաղեմի Տաճարի ավերումը, խոսում է աշխարհի վախճանի մասին և հորդորում է զգոն լինել:
 
6. Հիսուսի Չարչարանքները, Մահն ու Հարությունը (14, 1 - 16, 20)
 
Ատյանը որոշում է մահվան դատապարտել Հիսուսին: Հուդայի դավաճանությունը: Վերջին Ընթրիքն ու Ամենասուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը (14, 1-26):
Հիսուսի աղոթքը Ձիթենյաց այգում: Ձերբակալությունն ու հարցաքննումները: Պետրոսի ուրացումները: Դատավարությունը Պիղատոսի առաջ (14, 26 - 15, 15): Խաչի ճանապարհը, խաչելությունն ու մահը: Թաղումը (15, 16-47):
Հիսուսի հարությունը: Հրեշտակի ավետիսը բարեպաշտ կանանց: Երևումները Մարիամ Մագդաղենացուն, Էմմավուսի աշակերտներին և Տասնմեկին: Հիսուսի համբարձումը և աշակերտների Տիեզերական առաքելության սկիզբը (16, 1-20):
 
***
 
Այս բաժանմանը զուգահեռ, կարող ենք մի ա՛յլ, ավելի ընդհանուր և ավելի ուսմունքային բաժանում տեսնել Մարկոսի Ավետարանի բովանդակության մեջ, երեք հիմնական հանգրվաններով.
– Հիսուսի առաքելությունը Գալիլեայում և սահմանակից երկրներում.
– Ճամփորդությունը դեպի Հուդեա.
– Դեպքերն ու իրադարձությունները Երուսաղեմում:
Հանգրվաններից յուրաքանչյուրը սկսվում է հավատքի մի դավանությամբ (1, 7-8; 8, 27-30; 11, 9-10) և եզրափակվում է մի կուրության բժշկմամբ, որոնցից առաջին երկուսը մարմնավոր, իսկ երրորդն ու վերջնականը՝ հոգևոր (8, 22-26; 10, 46-52; 16, 5-7.9-14. 19-20):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։