
Հեղինակը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
Երկրորդ Ավետարանը Քրիստոնեական Ավանդության կողմից միշտ վերագրվել է Մարկոս Ավետարանչին, ով անմիջական աշակերտն է եղել Պետրոս և Պողոս Առաքյալների ու Բառնաբասի: Գրավոր վկայությունները սկսվում են 125 թվականին արդեն, Հերապոլսի եպիսկոպոս Պապիասի գրություններից մեկով, որ պահպանվել և մեզ է հասել Եվսեբիոս Կեսարացու՝ Եկեղեցու առաջին մեծ պատմագրի միջոցով[1]: Այդ վկայությունները միշտ միաձայն են եղել: Դրանցից կարող ենք հիշել վկայությունը Հուստինոսի, ով մարտիրոսացել է մոտ 155 թվականին[2]. Հռոմում շարադրված հնագույն մի փաստաթղթի, որ հայտնի է «Մուռատորյան կանոն» անունով և գրի է առնվել մոտավորապես 180 թվականին. Իրենեուս Լուգդունացու բազմաթիվ հատվածների, որ գտնվում են իր «Ընդդեմ հերետիկոսությունների» աշխատության մեջ և գրի են առնվել Երկրորդ դարի վերջում[3]: Երրորդ դարից սկսած, գրավոր վկայություններն այնքա՜ն բազմաթիվ են դառնում, որ եթե փորձենք թվարկել դրանք, մի անվերջանալի ցանկ կստացվի: Դրանց հեղինակներն ապրել և գործունեություն են ծավալել և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում, ինչը որ ցույց է տալիս ավանդված տվյալների մեկ և միևնույն աղբյուրից սերած լինելը:
Նկարագրությունը, որ դուրս է ցայտում երկրորդ Ավետարանի ներքին վերլուծությունից, հաստատում է Ավանդության կողմից ներկայացված տվյալները. դրանց մասին կխոսենք ավելի ուշ, երբ քննության կառնենք Մարկոսի աշխատության բնորոշ հատկանիշները:
Երկրորդ Ավետարանի հեղինակի մասին բազմաթիվ տվյալներ ենք գտնում Նոր Կտակարանում: Նա Մարկոս է անվանվում Գրծ 15, 39-ում, Հովհաննես Մարկոս՝ Գրծ 12, 12-ում և 15, 37-ում, Հովհաննես՝ Գրծ 13, 5-13-ում: Կրկնակի անվան գործածությունը սովորական էր այդ ժամանակ. անուններից մեկը՝ Հովհաննես (Յոհաննան), ազգային-հրեական նկարագիր ունի, իսկ մյուսը՝ Մա՛ռկուս կամ Մառկո՛ս, լատինա-հելլենական:
Բացարձակ վստահությամբ կարող ենք հաստատել, որ Մարկոսն անձամբ ճանաչել է Հիսուսին, իր վաղ պատանեկությունից սկսած, թեև մաս չի կազմել Տասներկու Առաքյալների խմբին. եկեղեցական մատենագիրների մեծամասնությունը հնագույն ավանդությունների վրա հիմնվելով հաստատում է, որ Մրկ 14, 51-52 տողերում հիշվող երիտասարդը հե՛նց ինքը՝ Մարկոսն է: Պատմական այդ դրվագը, այդ հպանցիկ մանրամասնությունը գտնվում է միայն Մարկոսի Ավետարանում և մի տեսակ ստորագրություն է, որն Ավետարանիչը քողարկված կերպով դրել է իր Ավետարանի վրա:
Մարկոսը եղել է Մարիամ անունով մի հարուստ այրի կնոջ որդին: Ծնվել է Պաղեստինում (կամ Կիպրոսում) 20 թվականին մոտ տարիներից մեկում, ուստի Հիսուսի հասարակական գործունեության տարիներին եղել է մոտ 14-17 տարեկան պատանի: Որքան որ հնարավոր է եզրակացնել նորկտակարանյան հատվածների համադրությունից, Մարկոսի մոր՝ Մարիամի երուսաղեմյան տանն էին հավաքվում առաջին քրիստոնյաները (հմմտ. Գրծ 12, 12): Քրիստոնեական հնագույն վավերագրերից մեկը[4] հաստատում է, որ դա հենց այն տունն է, ուր գտնվում էր Վերնատունը (երկրորդ հարկում գտնվող ընդարձակ սրահը), ուր Հիսուսը կատարել է Վերջին Ընթրիքը և հաստատել է Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը: Նույնքան հավանական է թվում ավանդությունը, որի համաձայն՝ Մարկոսի ընտանիքին է պատկանել նաև Գեթսեմանիում գտնվող ձիթենիների պարտեզը, ուր տեղի է ունեցել Հիսուսի ձերբակալությունը. սրանով լիովին հասկանալի է դառնում նաև Մարկոսի ներկայությունն այնտեղ (Մրկ 14, 51-52):
Պողոս Առաքյալի կողմից Կողոսացիներին ուղղված Նամակից (4, 10) գիտենք նաև, որ Մարկոսը Բառնաբասի զարմիկն էր (քրոջ կամ եղբոր որդին): Բառնաբասը Պողոս Առաքյալի գործակիցներից մեկն էր և Եկեղեցու առաջին ժամանակների ամենաեռանդուն քարոզիչներից մեկը: Սա թույլ է տալիս մեզ նաև հաստատելու, որ Մարկոսը ղևտացիների տոհմին պատկանող հրեա էր (հմմտ. Գրծ 4, 36):