01-02. Դավադրություն Հիսուսի դեմ – Գրադարան – Mashtoz.org

01-02. Դավադրություն Հիսուսի դեմ

→ Մտթ 26, 1-5; Ղկս 22, 1-2
≈ Մտթ 26, 17
 
1Եվ այդպես, երկու օրից Զատիկն էր ու Բաղարջակերացը, և քահանայապետներն ու օրենսգետները խորհում էին, թե ինչպե՛ս Նրան խաբեությամբ բռնելով՝ սպանեն: 2Բայց ասում էին. «Ո՛չ տոնի ժամանակ, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»:
14, 1 - «երկու օրից Զատիկն էր ու Բաղարջակերացը». Զատկի տոնից երկու օր առաջ, – ամենայն հավանականությամբ՝ Չորեքշաբթի, Նիսան ամսվա 13-ին – մինչ ժողովուրդը տակավին Հիսուսի կողմից էր, կրոնական իշխանությունները խորհում են, թե ինչպե՛ս սպանեն Նրան: Մի բան, որ ցանկանում էին իրականացնել վաղուց ի վեր, բայց հետաձգում էին՝ ժողովրդից վախենալով (3, 6; 11, 18; 12, 12):
Սկզբնական շրջանում Զատիկը եղել է քոչվոր խաշնարած ժողովուրդների տոներից մեկը, որի ժամանակ նրանք, որպես քավության զոհ, իրենց աստվածություններին էին ընծայաբերում իրենց հոտերի առաջնածին կենդանիներին: Եգիպտոսից հրեաների Ելքից հետո կապակցության մեջ է դրվում ստրկությունից ազատագրվելու պատմական իրադարձության հետ և որպես տոնակատարության օր է նշանակվում Նիսան ամսվա 14ը (փաստացի 15ը, քանի որ Զատկական Ընթրիքն ուտում էին երեկոյան, արևամուտին, զատկական գառնուկը Տաճարում օրհնելուց հետո, ուստի օրն արդեն փոխված էր լինում և սկսված էին լինում հաջորդ օրվա առաջին ժամերը):
Բաղարջակերացը, մինչդեռ, սկզբնական շրջանում եղել է հողագործական տոն, որի ժամանակ աստվածություններին ընծայաբերվել են գարնանային առաջին պտուղները: Հետագայում այս տոնը ևս հրեաների կողմից կապակցության մեջ դրվեց Ելքի հետ, որի ժամանակ, հանկարծակի մեկնումի աճապարանքի պատճառով, հրեաները ճանապարհի համար հաց էին թխել առանց ալյուրը խմորելու (բաղարջ հաց): Բաղարջակերացը տոնակատարվում էր յոթ օր շարունակ, Նիսան ամսվա 15ից 21ը:
Աստծուն ուղղված գովաբանությունն ու երախտագիտությունը՝ անցյալում գործի դրված Նրա յուրահատուկ բարության համար, միահյուսվում էին այս երկու տոնակատարությունների ընթացքում (որոնց կապն արտահայտված է Ել 12, 3-20; 34, 18; Ղևտ 23, 4-8; Թց 9, 2-14; 28, 16-17; 2Օր 16, 1-8 հատվածներում), միաժամանակ արտահայտելով նաև ապագա փրկության հույսը: – Տե՛ս նաև Մտթ 26, 17+:
 
14, 2 - «Ո՛չ տոնի ժամանակ». Տե՛ս Մտթ 26, 5+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։