01-06. Գոսացած ձեռքի բժշկումը – Գրադարան – Mashtoz.org

01-06. Գոսացած ձեռքի բժշկումը

→ Մտթ 12, 9-14; Ղկս 6, 6-11
≈ Ղկս 14, 4; Եփս 4, 18
 
1Եվ Նա նորից ժողովարան մտավ: Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը գոսացած էր, 2և նրանք ուշադիր դիտում էին Նրան, տեսնելու՝ թե արդյոք բժշկելո՞ւ էր նրան շաբաթ օրով, որպեսզի մեղադրեին Նրան: 3Եվ Նա ասաց այդ մարդուն, որի ձեռքը գոսացած էր. «Կանգնի՛ր մեջտեղում»: 4Ապա հարցրեց նրանց. «Շաբաթ օրով բարի բան անե՞լն է օրինավոր, թե՞ չար բան անելը. մի կյանք փրկե՞լը, թե՞ մահվան մատնելը»: Բայց նրանք լուռ մնացին: 5Եվ զայրացած՝ շուրջբոլորը նրանց նայելով, և նրանց կարծրասրտության պատճառով տրտմելով՝ այդ մարդուն ասաց. «Ձեռքդ երկարի՛ր»: Եվ նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ: 6Եվ փարիսեցիներն իսկույն դուրս գալով՝ հերովդեսականների հետ խորհուրդ արեցին Նրա դեմ, թե ինչպե՛ս կարող էին սպանել Նրան:
3, 1 - Ժողովարանը, որի մասին այստեղ խոսվում է, ամենայն հավանականությամբ՝ Կաֆառնաումինն է, ինչի մասին մտածել է տալիս «նորից» նշումը:
 
3, 3 - «Կանգնի՛ր մեջտեղում». Գոսացած (անդամալուծված, մկանները չորացած, անշարժացած) ձեռքով մարդը, որ ոչ մի խնդրանք չէր ներկայացրել սեփական նախաձեռնությամբ (ի տարբերություն այլոց, որոնք Հիսուսին աղաչում էին բժշկել իրենց), Մարկոսի կողմից մեջտեղ է կանչվում՝ գրեթե որպես ժողովարանի ժողովրդի ներկայացուցիչ ու խորհրդապատկեր: Փարիսեցիական ուսմունքը չորացրել, անշարժացրել էր նրանց ''ձեռքերը'', այսինքն՝ գործելու կարողությունը, շղթայելով օրինապաշտական մարդաստեղծ հազարումի անհեթեթություններով: Նույնն են անում բոլոր ժամանակների ու բոլոր տեսակների փարիսեցիությունները, որոնցից, սակայն, Հիսուսը մարդկանց միշտ կամենում է բուժել Իր իսկ նախաձեռնությամբ:
 
3, 5 - «կարծրասրտության». Տե՛ս Մտթ 19, 8+: Մարկոսն այստեղ գործածում է նույն գաղափարն արտահայտող ա՛յլ բառակապակցություն («πώρωσις τῆς καρδίας» - «պօռօսիս տես կառդիաս»), որը միայն երկու անգամ է գործածվում Նոր Կտակարանում. այստեղ և Եփս 4, 18 տողում: ꟷ
- «Եվ նա երկարեց». Հիմնական տարբերությունը, որ ընդգծվում է հրաշագործվածի ու փարիսեցիների միջև, այն է, որ հիվանդը կատարում է Հիսուսի հրամանը, բացվում է Աստծո շնորհի առաջ: Փարիսեցիները, մինչդեռ, համառում են իրենց կարծրասրտության մեջ, ինչը որ ցավ ու տրտմություն է պատճառում Հիսուսին:
 
3, 6 - «հերովդեսականներ». Տե՛ս Մտթ 12, 14+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։