01-06. Հիսուսի այցելությունը Նազարեթ – Գրադարան – Mashtoz.org

01-06. Հիսուսի այցելությունը Նազարեթ

→ Մտթ 13, 53-58; Ղկս 4, 16-30;  ⁓ Մրկ 7, 32
≈ Մտթ 8, 10; 12, 46; Հվհ 4, 44; 6, 42; 7, 15; 1Տմ 4, 14
 
1Ապա այնտեղից մեկնեց և Իր հայրենի գավառը գնաց, և Իր աշակերտները գնացին Իր ետևից: 2Եվ երբ շաբաթ օր եղավ, սկսեց ուսուցանել ժողովարանում: Եվ շատերը, երբ լսում էին Նրան, զարմանում էին ու ասում. «Այս բաները որտեղի՞ց են այս մարդուն, և ի՞նչ է այս իմաստությունը, որ տրված է նրան, և այս կարգի հզոր գործերը, որ կատարվում են իր ձեռքով: 3Սա հյուսնը չէ՞, Մարիամի որդին, Հակոբոսի, Հովսեսի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը: Եվ նրա քույրերն այստեղ՝ մեր մոտ չե՞ն»: Եվ գայթակղվում էին Նրա պատճառով: 4Իսկ Հիսուսը նրանց ասում էր. «Մարգարեն արհամարհված չէ, եթե ո՛չ միայն՝ իր հայրենի գավառում, իր ազգականների մեջ և իր տանը»: 5Եվ չկարողացավ այնտեղ որևիցէ մի զորավոր գործ կատարել, այլ՝ մի քանի հիվանդների միայն բժշկեց, ձեռքերը նրանց վրա դնելով: 6Եվ Նա զարմանում էր նրանց անհավատության վրա:
6, 1 - «հայրենի գավառը». Հուն. «πατρίς» - «պատռիս», որ կարող է նշանակել և՛ հայրենիք, և՛ ծննդավայր: Ավետարանների համատեքստում մատնանշում է Նազարեթը. այն քաղաքը, ուր անց էր կացել Հիսուսի մանկությունը: Տե՛ս նաև Մտթ 13, 54+:
 
6, 2 - «Իր ձեռքով». Բնագրում հոգնակի է. «ձեռքերով»:
 
6, 3 - «հյուսնը». Հուն. «τέκτων» - «տեկտօն». Միայն Մարկոսն է ասում, որ Հիսուսը մասնագիտությամբ հյուսն է եղել: Մատթեոսը գործածում է «հյուսնի որդի» արտահայտությունը (13, 55): Որոշ ձեռագրեր, Մարկոսի տեքստը Մատթեոսի հետ նույնացնելու նպատակով, այստեղ էլ գործածում են «հյուսնի որդի» արտահայտությունը: Գրաբարը ևս. «մանուկ հիւսանն»։ ꟷ
- «Մարիամի որդին». Հուն. «υἱὸς τῆς Μαρίας» - «հյուիոս տես Մառիաս». Հակառակ հրեական սովորությանը՝ գործածելու մարդու հայրանունը, «Մարիամի որդի» արտահայտությունը – միակ դեպքն է Մարկոսի Ավետարանում, ուր Հիսուսի մայրը հիշվում է իր անունով – կարող է արտացոլել Մարկոսի հավատքը, որի համաձայն՝ Աստված է Հիսուսի Հայրը (1, 1.11; 8, 38; 13, 32; 14, 36): – Տե՛ս նաև Մտթ 13, 55+: ꟷ
- «Հովսես». Հուն. «Ἰωσῆς» - «Յօսես». Նոր Կտակարանում գործածվում է միայն երեք անգամ, երեքն էլ Մարկոսի Ավետարանում (6, 3; 15, 40.47): Ձեռագրերում հանդիպում են նաև Հովսե (գրաբարը ևս. «Յովսեայ») և Հովսեփ տարբերակները: ꟷ
- «եղբայրը ... քույրերն ... ». Հուն. «ἀδελφὸς ... ἀδελφαὶ ... » - «ադելֆոս ... ադելֆայ ... »։ Տե՛ս Մտթ 12, 46+-ի առաջին մասը: ꟷ
- «գայթակղվում էին». Տե՛ս Մտթ 18, 8-9+-ի առաջին մասը: – Այսինքն՝ տեսնելով այն մարդկային միջավայրը, որտեղից Հիսուսը որպես մարդ անհրաժեշտորեն ու անխուսափելիորեն սերում էր, գայթում, սայթաքում էին, չէին կարողանում գերազանցել այդ պատնեշը և տեսնել այդ խոնարհության մեջ ներկա ու գործող Աստծուն:
 
6, 4-6 - Տե՛ս Մտթ 13, 57-58+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։