01-08. Թափուր գերեզմանն ու հրեշտակի պատգամը – Գրադարան – Mashtoz.org

01-08. Թափուր գերեզմանն ու հրեշտակի պատգամը

→ Մտթ 28, 1-8; Ղկս 24, 1-10; Հվհ 20, 1-2
⁓ Մրկ 9, 3; 14, 28;  ≈ Մտթ 2, 23; 28, 10
 
1Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին և Հակոբի մայր Մարիամը և Սալոմեն բուրումնավետ յուղեր գնեցին, որպեսզի գալով՝ օծեին Նրան: 2Եվ շաբաթվա առաջին օրը, առավոտյան շատ շուտ՝ արևածագին, եկան գերեզմանի մոտ: 3Եվ միմյանց ասում էին. «Ո՞վ մեր համար դեն կգլորի քարը գերեզմանի մուտքից»: 4Բայց դեպի վեր նայելով՝ տեսան, որ քարը հեռու էր գլորված, թեև այն չափազանց մեծ էր: 5Եվ գերեզմանի մեջ մտնելով՝ նրանք մի երիտասարդ տեսան աջ կողմում նստած, երկայնափեշ սպիտակ զգեստ հագած, և զարհուրեցին: 6Բայց նա նրանց ասաց. «Մի՛ վախեցեք: Դուք Հիսուսի՛ն եք փնտրում, Նազովրեցո՛ւն, խաչվածի՛ն: Հարություն է առել, այստեղ չէ: Ահա՛ տեղը, ուր Նրան դրել էին: 7Իսկ այժմ գնացե՛ք, Նրա աշակերտներին և Պետրոսին ասացե՛ք, որ Նա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտե՛ղ կտեսնեք Նրան, ինչպես որ ասել էր ձեզ»: 8Բայց նրանք դուրս ելնելով՝ փախան գերեզմանից, որովհետև ահով ու ապշանքով լի էին. և ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին:
16, 1-8 - Սույն դրվագի նպատակը ցույց տալն է, որ Հիսուսի գերեզմանը գտնվել է դատարկ, որ Նա «հարություն է առել» (6) և որ աշակերտներից առաջ «գնում է Գալիլեա» (7), ինչպես որ կանխավ ավետել էր 14, 28 տողում: Պատմողական բոլոր մանրամասնությունները, որ ի մի են հավաքվում այս հատվածում (արևածագը, մի կողմ գլորված քարը, աջ կողմում նստած խորհրդավոր երիտասարդը, սպիտակ զգեստը), նշաններ են այն բանի, որ Հիսուսի Հարության մեջ հայտնվում է Աստծո զորությունը: ꟷ
- Ուսումնասիրողների մեծամասնության կարծիքով Մարկոսի Ավետարանն ավարտվում է 8րդ տողով, կանանց պատկերով, որ լռում են, որովհետև վախենում են: Ուսումնասիրողների մի ա՛յլ խմբի կարծիքով, մինչդեռ, Մարկոսի սկզբնական բնագրի ավարտը չի պահպանվել, այդ իսկ պատճառով՝ 2րդ դարում ամբողջացվել է 9-20 տողերով, ուր ամփոփ կերպով ներկայացվում են Ղկս 24րդ և Հվհ 20րդ գլուխների պատմությունները: ꟷ
- Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 28, 1-8+:
 
16, 1 - «Հակոբի մայր Մարիամը». Հունարեն բնագրում բացակայում է «մայր» նշումը: Բառացի. «Հակոբի Մարիամը» («Μαρία ἡ τοῦ Ἰακώβου» - «Մառիա հէ տու Յիակօբու»): ꟷ
- «որպեսզի գալով՝ օծեին Նրան». Մարկոսի այս նշումը բավականին զարմանք է առաջացնում (մինչ Մատթեոսն ու Հովհաննեսը խոսում են գերեզմանին տրված մի պարզ «այցելության» մասին): Կանայք գիտեին, որ գերեզմանի մուտքը փակված էր, որ քահանայապետների կողմից պահակներ կային նշանակված այնտեղ (Մտթ 27, 62-66), որ Հովսեփ Արիմաթեացին ու Նիկոդեմոսը նախապես արդեն օծել էին Հիսուսի մարմինը (Հվհ 19, 38-40), և ա՛յլ մանրամասնություններ ևս, որոնք անհնարին ու անիմաստ էին դարձնում իրենց նպատակի իրագործումը: Հնարավոր բացատրությունները երկուսն են. կա՛մ նրանք իրենց կանացի սիրավառ սրտով ներքուստ զգում էին և հոգեպես վստահ էին, որ ինչ որ մի հրաշք, աստվածային ինչ որ մի միջամտություն իրենց օգնության էր հասնելու, կա՛մ էլ՝ պետք է թեթևակի ճշգրտենք մեր թարգմանությունները և «օծեին Նրան» խոսքը հասկանանք որպես «օծեին այն», այսինքն՝ ո՛չ թե Հիսուսի մարմինը, այլ՝ գերեզմանը: Հունարեն բնագրի եզրը («αὐτόν» - «աուտոն») թույլատրում է դա: Հետևաբար, կանայք գուցեև գնացել էին գերեզմանի մուտքին աղոթելու և խունկ ծխելու, գերեզմանաքարը խորհրդանշորեն օծելու:
 
16, 6 - Հրեշտակը նախ հանգստացնում է կանանց, ապա ցույց է տալիս, որ տեղյակ է նրանց այցելության նպատակին. ի վերջո ավետում է, որ Հիսուս Նազովրեցին – այն նույն անձը, որ խաչվել էր – «հարություն է առել»: Կանայք և ապա աշակերտները չեն, հետևաբար, որ մեկնաբանում են կատարվածը. Աստծո հրեշտակն է, որ բացատրում է նրանց, թե ի՛նչ է տեղի ունեցել:
 
16, 7 - «աշակերտներին և Պետրոսին». Պետրոսը միակն է, որ առանձնացվում է մյուսներից և անունով է կոչվում: Պետրոսին և աշակերտներին ժամադրություն է տրվում Գալիլեայում, ինչպես Հիսուսն Ինքը կանխավ ավետել էր (14, 28), վերջին ու վճռական «դեմ առ դեմ» հանդիպման համար («այնտեղ կտեսնեք Նրան»): Կանայք կոչված են կատարելու այս կարևորագույն հանձնարարությունը՝ հաղորդելու այս պատգամը Առաքյալներին, լինելու Հարության առաջին քարոզիչները: Այդ պատգամի շնորհիվ վերահաստատվում է Հիսուսի կապը Իրենների հետ: Հակառակ նրանց կողմից դրսևորված բոլոր անհասկացողությունների, վախերի, անհավատարմությունների, և մինչև իսկ ուրացումների, Հիսուսի հավատարմությունը չի խզվել (Նա «Ամեն»ն է, հավատարիմ ու ճշմարտախոս Վկան. Հյտ 3, 14), այլ մանավանդ թե՝ այժմ, տակավին Ի՛ր նախաձեռնությամբ, վերահաստատվում ու ամրապնդվում է մի նոր լույսի ներքո:
 
16, 8 - Անակնկալ հանդիպումից ու մարդկային մտքի բոլոր կարողությունները գերազանցող պատգամից խորապես ցնցված (տե՛ս այս ծանոթագրության երկրորդ մասը), կանայք փախչում են և չեն խոսում: Բայց նրանց այս փախուստը չպետք է մեկնաբանվի որպես ստացած առաքելության լիակատար ու ամբողջական ձախողում. պարզապես և ընդամենը՝ առաջին պահի ինքնաբուխ հակազդեցությունն է ահի ու ապշանքի հույժ սաստիկ զգացումներին, որոնց նրանք ենթակա էին այդ պահին: Լիովին ակնհայտ է, որ նրանց լռությունը սոսկ ժամանակավոր է եղել: Ով պատմում է դեպքերի ընթացքը, հետո տեղեկացել է այդ ամենին. ինչը որ նշանակում է, որ վախի ու շփոթվածության սկզբնական հոգեվիճակը որոշ ժամանակ անց հաղթահարելով՝ նրանք կատարել են իրենց վստահված առաջադրանքը և Առաքյալներին փոխանցել են ստացված պատգամը (հմմտ. Մտթ 28, 8-20 հատվածի ավարտը և Հվհ 20, 2+-ի առաջին մասը): Ինչպես նաև, նման տարողության լուրը չէր կարող երկար ժամանակ գաղտնի պահվել, այլապես՝ հոգեկան շա՜տ ավելի մեծ ընկճվածություն ու տվայտանքներ կպատճառեր կանանց, քան այդ սկզբնական ահն ու ապշանքն էին պատճառում այդ պահին: Մնում է փաստը, որ այս կտրուկ ու անսպասելի տեղեկատվությամբ՝ Մարկոսի պատմությունը գրեթե վստահաբար ավարտվում է, կամ ընդմիջվում, ընթերցողին թողնելով պատմության շարունակությունը մեկնաբանելու առաջադրանքը: ꟷ
- «ահով ու ապշանքով լի էին». Բառացի՝ բռնված էին ահով ու ապշանքով, ահ ու ապշանք ունեին: Ապշանքը հունարեն բնագրում արտահայտված է «ἔκστασις» - «էկստասիս» եզրով, որ նշանակում է հափշտակություն, իր սովորական վիճակից մտքի խլում, տեղափոխում մի ուրիշ վայր, որով անկարող է դառնում կատարելու իր սովորական գործողությունները: Սրանով լավագույն կերպով բացատրվում է նաև կանանց միառժամանակյա լռության պատճառը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։