01-08. Հովհաննես Մկրտչի քարոզչությունը – Գրադարան – Mashtoz.org

01-08. Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

→ Մտթ 3, 1-12; Ղկս 3, 1-18
≈ Մտթ 11, 10; Հվհ 1, 19-34; 3, 22-30; Գրծ 1, 5; 11, 16; 13, 25; 19, 4;
Ել 23, 20; 2Թգ 1, 8; Ես 40, 3; Մղք 3, 1
 
1Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը:
 
2Ինչպես գրված է Եսայի մարգարեի գրքում.
 
Ահա՛, քո առջևից ես ուղարկում եմ իմ պատգամատարին,
ով կպատրաստի ճանապարհը քո առջև։
3Անապատում բարբառող ձայն.
պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը,
ուղղեցե՛ք Նրա շավիղները։
 
4Եկավ Հովհաննեսը. նա մկրտում էր անապատում և ապաշխարության մկրտություն էր քարոզում՝ մեղքերի թողության համար: 5Նրա մոտ էին գնում Հուդեայի ողջ երկրամասի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, և նրա ձեռամբ մկրտվում էին Հորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը: 6Հովհաննեսն ուղտի մազից հյուսված զգեստ էր հագնում, և կաշվե գոտի էր կրում իր մեջքին, մորեխներով ու վայրի մեղրով էր սնվում, 7և քարոզում էր՝ ասելով. «Իմ ետևից գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ ես արժանի չեմ խոնարհվելու՝ Նրա կոշիկների կապերն արձակելու համար: 8Ես ձեզ մկրտեցի ջրով. Նա, մինչդեռ, կմկրտի ձեզ Սուրբ Հոգով»:
 
1, 1 - Ավետարանը («εὐαγγέλιον» - «էվանգելիոն»), որ նշանակում է «բարի լուր», Աստծո Արքայության գալուստն է (հմմտ. Մտթ 4, 17 և 4, 17+): Հին Կտակարանում նախապատրաստված լինելով (Ես 40, 9; 52, 7; 61, 1), այն այժմ ավետարանվում է Հիսուսի կողմից, Ով «հռչակում է» Ավետարանը (Մտթ 4, 23; 9, 35; Մրկ 1, 14), ավետարանում է Արքայությունը (Ղկս 4, 43; 8, 1; հմմտ. 16, 15) և հորդորում է հավատալ Ավետարանին (Մրկ 1, 15; հմմտ. Մտթ 8, 10; Հռմ 1, 16): Աստծո Արքայությունը եկել է հանձինս Հիսուսի (Մտթ 11, 5; Ղկս 4, 18.21): Իրենից հետո Իր աշակերտները տարածելու են Ավետարանն ամբողջ աշխարհով մեկ (Մտթ 24, 14; 26, 13; Մրկ 16, 15; Գրծ 5, 42; Գղտ 2, 7): Սկզբում քարոզված, ապա հանգրվան առ հանգրվան գրի առնված այս Բարի Լուրը արձանագրվել է կանոնական չորս Ավետարանների մեջ (տե՛ս Ներածությունը): ꟷ
«Ավետարան» գոյականը, որ երբեք չի գործածվում Ղուկասի ու Հովհաննեսի կողմից (Մատթեոսը նախընտրում է «βίβλος» - «բիբլոս» - «գիրք» եզրը, իսկ Ղուկասը՝ «διήγησις» - «դիեգեսիս» - «պատմվածք»ը), Մարկոսի մոտ (և Մտթ 26, 13 տողում) դառնում է տեխնիկական եզր՝ մատնանշելու համար տվյալ գրքի բովանդակությունը, և այսպիսով դառնում է չորս Ավետարանների ինքնատիպ տիտղոսը, անունը: Մատթեոսի մյուս հատվածներում, և միշտ՝ Ղուկասի մոտ, որ գործածում է միայն համապատասխան բայը, «ավետել բարի լուրը» թարգմանությունը թվում է առավել նախընտրելի: ꟷ
«Աստծո Որդու». Մարկոսն իսկույն ճշտում, ընդգծում ու անվախ հռչակում է Հիսուսի ճշմարիտ ինքնությունը (հմմտ. 1, 11; 9, 7; 15, 39), ինչի համար էլ արժանացել է սրբապատկերներում առյուծի խորհրդապատկերով ներկայացվելու: Ներկա լինելով հնագույն ձեռագրերի մեծամասնության մոտ, սույն տիտղոսը ձեռագրերից մի քանիսում սակայն բացակայում է (տվյալ տողում), մինչ մեկ ձեռագիր ներկայացնում է «Տիրոջ Որդու» տարբերակը: ꟷ
- Բնագրի շարահյուսությունը ամբողջովին հակառակ դասավորությունն ունի, որին ճշգրիտ կերպով համապատասխանում է գրաբարը. «Սկիզբն Աւետարանի Յիսուսի Քրիստոսի՝ Որդւոյ Աստուծոյ» - «Ἀρχὴ τοῦ εὐαγγελίου Ἰησοῦ Χριστοῦ Υἱοῦ Θεοῦ» - «Առխէ տու էվանգելիու Յեսու Խռիստու Հիյու Թէու»:
 
1, 2-3 - «Եսայի մարգարեի գրքում». Չնայած որ և՛ Մատթեոսը (3, 3), և՛ Մարկոսը սույն մարգարեությունը վերագրում են միայն Եսայիին, այն իրականում Մղք 3, 1, Ես 40, 3 և Ել 23, 20 հատվածների միախառնումից ստացված արդյունք է: Այդ իսկ պատճառով, որոշ ձեռագրեր ուղղում են և ասում «մարգարեների գրվածքներում»: Գրաբարում ևս. «Որպէս եւ գրեալ է 'ի մարգարէս»: ꟷ
«ուղարկում եմ իմ պատգամատարին». Հունարեն. «ἀποστέλλω τὸν ἄγγελόν μου» - «ապոստելլո տոն անգելոն մու», բառացի. «առաքում եմ իմ հրեշտակին»: Գրաբարում. «ես առաքեմ զհրեշտակ իմ»: Այստեղից էլ առաջացել է Հովհաննես Մկրտչին սրբապատկերներում հրեշտակային թևերով պատկերելու ավանդությունը:
 
1, 4 - «Հովհաննեսը». Հովհաննեսի կերպարի և Հիսուսի մկրտության մանրամասնությունների, ինչպես նաև գործածված եզրերի իմաստի ու նշանակության վերաբերյալ՝ տե՛ս Մատթեոս 3, 1-17+: ꟷ
«Եկավ». Հուն. «Ἐγένετο» - «Էգենետո», որ նշանակում է «մեջտեղ եկավ», «ի հայտ եկավ», «գոյության եկավ», և այլն, այսինքն՝ հրապարակ, ասպարեզ իջավ: Կապակցվում է 1, 2 տողի «ուղարկում եմ» խոսքին. Հովհաննեսը սեփական նախաձեռնությամբ չէ, որ սկսեց կրոնական գործունեություն ծավալել. «եկավ», որովհետև Աստված իրեն «ուղարկեց»:
 
1, 5 - «Հուդեա». Տե՛ս Մտթ 2, 1+-ի առաջին մասը: ꟷ
- Մարկոսը մեկ տողում ներկայացնում է իր Ավետարանի ողջ թատերաբեմի երեք կարևոր վայրերը: Նախ՝ Հուդեայի երկրամասը, որ հյուսիսից սահմանակցում էր Սամարիային, հարավից՝ Իդումեային (Եդոմ), իսկ արևելքից՝ Պերեային: Հռոմեացիների կողմից 6 թվականին կցվելով Սիրիա (Ասորիք) նահանգին, կառավարվում էր մի տեղական կայսերական կառավարչի կողմից, որոնցից մեկն է եղել Պոնտացի Պիղատոսը (26-36/37թթ.): 70 թվականին դարձել է ինքնավար մարզ: Ապա՝ Երուսաղեմը, որը բացառությամբ այս և 3, 8 տողերի, ուր նկատվում է չեզոք կերպով, Մարկոսի մոտ ընդհանուր առմամբ ներկայացնում է Հիսուսի հանդեպ թշնամանքի ու մերժման վայրը: Վերջում՝ Հորդանանը, Պաղեստինի ամենակարևոր գետը, որ սկիզբ է առնում Հերմոն լեռան լանջերին, սնուցում է Գեննեսարեթի լճի ավազանը և իր ընթացքն ավարտում է՝ թափվելով Մեռյալ Ծով:
 
1, 6 - «մորեխներով». Հուն. «ἀκρίδας» - «ակռիդաս»: Գրաբարում. «մարախ»: Խոսքը վերաբերվում է խոշոր մորեխների այն տեսակին, որ տարածված է Միջին Արևելքի երկրներում և մեծ վնաս է հասցնում բուսականությանը: Գրեթե յուրաքանչյուր գարնան սկզբին, մարախների անթիվ անհամար պարսեր քամու հետ գալիս են Արաբիայից Պաղեստին և ավելի հյուսիս, մինչև որ վերանում են՝ թափվելով Միջերկրական Ծովի մեջ և կեր դառնալով ձկների համար: Արևելքի ժողովուրդները սովոր են սնվել մարախների այս տեսակով, հում կամ կրակի վրա խարկված, աղով համեմված կամ ա՛յլ ձևերով. դրանք իսկապես խիստ սննդարար կերակուր են: Իսրայելացիներին թույլատրված էր ուտել բոլոր տեսակի մարախազգիներին (Ղևտ 11, 22): Այս մարախներն ա՜յն աստիճան կործանարար էին տեղի բնակչության համար, որ Հովհաննու Հայտնության գրքում վերցվել են որպես դժոխային պատժի օրինակ (տե՛ս Հյտ 9, 1-12; հմմտ. նաև Ել 10, 1-20):
 
1, 7 - «Իմ ետևից». Հուն. «ὀπίσω μου» - «օպիսօ մու», որ կարող է թարգմանվել նաև «ինձնից հետո»: Գրաբար. «զկնի իմ»: ꟷ
«ավելի հզոր մեկը». Մարկոսն ակնհայտ կերպով ակնարկում է Հիսուսին, Ով Իր գործունեությունը սկսում է Հովհաննեսից՝ Հին Կտակարանի վերջին մարգարեից հետո: ꟷ
«արժանի». Հուն. «ἱκανὸς» - «հիկանոս», որ բառացի նշանակում է «բավական» և այստեղ համապատասխանում է խոսակցական լեզվի «այդքան չկամ» արտահայտությանը: Գրաբար. «չեմ բաւական»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։