01-08. Պայծառակերպությունը – Գրադարան – Mashtoz.org

01-08. Պայծառակերպությունը

→ Մտթ 17, 1-8; Ղկս 9, 28-36
⁓ Մրկ 1, 11; 5, 37; 14, 40; 16, 5
≈ Գրծ 3, 22; 2Պտ 1, 17; 2Օր 18, 15
 
1Եվ նրանց ասում էր. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ ներկաների մեջ կան ոմանք, որ մահ չեն ճաշակելու, մինչև որ չտեսնեն Աստծո արքայության գալը զորությամբ»:
2Վեց օր հետո, Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, և նրանց տարավ մի բարձր սարի վրա, առանձին՝ իրենք միայն: Եվ պայծառակերպվեց նրանց առաջ, 3և Նրա զգեստները փայլուն, անբիծ սպիտակ դարձան, այնպես՝ ինչպես ո՛չ մի լվացարար երկրի վրա չի կարող այդքա՜ն սպիտակեցնել: 4Եվ երևաց նրանց Եղիան՝ Մովսեսի հետ, և նրանք խոսում էին Հիսուսի հետ: 5Եվ խոսք վերցնելով՝ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռաբբի՜, լա՜վ է մեր համար՝ այստեղ լինել. և թող որ երեք տաղավարներ պատրաստենք, մեկը՝ Քո, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»: 6Չգիտեր, արդարև, թե ի՛նչ պետք է ասեր. նրանք, իսկապես, զարհուրած էին: 7Ապա մի ամպ հովանի եղավ նրանց վրա, և ամպից մի ձայն լսվեց. «Սա՛ է իմ Որդին՝ Սիրելին: Իրե՛ն լսեցեք»: 8Եվ հանկարծակի, իրենց շուրջը նայելով, նրանք այլևս ոչ ոքի չտեսան, այլ՝ միայն Հիսուսին իրենց հետ:
9, 1 - Որոշ հրատարակություններում այս տողը ներկայանում է որպես 8րդ գլխի 39րդ տող: ꟷ
- «զորությամբ». Հուն. «ἐν δυνάμει» - «էն դյունամեյ». 13, 26 տողում այս զորությունը կիրառված է Մարդու Որդու վերադարձի համատեքստում: Այստեղ ևս, ըստ երևույթին, ակնարկում է Սուրբ Հոգու մոտալուտ գալստյանը: Տե՛ս Մտթ 24, 3+-ի առաջին մասը:
 
9, 2-8 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 17, 1-8+:
Մինչ Պայծառակերպության դրվագը Մատթեոսի կողմից գործածվում է՝ հռչակելու համար Հիսուսին որպես Նոր Մովսես, իսկ Ղուկասը ավելի պնդում է վերահաս չարչարանքների նախապատրաստության տեսանկյան վրա (հմմտ. Ղկս 9, 31), Մարկոսը տեսնում է հատկապես ծածուկ Մեսսիայի փառավոր աստվածահայտնություններից մեկը, ինչը որ համապատասխանում է իր Ավետարանում գերիշխող թեմային. փառքով պսակված այս տեսարանը, որքան էլ որ անցողիկ բնույթ է կրում, այդուհանդերձ բացահայտում է այն, ինչ որ է՛ իրականում և ինչ որ շուտով լինելո՛ւ է վերջնական անհետսկոչելի եղանակով Նա, Ով որոշ ժամանակով պետք է որ անցնի տառապող Ծառայի փորձառության միջով:
 
9, 3 - «անբիծ սպիտակ». Հուն. «λευκὰ λίαν» - «լէուկա լիան». Բառացի՝ չափազանց սպիտակ: Գրաբար՝ «սպիտակ յոյժ»։
 
9, 4 - «Եղիան՝ Մովսեսի հետ». Մատթեոսի համաձայն (17, 3) հայտնվել էին Մովսեսն «ու» Եղիան, մինչդեռ Մարկոսի համաձայն՝ հայտնվել էր Եղիան Մովսեսի «հետ»: Տպավորություն է ստեղծվում, թե Մարկոսի համար Եղիայի (Մարգարեների) կերպարն առավել առաջնային է, քան Մովսեսինը (Օրենքը): Ինչևէ, Մովսեսն ու Եղիան ներկայացնում են Հին Կտակարանի Օրենքն ու Մարգարեներին, և երկուսն էլ կապված են Սինայ լեռան պատկերին. հմմտ. Ել 19, 16 - 20, 17; 1Թգ 19, 2.8-14: Այժմ հայտնվում են որպես վկաներ այն բանի, որ Օրենքն ու Մարգարեները իրենց լիակատար լրմանն են հասել հանձինս Հիսուսի, Նրա փառքի մեջ:
 
9, 5 - «խոսք վերցնելով». Կիրառված բայն («ἀποκρίνομαι» - «ապոկռինոմայ») իր առաջնային իմաստով նշանակում է «պատասխանել» (գրաբար. «Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցՅիսուս»), բայց կարող է նաև նշանակել «միջամտել, ընդհանուր զրույցի ժամանակ խոսք վերցնել, խոսքը զրուցակիցներից մեկին ուղղել»: Տվյալ դեպքում Հիսուսը Պետրոսին հարց չէր տվել, ուստի Պետրոսը ո՛չ թե պատասխանում է, այլ՝ միջամտում:
 
9, 6 - «Չգիտեր». Մի նմանատիպ արտահայտություն («չգիտեին ի՛նչ պատասխանեին Նրան») գտնվում է նաև Գեթսեմանիի դրվագում (14, 40). երկու դեպքում էլ խոսքը վերաբերվում է աշակերտների մտակորույս վիճակին՝ կատարվող իրադարձությունների դիմաց: ꟷ
- «նրանք». Այսինքն՝ երեք աշակերտները:
 
9, 7 - «մի ամպ հովանի եղավ». Աշակերտները (ներկա երեքը և բոլոր ժամանակների բոլոր աշակերտները) չեն մնում սոսկ որպես հանդիսատեսներ: Նրանք ներգրավվում են Հիսուսի փառավորման իրականության մեջ, իրենք էլ են մասնակից դառնում այդ փառքին: Հին Կտակարանում ամպը ծածկել էր Վկայության Խորանը (ծիսական հավաքի վրանը) և այն լցվել էր Տիրոջ Փառքով, մատնանշելով Աստծո ներկայությունն Իր ժողովրդի մեջ (Ել 40, 34-35), իսկ հետո լցրել էր նաև Երուսաղեմի Տաճարը պաշտամունքի կատարման պահին (1Թգ 8, 10): Մկրտության դրվագի հետ համադրմամբ (1, 11), Հիսուսի հռչակումը որպես Աստծո Որդի և Նրան «լսելու» հրամանը (հմմտ. 2Օր 18, 15), հավաստում և վավերացնում են Հիսուսի աստվածային բնությունը և Նրա Վարդապետության բացարձակ հեղինակությունը: ꟷ
- «իմ Որդին՝ Սիրելին». Տե՛ս Մտթ 3, 17+-ի երկրորդ մասը:
 
9, 8 - «միայն Հիսուսին իրենց հետ». Օրենքն ու Մարգարեները անցել են, և միայն Հիսուսն է այլևս ընկերակցում մարդկանց դեպի Հավիտենական Կյանք, այդպիսով իրականացնելով Իր Անվան իսկ նշանակությունը. տե՛ս Մտթ 1, 23+ և 28, 20+-ի երկրորդ մասը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։