01-10. Հացերի երկրորդ բազմացումը – Գրադարան – Mashtoz.org

01-10. Հացերի երկրորդ բազմացումը

→ Մտթ 15, 32-39;  ⁓ Մրկ 6, 30-44
 
1Այդ օրերին, քանի որ դարձյալ մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել և ուտելու բան չունեին, աշակերտներին Իր մոտ կանչելով՝ Նա նրանց ասաց. 2«Կարեկցում եմ այս մարդկանց, որովհետև արդեն երեք օր է, որ իմ մոտ են, և այլևս ոչինչ չունեն ուտելու: 3Եթե նրանց քաղցած ճանապարհ դնեմ դեպի իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, քանի որ նրանցից ոմանք հեռվից են եկել»: 4Աշակերտները պատասխանեցին Նրան. «Բայց ինչպե՞ս կարելի է նրանց հացով կշտացնել այստեղ՝ այս ամայի վայրում»: 5Եվ Նա նրանց հարցրեց. «Քանի՞ հատ նկանակ ունեք»: Եվ նրանք պատասխանեցին. «Յոթը»: 6Եվ Նա հրամայեց մարդկանց նստել գետնին: Ապա յոթը նկանակները վերցնելով և գոհություն հայտնելով՝ դրանք կտորների բաժանեց և տվեց Իր աշակերտներին, որպեսզի նրանց առաջ դնեին: Եվ նրանք դրեցին մարդկանց առաջ: 7Եվ մի քանի փոքր ձկներ ունեին. և դրանք օրհնելով՝ հրամայեց, որ դրանք էլ նրանց առաջ դնեն: 8Եվ նրանք կերան ու կշտացան, և յոթը զամբյուղ ավելացած կտորտանքներ հավաքեցին: 9Նրանք, արդ, մոտ չորս հազար հոգի էին: Եվ Նա նրանց ճանապարհ դրեց:
10Եվ Իր աշակերտների հետ անմիջապես նավակ մտնելով՝ Նա գնաց Դալմանութայի կողմերը:
8, 1-10 - Այս բաժնի որոշ մանրամասների վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 14, 13-21+ և 15, 32-39+:
 
8, 1 - Հացերի երկրորդ բազմացման դրվագում նախաձեռնությունը Հիսուսինն է, ո՛չ թե աշակերտներինը (6, 35): Երկրամասը, ուր դեպքը կատարվում է, հեթանոսական է: Հիսուսը կարեկցանք է զգում մարդկանց հանդեպ, որոնք «հեռվից են եկել» (հմմտ. Գրծ 2, 39; 22, 21; Եփս 2, 13; Հս 9, 6.9; Ես 60, 4) և արդեն «երեք օր է», ինչ Իր մոտ են: Այս ընդգծումներով Մարկոսը կամենում է մատնանշել հեթանոսների երկարատև հավատարմությունը, որով նրանք պատրաստակամ են սպասելու՝ ստանալու համար Հիսուսի պարգևը: Հին Կտակարանում «երրորդ օրը» այն օրն է, որում Աստված միջամտում է (օրինակ, Ծնդ 22, 4; Ել 19, 16; Ովս 6, 2; և այլն):
 
8, 2 - «Կարեկցում եմ». Տե՛ս 1, 41+: ꟷ
- «այլևս». Բնագրում բացակայում է:
 
8, 6 - «նստել». Բառացի՝ թիկնել, բազմել: Գրաբար. «բազմել 'ի վերայ երկրի»։
 
8, 10 - «Դալմանութա». Տե՛ս Մտթ 15, 39+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։