
01-11. Մեսսիական մուտքը Երուսաղեմ
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
-
06
-
-
07
-
-
08
-
-
09
-
-
10
-
-
11
-
-
12
-
-
13
-
-
14
-
-
15
-
-
16
-
-
17
-
→ Մտթ 21, 1-11; Ղկս 19, 28-38; Հվհ 12, 12-16; ⁓ Մրկ 14, 14
≈ Մտթ 21, 12-22; Ղկս 1, 32; 19, 45-48; 23, 53; 2Սմ 7, 16; Սղմ 118, 25-26
1Եվ երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթֆագեին ու Բեթանիային, Ձիթենյաց լեռան մոտ, Նա ուղարկեց Իր աշակերտներից երկուսին 2և նրանց ասաց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր առջևում է, և իսկույն, մտնելով այնտեղ, մի մտրուկ կգտնեք կապված, որի վրա ոչ մի մարդ դեռ չի հեծնել: Արձակեցեք դրան և բերեք: 3Իսկ եթե ինչ որ մեկը ձեզ ասի. ''Ինչո՞ւ եք այս բանն անում'', ասացեք. ''Որովհետև իր Տիրոջը պետք է, բայց Նա դրան իսկույն ետ կուղարկի այստեղ''»: 4Եվ նրանք գնացին և գտան մտրուկին՝ մի դռան մոտ կապված, դրսում, փողոցի կողմից, և արձակեցին նրան: 5Եվ այնտեղ կանգնածներից ոմանք նրանց ասացին. «Ի՞նչ եք անում: Ինչո՞ւ եք այդ մտրուկն արձակում»: 6Եվ նրանք ասացին նրանց այնպես, ինչպես Հիսուսն ասել էր: Եվ թույլ տվեցին նրանց: 7Եվ նրանք բերեցին մտրուկին Հիսուսի մոտ, և իրենց վերարկուները նրա վրա գցեցին, և Նա նրա վրա նստեց: 8Եվ շատերն իրենց վերարկուները փռում էին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ՝ տերևալից ճյուղեր, որ կտրել էին այգիներից: 9Եվ նրանք, որ գնում էին առջևից, ու նրանք, որ գալիս էին ետևից, գոչում էին.
Օվսաննա՜։
Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։
10Օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է:
Օվսաննա՜ երկնային բարձունքներում:
11Եվ Նա մտավ Երուսաղեմ, տաճարը, և շուրջբոլորն ամեն ինչ նայելուց հետո, քանի որ արդեն ուշ ժամ էր, Տասներկուսի հետ դուրս ելավ դեպի Բեթանիա:
11, 1-11 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի համար՝ տե՛ս Մտթ 21, 1-11+:
11, 2 - «որի վրա ոչ մի մարդ դեռ չի հեծնել». Հին Կտակարանում այն ամենը, որ ընծայվում էր Աստծուն (բերքի ու կենդանիների երախայրիները), պետք է որ կատարյալ կերպով անթերի լիներ: Այստեղ ակնարկվում է կենդանուն, որը, քանի որ սահմանված էր ծիսական պաշտամունքի ժամանակ ծառայելուն, չպետք է լուծ կրած լիներ (հմմտ. Թց 19, 2; 2Օր 21, 3): Այս մանրամասնությունը Մարկոսի համար թերևս կարևոր է՝ ընդգծելու համար Հիսուսի թագավորական արժանապատվությունը, որն արտահայտվում է նաև հաջորդ տողում Տեր («Κύριος» - «Կյուռիոս») տիտղոսի գործածումով:
11, 8 - «տերևալից ճյուղեր». Հուն. «στιβάδας» - «ստիբադաս». Միակ տեղն է Նոր Կտակարանում, ուր գործածվում է այս եզրը: Հովհաննեսը (12, 13) խոսում է արմավենու ճյուղերի մասին, բայց դրանք, թերևս, ավելի հարմար էին Տաղավարահարաց (հմմտ. Ղևտ 23, 39-43) և Տաճարի Ընծայման տոների (հմմտ. 1Մկբ 13, 51; 2Մկբ 10, 7), քան թե Զատկի համար:
11, 9 - Բարիգալստյան ու օրհնության այս բերկրալի բացականչությամբ քահանան դիմավորում էր Երուսաղեմի Տաճար բարձրացող ուխտավորներին (հմմտ. Սղմ 118, 25-27):
11, 10 - Այս տողը նախորդ տողում մեջբերված սաղմոսի շարունակությունը չէ, այլ՝ սաղմոսի այդ խոսքերին տրված մեկնաբանություն՝ արտահայտելու համար իսրայելացիների մեսսիական հույսը: Երկու տողերում գրի առնված բացականչությունների զուգահեռականությունը հանգեցնում է եզրակացնելու, որ «Դավթի թագավորությունը» նույնացվում է Նրա հետ, Ով «գալիս է Տիրոջ անունով», այսինքն՝ Հիսուսի հետ: ꟷ
- «Օվսաննա՜ երկնային բարձունքներում». Հուն. «Ὡσαννὰ ἐν τοῖς ὑψίστοις» - «Հօսաննա էն տոիս հյուպսիստոիս». Բառացի՝ Օվսաննա՜ ամենավերին բարձունքներում: – Մի խումբ ձեռագրեր, Մարկոսի այս տողը Ղկս 2, 14 տողի հետ որոշակի չափով նմանեցնելով և, թերևս, հատվածին փրկագործական առավել ընդգծված նկարագիր հաղորդելու նպատակով, ներկայացնում են «Խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք բարձունքներում» տարբերակը: Գրաբարը նույնպես. «Խաղաղութիւն յերկինս եւ փառք 'ի բարձունս»։
11, 11 - Շուրջբոլորն ամեն ինչ նայելով՝ Հիսուսը թերևս ուզում է իրավիճակի ճշգրիտ պատկերը կազմել, նաև հաջորդ օրը կատարելիք Տաճարի մաքրագործման հեռանկարով: Այս համատեքստում, համենայն դեպս, ընդգծվում է աստվածային դատաստանի երկայնամիտ համբերատարության գաղափարը, որը երբեք հապճեպ չի գործում: