01-12. Հարց ամուսնալուծության մասին – Գրադարան – Mashtoz.org

01-12. Հարց ամուսնալուծության մասին

→ Մտթ 19, 1-9;  ⁓ Մրկ 7, 24
≈ Մտթ 5, 31-32; Ղկս 16, 18; Ծնդ 1, 27; 2, 24; 2Օր 24, 1
 
1Եվ այնտեղից մեկնելով, գնաց Հուդեայի երկիրը և Հորդանանից այն կողմ: Եվ հոծ բազմություններ կրկին հավաքվում էին Նրա մոտ և Նա, ինչպես որ սովոր էր, կրկին ուսուցանում էր նրանց:
2Եվ փարիսեցիներից ոմանք մոտենալով, Նրան փորձելով՝ հարցրեցին Նրան, թե օրինավո՞ր է, որ մի ամուսին ազատ արձակի իր կնոջը: 3Բայց Նա պատասխանելով՝ ասաց նրանց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»: 4Եվ նրանք ասացին. «Մովսեսը թույլատրել է ապահարզանի թուղթ գրել և ազատ արձակել»: 5Բայց Հիսուսը նրանց ասաց. «Նա ձեր կարծրասրտության պատճառով գրեց այդ կանոնը ձեր համար: 6Արարչագործության սկզբից, մինչդեռ, Աստված ''արու և էգ ստեղծեց նրանց''. 7''այդ իսկ պատճառով, մարդ կթողնի իր հորն ու մորը և կլինեն երկուսը մի մարմին'': 8Ուստի, այլևս երկու չեն, այլ՝ մեկ մարմին: 9Հետևաբար, ինչը որ Աստված միավորել է, մարդ թող չբաժանի»: 10Երբ տուն վերադարձան, աշակերտներն այս խնդրի շուրջ հարցրեցին Նրան: 11Եվ Նա նրանց ասաց. «Ով արձակում է իր կնոջը և ուրիշի հետ է ամուսնանում, շնանում է նրա դեմ. 12և եթե մի կին, իր ամուսնուն թողնելով՝ ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է անում»:
10, 1 - «մեկնելով». Բառացի՝ վեր կենալով, ոտքի կանգնելով: Գրաբար. «յարուցեալ»։
 
10, 2-12 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 5, 31-32+ և 19, 3-12+:
 
10, 2 - «ամուսին». Հուն. «ἀνήρ, ἀνδρός» - «անեռ, անդռոս». Տե՛ս Մտթ 1, 16+:
 
10, 5 - «կանոնը». Հուն. «ἐντολή» - «էնտոլէ». Նշանակում է հրահանգ, հրաման, պատվիրան, կանոն, օրենք:
 
10, 6 - «Աստված». Բնագրում բացակայում է: Բայց հնուց ի վեր, բազմաթիվ ձեռագրեր ավելացնում են՝ նախադասության իմաստը հասկանալի ու միանշանակ դարձնելու նպատակով: Գրաբարը նույնպես. «արար զնոսա Աստուած»։
 
10, 7 - «մարդ». Հուն. «ἄνθρωπος» - «անթռօպոս». Մեծապես հատկանշական և հույժ կարևոր է փաստը, որ տվյալ դեպքում չի գործածվում «ἀνήρ» կամ «ἀνδρός» եզրը, ինչպես 10, 2 տողում, որ նշանակում է կոնկրետ արական սեռի մարդ, այլ՝ «ἄνθρωπος» եզրը, որն ընդհանուր իմաստով նշանակում է մարդկային էակ, և դրված է առանց որոշյալ հոդի: Խոսքը, հետևաբար, թե՝ «կթողնի իր հորն ու մորը», այստեղ չի վերաբերվում միայն տղամարդուն, այլ՝ նաև կնոջը: Մարկոսը լիովին ավետարանական է դարձնում հինկտակարանյան մեջբերումը (հմմտ. Գղտ 3, 26-28): ꟷ
- «իր հորն ու մորը». Քանի որ հինկտակարանյան մեջբերումը Մարկոսը գիտակցաբար տարածել է երկու սեռերի վրա հավասար կերպով, դիտավորյալ բաց է թողել դրա երկրորդ մասը: Որոշ թարգմանիչների ուշադրությունից վրիպել է այս փաստը, ուստի որոշ ձեռագրերում ամբողջացրել են մեջբերումը՝ ավելացնելով «և կմիանա իր կնոջը», կամ «կգնա իր կնոջ ետևից» խոսքերը: Գրաբարը նույնպես. «եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ»։ Բայց քանի որ Մարկոսի մտքում ո՛չ թե միայն տղամարդն է, այլ՝ նաև կինը, այս հավելումը ո՛չ միայն ավելորդ է, այլ՝ աղավաղում է հեղինակի կողմից արտահայտված գաղափարը:
 
10, 9 - «Աստված ... մարդ». Հուն. «Θεὸς ... ἄνθρωπος» - «Թէոս ... անթռօպոս». Ինչպես 10, 7 տողում, այստեղ նույնպես գործածված է ընդհանուր իմաստով մարդկային էակ նշանակող եզրը, առանց որոշյալ հոդի: Այսինքն. որևիցէ մի մարդ՝ տղամարդ, կին, երիտասարդ, տարեց, աղքատ, հարուստ, գյուղացի, քաղաքացի, բանվոր, արքա, կայսր, իրավաբան, քահանա, եպիսկոպոս, եպիսկոպոսապետ, քաղաքական կամ հասարակական գործիչ, նախագահ, ... որևէ դասակարգի, կուսակցության, սեռի, տարիքի, հասարակական դիրքի, բոլոր ժամանակների, աշխարհագրական որևէ վայրում ապրող որևիցէ մարդկային էակ որևիցէ պատճառ առաջ քաշելով թող որ չբաժանի այն, ինչը որ Աստված միավորել է: Առաջին հերթին և ներառյալ հենց իրենք՝ ամուսինները, որոնք նույնպես ներկայացված են «ἄνθρωπος» եզրի մեջ:
 
10, 12 - «մի կին». Բնագրում. «նա», իգական սեռի, որ կապակցվում է նախորդ տողի «կին» եզրին («γυναῖκα» - «գյունայկա»): Մատթեոսը, գրելով հրեական միջավայրի համար, խոսում է միայն տղամարդու նախաձեռնությամբ կատարվող ամուսնալուծության մասին (19, 9): Մատթեոսի համար անըմբռնելի է անգամ, որ նման նախաձեռնություն կարող է կյանքի կոչվել կնոջ կողմից (Մովսիսական Օրենքը նման բան չէր արտոնում): Մարկոսը, մինչդեռ, որ գրում է հեթանոսությունից դարձի եկած ո՛չ-հրեա քրիստոնյաների համար, նախատեսում է նաև այս հնարավորությունը, արտացոլելով Հռոմեական Օրենքով արտոնված դրույթները: Բարոյական գնահատականը, սակայն, երկուսի դեպքում էլ նույնն է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։