01-12. Մարդասպան մշակների առակը – Գրադարան – Mashtoz.org

01-12. Մարդասպան մշակների առակը

→ Մտթ 21, 33-46; Ղկս 20, 9-19
≈ Եբր 13, 12; Սղմ 118, 22-23; Ես 5, 1-2
 
1Եվ սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ խաղողի այգի տնկեց և նրա շուրջը ցանկապատ քաշեց, և հնձան փորեց ու աշտարակ կառուցեց, ապա այն վարձու տվեց մշակների և օտար աշխարհ մեկնեց: 2Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որպեսզի մշակներից վերցներ այգու բերքից: 3Բայց նրան բռնելով՝ նրանք ծեծեցին նրան և ձեռնունայն ուղարկեցին: 4Եվ դարձյալ ուղարկեց նրանց մոտ մի ուրիշ ծառա, և նրան էլ՝ հարվածեցին գլխին ու անպատվեցին: 5Եվ ուրիշ մեկին ուղարկեց, նրան էլ՝ սպանեցին. և ուրիշ շատերի, որոնցից ոմանց ծեծեցին, իսկ ոմանց՝ սպանեցին: 6Նա դեռ մի որդի ուներ սիրելի. վերջում նրան ուղարկեց նրանց մոտ, ասելով. ''Իմ որդուն կհարգեն'': 7Բայց այդ մշակներն ասացին իրար. ''Սա ժառանգն է. եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի'': 8Եվ բռնելով նրան՝ սպանեցին, ու հանեցին՝ այգուց դուրս գցեցին: 9Արդ, ի՞նչ կանի այգու տերը. կգա ու կկոտորի մշակներին, և խաղողի այգին ուրիշների կհանձնի: 10Դուք այս Գրվածքը չեք կարդացե՞լ.
 
Շինարարների կողմից խոտան համարված քարը
անկյունաքար դարձավ.
11սա Տիրոջ կողմից արվեց,
և զմայլելի է մեր աչքին»:
 
12Եվ նրանք հնար էին փնտրում՝ բռնելու Նրան, բայց ժողովրդից վախեցան. հասկացել էին, հիրավի, որ իրենց դեմ էր առակն ասել: Եվ թողնելով Նրան, գնացին:
12, 1-12 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 21, 33-46+:
 
12, 2.4 - «ծառա». Հուն. «δοῦλος» - «դուլոս». Բառացի՝ ստրուկ: Հին արքունիքների բառապաշարում «թագավորի ստրուկ» էին կոչվում ո՛չ միայն բառիս բուն իմաստով հասկացված ստրուկները, այլ նաև՝ արքունի բարձրաստիճան պաշտոնյաները, զորավարներն ու նախարարները: Այստեղ խոսքը Աստծո Արքայության բարձրաստիճան պաշտոնյաների՝ մարգարեների մասին է (հմմտ. Ամս 3, 7; Երմ 7, 25; Զքր 1, 6; և այլն):
 
12, 5 - «ուրիշ շատերի». Հրեական ավանդազրույցները պատմում են հալածված ու սպանված բազմաթիվ մարգարեների մասին: Հիսուսն ակնարկում է այդ ավանդություններին և հաստատում է դրանք (հմմտ. Մտթ 23, 37; Ղկս 13, 34): Այդ ավանդությունները ծանոթ էին նաև առաջին քրիստոնյաներին (հմմտ. Գրծ 7, 52):
 
12, 6 - «սիրելի». Ինչպես Մատթեոսի (3, 17; 12, 18; 17, 5), այնպես էլ Մարկոսի մոտ, «ἀγαπητός» - «ագապետոս» ածականը գործածվում է երեք անգամ (տե՛ս նաև 1, 11 և 9, 7 տողերը): Սույն տիտղոսով այստեղ ակնարկ է կատարվում Իսահակին (հմմտ. Ծնդ 22, 2-13), Աբրահամի սիրելի միակ որդուն, որին Աստված պահանջում է զոհաբերել Իրեն: Հիսուսի ինքնությունը – որպես Աստծո վերջին Առաքյալ – և Նրա առաքելությունն այսպիսով հայտնվում են ակնհայտ կերպով. այնպես, որ հրեա իշխանավորներն ամեն ինչ միանշանակ կերպով հասկանում են (12):
 
12, 7 - Որոշ ձեռագրեր, Մարկոսի այս տողը Մատթեոսին ու Ղուկասին որոշակի չափով նմանեցնելով, նախադասության սկզբում ավելացնում են «երբ տեսան, որ նա գալիս է» խոսքերը: Գրաբարը ևս. «Իսկ մշակքն իբրեւ տեսին զնա զի գայր, ասեն զմիմեանս»։ ꟷ
- «սպանենք». Սպանության ծրագիրն ու այն գործի վերածելու որոշումը հիշեցնում են Հովսեփին սպանելու նպատակադրությունը, որն առաջ էր քաշվել իր եղբայրների կողմից (հմմտ. Ծնդ 37, 20), ինչպես նաև Արդարի դեմ սանձազերծված հալածանքը՝ Իմս 2, 20-ի համաձայն:
 
12, 10-11 - 118րդ Սաղմոսը Նոր Կտակարանում մեջբերվում է որպես Հիսուսի Հարության մասին մարգարեություն, որով Նա ընկալվում և հռչակվում է որպես Նոր Տաճարի՝ Եկեղեցու կառուցման ու անսասանության «անկյունաքար» (հմմտ. Մտթ 21, 42; Ղկս 20, 17; Գրծ 4, 11; 1Պտ 2, 7; և այլն):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։