01-13. Վեճ փարիսեցիական ավանդույթների շուրջ – Գրադարան – Mashtoz.org

01-13. Վեճ փարիսեցիական ավանդույթների շուրջ

→ Մտթ 15, 1-9
≈ Ղկս 11, 38; Ել 20, 12; 21, 17; Ղևտ 20, 9; 2Օր 5, 16; Ես 29, 13
 
1Այդ ժամանակ Նրա մոտ հավաքվեցին փարիսեցիներն ու Երուսաղեմից եկած մի քանի օրենսգետներ: 2Երբ նրանք տեսան, որ Նրա աշակերտներից ոմանք անմաքուր, այսինքն՝ անլվա ձեռքերով հաց էին ուտում, – 3փարիսեցիներն, իրոք, և բոլոր հրեաները, չեն ուտում, եթե ձեռքերը խնամքով չեն լվանում՝ պահելով նախնիների ավանդույթը. 4նաև երբ վերադառնում են շուկայից, եթե լվացումներ չեն կատարում, չեն ուտում. և ուրիշ շատ բաներ էլ կան, որ հներից ավանդվել է նրանց, որպեսզի պահեն, ինչպես՝ բաժակների ու սափորների ու պղնձե սպասքի ու բարձերի լվացումները, – 5փարիսեցիներն ու օրենսգետները Նրան հարցրեցին. «Քո աշակերտներն ինչո՞ւ հների ավանդության համաձայն չեն վարվում, այլ՝ անլվա ձեռքերով են հացն ուտում»: 6Եվ Նա պատասխանեց նրանց. «Իրավացի էր Եսային, երբ ձեր՝ կեղծավորներիդ մասին մարգարեացավ, ինչպես որ գրված է, թե.
 
Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է մեծարում,
բայց իր սիրտը հեռու է ինձնից։
7Արդ, իզուր են նրանք ինձ պաշտամունք մատուցում,
սովորեցնելով ուսմունքներ,
որ մարդկային պատվիրաններ են:
 
8Աստծո պատվիրանն անտեսելով՝ դուք մարդկանց ավանդույթն եք պահում»: 9Եվ Նա նրանց ասում էր. «Իրոք որ հմուտ եք Աստծո պատվիրանն անտեսելու գործում, որպեսզի ձեր ավանդույթը պահեք: 10Արդարև, Մովսեսն ասել է.
 
''Պատվի՛ր հորդ ու մորդ''
և.
''Ով իր հոր կամ իր մոր դեմ չարախոսի, մահվամբ պիտի պատժվի'':
 
11Դուք, մինչդեռ, ասում եք. ''Եթե մի մարդ իր հորը կամ իր մորն ասում է. 'Կորբան, այսինքն՝ ընծա է այն, ինչը պետք է որ քեզ տայի', [...] '', 12այլևս թույլ չեք տալիս նրան որևիցէ մի բան անել իր հոր կամ իր մոր համար, 13այդպիսով անվավեր դարձնելով Աստծո խոսքը հանուն ձեր ավանդույթի, որը դո՛ւք եք փոխանցում միմյանց: Եվ ուրիշ շատ բաներ եք անում սրա նման»:
7, 2 - «անմաքուր». Հուն. «κοινός» - «կոյնոս». Բառացի՝ պարզ, սովորական, ընդհանուր, չվերապահված, ա՛յլ բաների հետ խառնված: Գրաբար. «խառնակ ձեռօք»։ Ավետարաններում գործածվում է միայն այս և 7, 5 տողում, այնպես՝ ինչպես նաև «անլվա» («ἄνιπτος» - «անիպտոս») ածականն է Նոր Կտակարանում գործածվում միայն երկու անգամ. այստեղ և Մտթ 15, 20 տողում: Երկու ածականներն էլ արտահայտում են միևնույն գաղափարը անմաքրության (պղծության), որն ըստ հրեական մտածողության՝ ձեռքերը ծիսական լվացմամբ չլվանալու հետևանքն էր: Խնդիրը, հետևաբար, առողջապահական բնույթի չէ, այլ՝ վերաբերվում է «հների ավանդույթին» չհետևելուն (7, 3): – Տե՛ս նաև Մտթ 15, 2+-ի երկրորդ մասը:
 
7, 3 - Մարկոսը – տարբերվելով Մատթեոսից (15, 1-2), որի ընթերցողները հիմնականում հրեա-քրիստոնյաներ էին – նախընտրում է ծիսական լվացման հակիրճ բացատրություն տալ իր ընթերցողներին, որոնք հիմնականում հեթանոսությունից սերող քրիստոնյաներ էին: ꟷ
- «խնամքով». Հուն. «πυγμῇ» - «պյուգմէ». Բառացի՝ բռունցքով, այսինքն՝ ուժով, մի լավ պրտելով: Գրաբար. «բռնալիր»։ ꟷ
- «պահելով». Հուն. «κρατοῦντες» - «կռատունտես». Բառացի՝ ամուր բռնելով: Գրաբար. «ունին»։ ꟷ
- «նախնիների ավանդույթը». Տե՛ս Մտթ 15, 2+-ի առաջին մասը:
 
7, 4 - «շուկայից». Հուն. «ἀπ’ἀγορᾶς» - «ապ'ագոռաս». Ագորան հունարենում մատնանշում է վայրը, ուր տվյալ բնակավայրի բնակիչները հավաքվում էին: Այդ վայրը ծառայում էր և՛ որպես շուկա (առաջնային իմաստով), և՛ որպես հրապարակ, և՛ որպես հավաքների հանրային վայր (ֆորում): ꟷ
- «եթե լվացումներ չեն կատարում». Հունարեն բնագրում գործածված է «βαπτίζω» - «բապտիզօ» բայը, որ գործածվում է մկրտության դրվագներում (տե՛ս, օրինակ, Մտթ 3, 6 և 3, 6+): Գրաբար. «եթէ ոչ նախ մկրտիցին»։ ꟷ
- «բարձերի». Հուն. «κλινῶν» - «կլինօն». Բառացի՝ մահիճ, խսիր, բազմոց: Տվյալ դեպքում, սակայն, մատնանշում է այն մեծ ու փոքր բարձերը, որոնք հին ժամանակներում գործածվում էին ճաշելիս, դրանց վրա թիկնելու նպատակով:
 
7, 5 - «վարվում». Հուն. «περιπατέω» - «պեռիպատեօ», բառացի՝ քայլել, ընթանալ, շրջել (գրաբար. «ոչ գնան»): Բնագրի բայը հուշում է գաղափարը մի ճանապարհի, որին հարկավոր է հետևել բարոյական վարքի մեջ: Եվ այդ ճանապարհին որպես ուղեցույց մատնանշվում է «նախնիների ավանդույթը», այսինքն՝ մարդկային չգրված օրենքների կորպուսը, որն օրենսգետների ու փարիսեցիների կողմից համարվում և ուսուցանվում էր որպես նույնքան պարտավորեցնող, որքան որ ինքնին Մովսիսական Օրենքն էր (հմմտ. Գղտ 1, 14):
 
7, 6 - «Իրավացի էր ... մարգարեացավ». Բառացի՝ «Լա՛վ մարգարեացավ ... »: Գրաբար. «Բարւոք մարգարէացաւ ... »։ ꟷ
- «Կեղծավոր» եզրը («ὑποκριτής» - «հյուպոկռիտես») հաճախակի է գործածվում Մատթեոսի Ավետարանում (14 անգամ), մինչդեռ Մարկոսի մոտ սա միակ դեպքն է: Եվս 3 անգամ այն գործածվում է Ղուկասի կողմից, իսկ Հովհաննեսի Ավետարանում ամբողջովին բացակայում է: Այդ եզրի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 6, 2+:
 
7, 8-13 - Սրբության (2-5), արտաքին պաշտամունքի (6-7) և պատվիրանների ընդհանուր պահպանման հարցում փարիսեցիական սովորույթներին Հիսուսը հակադրում է Աստծո Օրենքի բարոյական ճշմարիտ նպատակը (8-13):
 
7, 10-11 - «Պատվի՛ր ... չարախոսի ... ». Տե՛ս Մտթ 15, 4+: ꟷ
- «Կորբան». Տե՛ս Մտթ 15, 5-6+: ꟷ
- «ինչը պետք է որ քեզ տայի». Բառացի՝ ինչը որ ինձնից պիտի օգտվեիր: ꟷ
- «իր հորը ... իր մորն». Բնագիրն առանց դերանվան է (նաև հաջորդ տողում): ꟷ
- « [...] ». Մեջբերված խոսքն անավարտ է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։