01-15. Հիսուսը Պիղատոսի առաջ – Գրադարան – Mashtoz.org

01-15. Հիսուսը Պիղատոսի առաջ

→ Մտթ 27, 1-2.11-26; Ղկս 22, 66; 23, 1-5.13-25; Հվհ 18, 28 - 19, 1.4-16
⁓ Մրկ 14, 61;  ≈ Մտթ 21, 38; 26, 57; Հվհ 11, 48; 12, 19; Գրծ 3, 13; Ես 53, 7
 
1Եվ իսկույն, վաղ առավոտյան, քահանայապետները ժողովրդի ավագների ու օրենսգետների և ամբողջ ատյանի հետ խորհուրդ անելով, Հիսուսին կապելով՝ տարան և հանձնեցին Պիղատոսին: 2Եվ Պիղատոսը հարցրեց Նրան. «Դո՞ւ ես Հրեաների Թագավորը»: Եվ Նա, պատասխանելով նրան, ասաց. «Դո՛ւ ես ասում»: 3Եվ քահանայապետները Նրան շատ բաների մեջ էին մեղադրում: 4Ուստի Պիղատոսը կրկին հարցրեց Նրան, ասելով. «Ոչինչ չես պատասխանո՞ւմ: Տե՛ս, ինչքա՜ն բաների մեջ են քեզ մեղադրում»: 5Բայց Հիսուսն այլևս ոչինչ չպատասխանեց, այնպես՝ որ Պիղատոսը զարմացած մնաց:
6Տոնի առիթով նա սովորություն ուներ նրանց համար մի բանտարկյալ ազատ արձակել, ո՛ւմ նրանք պահանջեին: 7Արդ, Բարաբբա անունով մեկը կար բանտարկված, այն ապստամբների հետ, որոնք խռովության ժամանակ մարդասպանություն էին գործել: 8Եվ ոտքի կանգնելով՝ ամբոխը սկսեց պահանջել, որ ըստ սովորության անի նա իրենց համար: 9Այնժամ Պիղատոսը հարցրեց նրանց, ասելով. «Ուզո՞ւմ եք, որ ձեր համար ազատ արձակեմ Հրեաների Թագավորին»: 10Որովհետև գիտեր, որ քահանայապետները նախանձից մղված էին Նրան իր ձեռքը հանձնել: 11Բայց քահանայապետները գրգռեցին ամբոխին, թե ավելի լավ է՝ Բարաբբային ազատ արձակի իրենց համար: 12Բայց Պիղատոսը, մյուս կողմից, առարկելով՝ նրանց ասում էր. «Իսկ ի՞նչ եք ուզում, որ անեմ նրան, ում դուք Հրեաների Թագավոր եք կոչում»: 13Այնժամ նրանք մյուս կողմից աղաղակ բարձրացրեցին. «Խաչի՛ր դրան»: 14Իսկ Պիղատոսը նրանց ասում էր. «Բայց ի՞նչ չարիք է գործել»: Այնժամ նրանք է՛լ ավելի գոռացին. «Խաչի՛ր դրան»: 15Եվ Պիղատոսը, ցանկանալով գոհացում տալ ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին, խարազանել տալուց հետո, նրանց ձեռքը հանձնեց, որպեսզի խաչեին Նրան:
15, 1-15 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների և գործածված եզրերի իմաստի համար՝ տե՛ս Մտթ 27, 1-2.11-26+:
 
15, 1 - «խորհուրդ անելով». Հուն. «συμβούλιον ποιήσαντες» - «սյումբուլիոն պոյեսանտես». Կարող է նշանակել և՛ խորհրդակցելով, և՛ խորհրդակցելու նպատակով ժողով գումարելով: Տվյալ դեպքում ավելի հավանական է առաջին նշանակությունը, քանի որ նպատակը նրանց համար միանշանակ պարզ էր, որոշումը վաղուց կայացված էր, բայց շատ լավ գիտեին նաև, որ իրավասու չէին կիրառելու այն, ինչ ցանկանում էին (տե՛ս Մտթ 26, 66+): Ուստի խորհրդակցում են ու, թեև կուզենային խուսափել այդ պարտավորությունից, այդուամենայնիվ որոշում են չխախտել հռոմեական օրենքը և, հետևաբար, Հիսուսին տանում ներկայացնում են Հռոմեական Կայսրության տեղական կառավարչին:
 
15, 3 - Բազմաթիվ բաները, որոնց մեջ Հիսուսը մեղադրվում էր, վստահաբար հետևյալներն էին. 1) չէր պահում շաբաթն այնպես, ինչպես այդ ինքնըստինքյան լավ ու բարի պատվիրանն ուսուցանվում էր հրեա օրենսգետների կողմից (2, 23-28; 3, 1-6; և այլն). 2) չէր ընդունում ծիսական մաքրության վերաբերյալ փարիսեցիների ու օրենսգետների ուսուցումները (7, 14-23; և այլն). 3) չէր խուսափում շփվել մեղավորների, մաքսավորների, հիվանդների, հեթանոսների հետ (1, 29-34.40-45; 2, 15-17; 5, 21-43; և այլն). 4) ուսուցանում էր, որ Աստծո ու մերձավորի նկատմամբ սերն ավելին է, քան զոհերն ու ծիսական լոկ արտաքին արարքները (12, 28-34). 5) ուսուցանում էր աղոթքի սրտաբուխ, որդիական մի կերպ, և տալիս էր Օրենքի վերաբերյալ ավելի հոգևոր, քան ձևական մեկնաբանություններ (Մտթ 5-7). 6) ուսուցանում էր, որ Իր Մարմինն ու Իր Արյունը հավիտենական կյանք պարգևելու զորությունն ունեն, և որ հարկավոր է սնվել Դրանցով (Հվհ 6, 35-63; Մտթ 26, 26-28; Մրկ 14, 22-24; Ղկս 22, 17-20; 1Կր 11, 23-26). 7) բացարձակ կերպով անլուծարելի էր հռչակում ամուսնությունը, ըստ Արարչի սկզբնական մտադրության (10, 2-12). 8) աղմկահարույց հրաշքներ էր գործում, միաժամանակ հրաժարվելով դրանց վերաբերյալ որևէ բացատրություն տալ կրոնական պաշտոնական իշխանություններին (11, 27-33). 9) հաստատում էր, որ Ինքը Աստծո Որդին է մի ամբողջովին յուրահատուկ, բնական կերպով, ո՛չ սոսկ բարոյական իմաստով (Հվհ 10, 30-38). 10) հավաստիացնում էր, թե հաղթելու էր մահվանը և հարություն էր առնելու (8, 31; 9, 31; 10, 34). և նման ա՛յլ բաներ, որոնք բոլորն էլ անընդունելի էին ինչպես փարիսեցիների ու նրանց օրենսգետների, այնպես էլ սադուկեցիների ու քահանայապետների համար: ꟷ
- Որոշ ձեռագրեր նույնացնում են Մատթեոսի զուգահեռ տողի հետ, ավելացնելով. «բայց նա ոչինչ չէր պատասխանում»: Գրաբարը ևս. «եւ նա ոչ ինչ տայր պատասխանի»։
 
15, 5 - Որոշ ձեռագրեր, Մատթեոսի նմանությամբ, ավելացնում են. «շատ» ածականը: Գրաբարը ևս. «մինչեւ զարմանալ յոյժ Պիղատոսի»։
 
15, 7 - «խռովության ժամանակ». Պատմական ոչ մի տվյալ չի պահպանվել, որը որևէ կերպ օգտակար կլիներ ճշգրտելու, թե Պիղատոսի կառավարման տարիներին տեղի ունեցած բազմաթիվ խռովություններից ու ապստամբություններից կոնկրետ որի՛ մասին է խոսքը:
 
15, 8 - Որոշ ձեռագրեր, Մատթեոսի զուգահեռ տողին հետևելով, ա՛յլ կերպ են ձևակերպում նախադասությունը: Գրաբարը ևս. «Ի ձայն բարձր սկսաւ աղաղակել ամբոխն՝ եւ խնդրել որպէս սովոր էր, զի արձակեսցէ նոցա զԲարաբբայն»։
Համենայն դեպս, ուշադրության արժանի է փաստը, որ Մարկոսի համաձայն՝ ամբոխը կայսերական կառավարչի մոտ եկել էր բանտարկյալներից մեկի համար ներում և արձակում հայցելու դիտավորությամբ, առանց Հիսուսի դեպքի մասին խորհելու: Պիղատոսը ցանկացել է առիթը գործածել՝ առաջարկելու համար կիրառել սովորություն դարձած տոնական ներումը Հիսուսի հանդեպ, այդպիսով փորձելով դուրս գալ իր համար ակամա ստեղծված անելանելի վիճակից: Բայց իր քայլը հանդիպել է քահանայապետների ընդդիմությանը, որոնք գրգռել են ամբոխին և առաջարկել են ազատ արձակել Բարաբբային: Մատթեոսի մոտ այս մանրամասնությունները նվազ տեսանելի են, բայց Մարկոսի հետ համադրելով՝ դառնում են ընկալելի:
 
15, 10 - «նախանձից մղված». Հուն. «διὰ φθόνον» - «դիա ֆթոնոն». Թեև հունարեն «ֆթոնոս» եզրը սովորաբար արտահայտում է նախանձի (Հռմ 1, 29; Գղտ 5, 21; Փլպ 1, 15; 1Տմ 6, 4; Տիտ 3, 3) ու խանդի (Հկբ 4, 5; 1Պտ 2, 1) զգացումները, որոշ դեպքերում – ինչպես այստեղ և Մտթ 27, 18 տողում – ենթատեքստից ելնելով՝ ավելի հուշում է քենի ու ոխակալության իմաստը: Հիրավի, Հիսուսի նկատմամբ արմատավորված ոխակալության զգացումից ծնված ատելությունն է, – այն բազմաթիվ բաների համար, որոնց մեջ մեղադրում էին Նրան (3), – որ քահանայապետներին ու ժողովրդի ավագներին մղում է հանձնելու Նրան Պիղատոսին, և հրահրել ամբոխին Նրա դեմ, պահանջելով Նրա փոխարեն ազատ արձակել Բարաբբային (11):
 
15, 12 - «մյուս կողմից, առարկելով՝ նրանց ասում էր». Հուն. «Ὁ δὲ Πιλᾶτος πάλιν ἀποκριθεὶς ἔλεγεν αὐτοῖς» - «Հո դէ Պիլատոս պալին ապոկռիթեիս էլեգեն աուտոիս». Կարող է թարգմանվել նաև «Իսկ Պիղատոսը դարձյալ (կամ՝ կրկին ու կրկին) պատասխանելով (կամ՝ միջամտելով, խոսք առնելով) ասում էր»: Համատեքստը, սակայն, հուշում է եզրերի ավելի մյուս նշանակությունը: Պիղատոսը, հռոմեական օրենքի այր լինելով և համապատասխան վարք ու կեցվածք դրսևորելով, դրվագում ստանձնում է Հիսուսի դատապաշտպանի դերը, և մինչ հրեաներն առաջ են քաշում միայն ու միայն կրոնական, ենթակայական (սուբյեկտիվ) հիմնավորում ունեցող մեղադրանքներ, ինքն առարկում է՝ պարբերաբար հարցնելով, թե մեղադրյալը «ի՞նչ չարիք է գործել» (14), այսինքն՝ առարկայական (օբյեկտիվ), հասարակությանը կամ անհատ որևէ մեկին միանշանակ կերպով վնասակար գործ: Պիղատոսի (հռոմեական օրենսգետի ու դատավորի) միտքը մինչև այս կետը լիովին համապատասխանում է Հիսուսի մտքին (հմմտ. Մտթ 7, 16-20; Ղկս 6, 43-44; Հվհ 10, 31-42; և այլն): ꟷ
- «նրան, ում դուք Հրեաների Թագավոր եք կոչում». Հուն. «ὃν λέγετε τὸν Βασιλέα τῶν Ἰουδαίων» - «հոն լեգետե տոն Բասիլեա տօն Յուդայօն». Որոշ ձեռագրեր, ակնհայտ ջատագովական նպատակով, նախադասությունը ներկայացնում են որպես կտրուկ հաստատում: Գրաբարը ևս. «զի՞նչ կամիք թէ արարից զարքայն Հրէից»։ Պիղատոսը, սակայն, Հռոմեական Կայսրության տեղական ներկայացուցիչը լինելով, ուղղակի կերպով չի հաստատում Հիսուսի արքայական նկարագիրը՝ որպես Դավիթ թագավորի ժառանգության իրավունքը կրող ենթակա, այլ՝ պարզապես փաստագրում է, որ կայսրության հպատակներից ոմանք Նրան այդպես են կոչում: Մատթեոսը նույնպես գործածում է «Քրիստոս կոչվածին» արտահայտությունը (27, 17.22): Իսկ Հովհաննեսի մոտ գործածվող «ձեր Թագավորը» և «Հրեաների Թագավոր» արտահայտությունները (18, 33.39; 19, 3.14-15) ակնհայտ կերպով հեգնական են:
 
15, 13 - Երուսաղեմ մուտք գործելիս հնչած «Օվսաննա՜: Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով: Օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Օվսաննա՜ երկնային բարձունքներում» բերկրալի բացականչություններից ու ծափահարություններով ընդունելությունից (11, 9-10) անցում է կատարվում «Խաչի՛ր դրան» մահ պահանջող գոռոցին: Համենայն դեպս, հարկավոր է ի նկատի առնել, որ «ամբոխը», որի մասին խոսվում է այստեղ, չի նշանակում ողջ ժողովուրդը, բնավ չի նշանակում, որ նրանք, ովքեր ծափահարել էին Հիսուսին, միևնույն անձինք են, որ պահանջում են Նրա մահը: Հիսուսի դատապարտության դրվագում ընդգծվում է, մինչդեռ, Նրան նախապես ծափահարողների բացակայությունը: Մինչ իշխանությունները վճռում են Նրա մահը, մտերիմներն ու համակիրները Նրան միայնակ են թողել: Նրանք ակնկալում էին Դավթի թագավորության վերադարձը, որից անձամբ իրենք կարող էին ինչ որ մի շոշափելի շահ և օգուտ ստանալ: Երբ տեսնում են, որ իրականությունն ա՛յլ է, քաշվում են մի կողմ և լռում, Քրիստոսի մահվանը մեղսակից դառնալով իրենց կրավորական անգործությամբ: Նույն վտանգը ներկա է նաև քրիստոնյայի հոգևոր անհատական կյանքում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։