01-20. Հերասացի դիվահարը – Գրադարան – Mashtoz.org

01-20. Հերասացի դիվահարը

→ Մտթ 8, 28-34; Ղկս 8, 26-39;  ⁓ Մրկ 1, 24.34
≈ Մտթ 4, 25; Ղկս 8, 2; 11, 26; Հկբ 2, 19
 
1Եվ հասան ծովի մյուս ափը, հերասացիների երկիրը: 2Եվ երբ Նա նավակից դուրս ելավ, իսկույն Նրան ընդառաջ եկավ գերեզմաններից դուրս ելած մի մարդ, որի մեջ պիղծ ոգի կար: 3Նա գերեզմանների մեջ էր բնակություն հաստատել և այլևս ոչ ոք չէր կարողանում շղթաներով անգամ նրան կապված պահել, 4որովհետև շատ անգամներ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց միշտ շղթաները կոտրել էր, իսկ ոտնակապերը՝ ջարդել, և ոչ ոք այլևս չէր կարողանում նրան զսպել: 5Եվ ամեն օր՝ գիշեր ու ցերեկ, գերեզմաններում ու լեռներում գոռում էր և ինքն իրեն քարերով վնասում: 6Երբ նա Հիսուսին հեռվից տեսավ, վազելով մոտեցավ ու Նրա առաջ գետնին փռվեց, 7և բարձր ձայնով աղաղակելով՝ ասաց. «Ի՞նչ կա իմ ու քո միջև, Հիսո՜ւս, Բարձրյա՜լ Աստծո Որդի: Երդվեցնում եմ քեզ Աստծով, ինձ մի՛ տանջիր». 8քանի որ Նա նրան ասում էր. «Դո՛ւրս ելիր, պիղծ ոգի, այդ մարդուց»: 9Եվ Նա նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Եվ նա պատասխանեց՝ ասելով. «Անունս Լեգեոն է, քանի որ շատ ենք»: 10Եվ շարունակեց աղաչել Նրան կրկին ու կրկին, որ իրենց այդ գավառից դուրս չուղարկի:
11Արդ, սարի լանջին արածող խոզերի մի մեծ երամակ կար այնտեղ մոտակայքում: 12Պիղծ ոգիները աղաչեցին Նրան, ասելով. «Մեզ խոզերի մոտ ուղարկիր, որպեսզի նրանց մեջ մտնենք»: 13Եվ Նա նրանց թույլ տվեց: Եվ պիղծ ոգիները դուրս ելնելով՝ խոզերի մեջ մտան, և երամակը դարավանդից ծովը նետվեց, թվով մոտ երկու հազար կենդանի. և բոլորը ծովի մեջ խեղդվեցին: 14Իսկ խոզարածները փախան և լուրը տարածեցին քաղաքում ու գավառում, և մարդիկ դուրս ելան տեսնելու, թե ի՛նչ էր պատահել:
15Երբ Հիսուսի մոտ եկան, դիվահարին նստած, հագնված և միտքն առողջացած տեսան, նրան՝ լեգեոն ունեցողին. և զարհուրեցին: 16Նրանք, որ ամեն ինչ տեսել էին, պատմեցին նրանց, թե ի՛նչ էր պատահել դիվահարին, ինչպես նաև խոզերի հետ եղածը: 17Եվ նրանք սկսեցին խնդրել Նրան, որ հեռանա իրենց գավառից: 18Եվ երբ Նա նավակ մտավ, այն մարդը, որ դիվահար էր եղել, սկսեց աղերսել Նրան, որ իրեն էլ Նա Իր հետ վերցնի: 19Բայց Նա թույլ չտվեց նրան, այլ՝ ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ, և պատմի՛ր նրանց, թե ինչե՜ր արեց Տերը քո համար և թե որքա՜ն շատ ողորմեց քեզ»: 20Եվ նա գնաց ու սկսեց Դեկապոլսում հռչակել, թե ինչե՜ր էր արել Հիսուսն իր համար, և բոլորը զարմանում էին:
5, 1 - «հերասացիների». Հուն. «τῶν Γερασηνῶν» - «տօն Գեռասենոն». Մարկոսը, Ղուկասի նման (8, 26.37), հիշատակում է հերասացիներին, գադարացիների փոխարեն (տե՛ս Մտթ 8, 28 և 8, 28+): Հերասան (կամ Գերասա) և Գադարան երկուսն էլ Դեկապոլսի քաղաքներից էին, բայց Հերասան գտնվում էր Գեննեսարեթի լճից մոտ 55 կմ հեռավորության վրա: Բազմաթիվ մեկնիչներ, հետևաբար, հին ժամանակներից ի վեր մտածել են, որ անհնարին է, որ սա եղած լինի «լճի մյուս ափին» գտնվող քաղաքը: Գադարան էլ, սակայն, թեև ավելի մոտ էր գտնվում լճին (մոտ 10 կմ հեռավորության վրա), հեշտորեն չի կարող նույնացվել այստեղ մատնանշվող բնակավայրի հետ: Որոգինեսը (մոտ 185-253), հիմնվելով իրեն ծանոթ որոշ ասորական ձեռագրերի վրա (որոնց վրա է հիմնվում, թերևս, նաև մեր գրաբար թարգմանությունը), առաջարկում է «գերգեսացիներ» տարբերակը (Գերգեսա ավանի անունից, այժմյան Էլ-Կուրսի, որը նույնպես գտնվում էր Դեկապոլսի տարածքներում, Գեննեսարեթի լճի արևելյան ափին): Բազմաթիվ մեկնիչներ հավանական են համարում այս տարբերակը և բազմաթիվ ձեռագրեր բոլոր չորս տեղերում էլ «գադարացիներ»ն ու «հերասացիներ»ը փոխարինում են «գերգեսացիներ»ով (գրաբարը ևս): Խնդրի ամենահավանական լուծումը, սակայն, այն է, որ խոսքը վերաբերվում է Գերգեսա ավանին, որը որպես վարչական միավոր մաս էր կազմում Գադարային, որն էլ իր հերթին ենթարկվում էր Հերասա մարզկենտրոնին, արդի եզրաբանությամբ ասած: Համենայն դեպս, աստվածաբանական տեսանկյունից դիտված, կարևոր տվյալն այն է, որ խոսքը վերաբերվում է հեթանոսական տարածքների, և Հիսուսի ներկայությունն այնտեղ՝ իրականացնում է Ես 65, 1 տողի մարգարեությունը:
 
5, 2 - «գերեզմաններից». Հուն. «μνημεῖον» - «մնեմեյոն». Նշանակում է հուշակոթող, դամբարան: Մատնանշում է ժայռափոր գերեզմանները (կատակոմբների նման, բայց ո՛չ ստորգետնյա), որոնց գործածումը խիստ տարածված էր հնում: Ուստի «գերեզմաններից ելած» խոսքը չպետք է հասկացվի «գետնի տակից ելած» իմաստով: Հնում շատ էին նաև վաղուց ի վեր լքված դամբանները, որոնք իբրև օթևան էին ծառայում աղքատների ու ճգնակյացների համար (ինչպես այս մարդու համար էլ է ասվում հաջորդ տողում):
 
5, 3-4 - Դիվահարված մարդու անսանձելի ուժի նկարագրությունը ծառայում է է՛լ ավելի ընդգծելու Հիսուսի կարողությունը, Ով նրան բժշկելով՝ ցույց է տալիս, որ տիրապետում է մի ուժի, որը բոլորից ավելի վեր է. նաև ավելին է, քան դևերի մի վիթխարի ու կատաղի ոհմակի ուժը: – Տե՛ս նաև Մտթ 8, 29+:
 
5, 5 - «ամեն օր՝ գիշեր ու ցերեկ». Հուն. «διὰ παντὸς νυκτὸς καὶ ἡμέρας» - «դիա պանտոս նյուկտոս կայ հեմեռաս». Բառացի. «ամեն (յուրաքանչյուր) գիշեր ու ցերեկ»: Գրաբարը. «հանապազ զցայգ եւ զցերեկ»։ ꟷ
- «քարերով վնասում». Հուն. «κατακόπτων ἑαυτὸν λίθοις» - «կատակոպտօն էաուտոն լիթոիս». Հունարեն «κατακόπτω» բայը Նոր Կտակարանում գործածվում է միայն այս տողում: Նշանակում է կտրել, խոցել, կտրտել, կտոր-կտոր անել: Մարկոսի այս տողում սովորաբար առաջարկվում է «ինքն իրեն քարերով ծեծում էր» թարգմանությունը՝ հիմնվելով «κόπτω» բայի իմաստներից մեկի վրա, բայց պետք է հասկանալի լինի, որ խոսքը վերաբերվում է քարերով ինքն իրեն հարվածելով արյունոտ վերքեր բացելուն: Արտահայտված գաղափարը շատ նման է քարկոծությանը, որը մահապատժի սովորական ձևն էր այդ տարածաշրջանի ժողովուրդների մոտ (տե՛ս Ստեփանոսի սպանությունը. Գրծ 7, 57): Գրաբարը նույնպես այս իրականությանն է ակնարկում. «կոծէր զանձն իւր քարամբք»։
 
5, 6 - «հեռվից». Հին Կտակարանում «հեռվից» արտահայտությունը շատ անգամներ մատնանշում է հեթանոս ժողովուրդներին. հմմտ. 2Օր 29, 21; Հս 9, 6.9; Տբթ 13, 13; և այլն: ꟷ
- «գետնին փռվեց». Հուն. «προσεκύνησεν» - «պռոսեկյունեսեն». Տե՛ս Մտթ 2, 11+-ի երկրորդ մասը:
 
5, 7 - «Ի՞նչ կա իմ ու քո միջև». Տե՛ս 1, 24+-ի առաջին մասը: – Այնտեղ Հիսուսը դևի կողմից անվանվում է «Աստծո Սուրբը», այստեղ՝ «Բարձրյալ Աստծո Որդի». այնտեղ հակադրությունը դևերի պղծության ու Աստծո սրբության միջև էր, այստեղ՝ բազմաթիվ դևերի ուժի և Բարձրյալ Աստծո զորության:
 
5, 9 - «Անունդ ի՞նչ է». Աստվածաշնչյան ուսուցման համաձայն, եթե դիվահալածման ժամանակ ոգին հայտնում է իր անունը, արդեն իսկ պարտված է, արդեն իսկ ընդունել է իրեն հալածողի առավելությունը, և իր անունը հայտնելով՝ ենթարկվում է նրա ուժին: Դրա պատճառն այն է, որ դևերն ամեն ինչից ավելի սիրում են խավարը, ատում են լույսը, չեն սիրում ճանաչվել, սիրում են թաքնվել, ծածուկ գործել, գաղտնիության մեջ (ինչի համար էլ ասվում է, որ սատանայի ամենամեծ հաղթանակն այն է, երբ ինչ որ մեկի համոզում է, որ ինքը՝ սատանան գոյություն չունի): Սեփական անունը հայտնելը, մինչդեռ, լույս է, անկեղծություն, պարզություն, բացահայտություն. բոլորը բաներ, որ անհանդուրժելի են բոլոր ժամանակների ու բոլոր տեսակի դևերի համար: ꟷ
- «Լեգեոն». Այս եզրի բացատրության համար՝ տե՛ս Մտթ 26, 53+:
 
5, 10 - «այդ գավառից». Կամ՝ այդ երկրից, այդ երկրամասից: Հետաքրքրական նշում է, որ կարծես ուզում է ասել, որ մարդկանցից բացի, դևերը կարծես թե նախասիրություններ ունեն նաև երկրամասերի հարցում. նախընտրում են բնակվել այնտեղ, ուր իրենց ավելի հոգեհարազատ միջավայր են գտնում: Դրանք, վստահաբար, այն երկրամասերն են, ուր բնակվում են դիվային արժեքներով ապրող ու առաջնորդվող մարդիկ: Դիվային արժեքներն են կեղծիքը, կեղծավորությունը, ատելությունը, նախանձը, փոխադարձ անհանդուրժողականությունը, սիրո գործերի, գթության բացակայությունը, անարդարությունը, և այլն:
 
5, 11-14 - Խոզերի հիշատակման վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 8, 30+: – Խոզերի ծովի մեջ նետվելու ու խեղդվելու պատկերն ուզում է այլաբանորեն արտահայտել դիվային ներկայությունից ու ազդեցությունից նաև այդ երկրամասի մաքրման իմաստը: Լճի ջրերի պատկերը, որոնք նույն ինքն Հորդանանի ջրերն են, կարող է անուղղակի ակնարկ լինել Մկրտությանը:
 
5, 18-19 - «որ իրեն էլ Նա Իր հետ վերցնի». Հուն. «ἵνα μετ’ αὐτοῦ ᾖ» - «հինա մետ' աուտու է». Բառացի՝ «որ ինքը Նրա հետ լինի»: Մարդը, որ անասելի տառապանքներ էր կրել դևերի ձեռքում եղած ժամանակ, ցանկանում է «Հիսուսի հետ լինել», ուղղակի ֆիզիկապես չհեռանալ Նրանից, քանի որ Նրա ներկայությամբ զգում է, որ դևերն իրեն այլևս վնասել չեն կարող: Հիսուսը նրան հրավիրում է կանգ չառնել Իր ֆիզիկական ներկայության վրա, այլ՝ այն փոխարինել հոգևոր ներկայությամբ: ꟷ
- «քո ընտանիքի». Բառացի՝ «քոնոնց»: ꟷ
- «թե ինչե՜ր ... ողորմեց քեզ». Բառացի՝ «որքա՜ն շատ Տերը քո համար արեց և ողորմեց քեզ»:
 
5, 20 - «գնաց ու սկսեց Դեկապոլսում հռչակել». Երբ Քրիստոսի մահվան ու հարության բարի լուրը սկսում է տարածվել, հեթանոսական երկրամասերի բնակչությունն արդեն ծանոթ էր Նրա Անվանն ու գործերին: Նախկին դիվահարն իր քարոզչությամբ սկսում է հող նախապատրաստել քրիստոնեական ապագա համայնքների ձևավորման համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։