03-09. Օծում Բեթանիայում – Գրադարան – Mashtoz.org

03-09. Օծում Բեթանիայում

→ Մտթ 26, 6-13; Հվհ 12, 1-8
≈ Ղկս 7, 36; 2Օր 15, 11
 
3Եվ մինչ Նա գտնվում էր Բեթանիայում, Սիմոն բորոտի տանը սեղան նստած, մի կին եկավ, որն իր հետ ալաբաստրե սրվակ ուներ՝ մաքուր նարդոսի շա՜տ թանկարժեք անուշահոտ յուղով. ալաբաստրե սրվակը կոտրելով՝ անուշահոտ յուղը Նրա գլխին հեղեց: 4Եվ ահա՛ եղան ոմանք, որ իրենք իրենց մեջ վրդովվեցին, թե ինչո՛ւ եղավ անուշահոտ յուղի այդ վատնումը. 5չէ՞ որ կարելի էր այդ յուղը ավելի քան երեք հարյուր դահեկանի վաճառել և տալ աղքատներին: Եվ խիստ բարկացան նրա վրա:
6Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք նեղություն տալիս նրան: Նա մի բարի գործ կատարեց իմ հանդեպ: 7Միշտ, արդարև, աղքատներին ձեր հետ ունեք, և ե՛րբ կամենաք, կարող եք նրանց բարիք անել. ինձ, մինչդեռ, միշտ ձեր հետ չունեք: 8Նա ինչ որ կարող էր, արեց. անուշահոտ յուղով կանխավ օծեց իմ մարմինը՝ հուղարկավորության համար: 9Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում, ո՛ւր որ ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար կպատմվի նաև այն, ինչ նա արեց»:
14, 3-9 - Այս հատվածի որոշ մանրամասնությունների համար՝ տե՛ս Մտթ 26, 6-13+:
 
14, 3 - Կինը – որի արարքն այնքա՜ն խիտ իմաստներ է պարունակում, որ արժանանում է պատմության մեջ անջնջելի կերպով արձանագրվելու (9) – ոչ մի խոսք չի արտասանում և երեք համատես Ավետարաններում մնում է անանուն (միայն Հովհաննեսն է հայտնում նրա ինքնությունը. 12, 1-8): Ամբողջ պատմությունը կենտրոնանում է նրա արարքի եզակի վեհանձնության շուրջը, և բարոյական պատգամի, որն այդ արարքից ուսանում ենք: ꟷ
- «մաքուր նարդոսի». Հուն. «νάρδου πιστικῆς» - «նառդու պիստիկես». Մաքուրը՝ «անխառն», «իսկական», «բարձրորակ» իմաստով: Նարդոսը, որ Հնդկաստանից ներկրվող օծանելիք էր, իսկապես թանկարժեք էր, եթե մի փոքրիկ սրվակն արժեր երեք հարյուր դահեկան, այսինքն՝ այնքան, որքան որ էր միջին աշխատավորի մեկ տարվա աշխատավարձը: ꟷ
- «անուշահոտ յուղ». Հուն. «μύρον» - «մյուռոն». Ձիթապտղի ձեթի հիմքով անուշաբույր օծանելիք (տվյալ դեպքում՝ նարդոսի հետ խառնված): ꟷ
- «կոտրելով». Հուն. «συντρίψασα» - «սյունտռիպսասա». Մարկոսը Ավետարանիչներից միակն է, որ հիշատակում է այս մանրամասնությունը: Դրանով, մի կողմից, կամենում է ընդգծել կնոջ անմնացորդ նվիրումն ու առատաձեռնությունը. նա յուղը մասամբ չի հեղել, այլ՝ ամբողջովին, անգամ սրվակը չի պահել իրեն, որի մեջ կարող էին օծանելիքի դեռ մի քանի կաթիլներ մնացած լինել: Մյուս կողմից, միստիկ պատգամ է ավանդել. սրվակը (հոգին, քրիստոնյան) անխուսափելիորեն պետք է կոտրվի (խաչվի, նեղություն կրի), որպեսզի ընդունակ լինի անուշաբույր յուղը (Սուրբ Հոգին) տարածել Եկեղեցու մեջ («տունը յուղի բույրով լցվեց», նշում է Հովհաննեսը. 12, 3). և այդ ամենը՝ հանուն խաչված և հարություն առած Քրիստոսի սիրո (սրվակը Քրիստոսի գլխավերևում է կոտրվել և Նրա գլուխն է օծվել): Խիստ հավանական է, որ սրվակը սեփական ձեռքերիդ մեջ կոտրելիս՝ կոտրված ապակու կտորները կվնասեն մատներդ և արյունդ կխառնվի օծանելիքին:
 
14, 4-5 - Հունարեն բնագրի շարահյուսությունն այնպիսին է, որ այս երկու նախադասությունները կարող են հասկացվել նաև որպես ուղղակի խոսք: Որոշ թարգմանություններ և հրատարակություններ (գրաբարը ևս), Մատթեոսի զուգահեռ հատվածի նմանությամբ, նախընտրում են այդ տարբերակը: ꟷ
- «վրդովվեցին». Հուն. «ἀγανακτοῦντες» - «ագանակտունտես». Գրաբարը. «զչարէին»։ ꟷ
- «նրա վրա». Այսինքն՝ կնոջ:
 
14, 8 - «կանխավ օծեց իմ մարմինը՝ հուղարկավորության համար». Կնոջ արարքը մարգարեական տարրեր է պարունակում իր մեջ: Իրոք, Հիսուսը մահվան դատապարտվելով որպես կրոնական գետնի վրա օրինախախտ և, հետևաբար, անեծքի արժանի ոճրագործ, թաղումից առաջ զրկվելու էր ծիսական արժանապատիվ օծման հնարավորությունից (թաղումն էլ հռոմեական իշխանությունների կողմից արտոնվելու էր բացառության կարգով): Այժմ Նա «կանխավ» օծվում է՝ ի պատրաստություն այդօրինակ թաղման: Եվ երբ Յուղաբեր Կանայք կամենում են լրացնել այդ բացը, Կիրակի օրվա առավոտյան (16, 1-2), չեն կարողանում, որովհետև գերեզմանն արդեն դատարկ են գտնում: Այս օծումն, հետևաբար, չի կրկնվում (համատես երեք Ավետարանների ավանդության համաձայն):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։