05-13. Երկունքի սկիզբը – Գրադարան – Mashtoz.org

05-13. Երկունքի սկիզբը

→ Մտթ 10, 17-22; 24, 4-14; Ղկս 21, 8-19;  ⁓ Մրկ 16, 15
≈ Մտթ 10, 36; Հվհ 15, 21; 2Մն 15, 6; Ես 19, 2; Դն 2, 28; Միք 7, 6
 
5Այդ ժամանակ Հիսուսը սկսեց ասել նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որպեսզի ոչ ոք չշեղի ձեզ: 6Շատերն են իմ անունով գալու՝ ասելով, թե. ''Ես եմ'', և շատերին են մոլորեցնելու: 7Երբ, ապա, պատերազմների մասին լսեք և պատերազմական ձայներ, չտագնապեք. պե՛տք է, որ դա կատարվի, բայց դա դեռ վախճանը չէ: 8Արդարև, ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, պիտի լինեն քաղց և սով: Սա երկունքի ցավերի սկիզբն է:
9Բայց դուք զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար: Հանձնելու են ձեզ ատյանների և ժողովարաններում ձաղկելու են ձեզ, և կառավարիչների ու թագավորների առաջ եք կանգնելու՝ իմ պատճառով, նրանց վկայություն տալու համար: 10Բայց նախ հարկավոր է, որ Ավետարանը քարոզվի բոլոր ազգերին: 11Եվ երբ տանեն ձեզ հանձնելու, մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ասելու, այլ՝ ասացեք այն, ինչ այդ ժամին կտրվի ձեզ. քանի որ դուք չէ, որ խոսելու եք, այլ՝ Սուրբ Հոգին: 12Եղբայրը եղբորը մատնելու է մահվան, և հայրը՝ զավակին, և զավակներն ապստամբելու են ծնողների դեմ և նրանց սպանելու են: 13Եվ բոլորի կողմից ատված եք լինելու իմ անվան պատճառով. բայց ով մինչև վերջ հարատևի, նա պիտի փրկվի:
13, 5-6 - «չշեղի ... մոլորեցնելու». Հունարեն բնագրում գործածված բայի իմաստի վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 24, 4+:
 
13, 6 - «Ես եմ». Որոշ ձեռագրեր, Մատթեոսի հետ նույնացնելով, ավելացնում են «Քրիստոսը»: Գրաբարը ևս. «ես եմ Քրիստոսն»։ – Այս գաղափարի վերաբերյալ՝ տե՛ս Մտթ 24, 5+:
 
13, 7 - «չտագնապեք». Տագնապը բնականորեն ծնվելու էր Տաճարի ավերմանը հետևած վախից, քանի որ դա նկատվելու էր որպես ժամանակների ու աշխարհի մոտալուտ վախճանի նշան: Հիսուսը զգուշացնում է, սակայն, որ այդ տագնապն անհիմն է, որովհետև «դա դեռ վախճանը չէ» (հմմտ. նաև Մտթ 24, 6; Ղկս 21, 9), չնայած որ այդ ժամանակը, վաղ թե ուշ, հասնելու է, որովհետև «պե՛տք է, որ դա կատարվի»: Այսինքն, եթե մի կողմից ընդգծվում է անխուսափելիությունն այն դեպքերի, որոնց միջով քրիստոնյաները կանչված են անցնելու, մյուս կողմից՝ հորդորվում է չտրվել աշխարհի վախճանի սպասումից ծնվող անհամբերությանը և չլքել ապագայի հույսը: Այս պատճառով է նաև, որ Մարկոսը աշխարհի վախճանի թեման չի խառնել Երուսաղեմի ավերման թեմային, ի տարբերություն Մատթեոսի ու Ղուկասի, և այդպես վարվելով՝ մշտավավեր պատգամ է թողել բոլոր ժամանակների քրիստոնյա սերունդներին:
 
13, 8 - Որոշ ձեռագրեր ավելացնում են. «սրածություններ ու խռովություններ»: Գրաբարը ևս. «սրածութիւնք եւ խռովութիւնք»։ ꟷ
- «քաղց և սով». Հուն. «λιμοί» - «լիմոյ». Բնագրում մեկ բառ է, բայց հոգնակի թվով: Ուստի հարկավոր է հասկանալ այդ եզրի երկու իմաստներն էլ: ꟷ
- «երկունքի ցավեր». Տե՛ս Մտթ 24, 8+:
 
13, 9 - «ձեր անձերի համար». Բառացի՝ ինքներդ ձեզ: – Որոշ ձեռագրեր, Մատթեոսին նմանեցնելով, այս նախադասությունը ներկայացնում են ա՛յլ ձևակերպմամբ: Գրաբարը. «Եւ զձեզ իսկ մատնեսցեն յատեանս»։
 
13, 10 - Քանի որ «բոլոր ազգերին» բառերը հունարեն բնագրում գտնվում են նախադասության սկզբում, և «ազգ» («ἔθνος» - «էթնոս») եզրով Նոր Կտակարանում հասկացվում են նաև հեթանոսները, որոշ ձեռագրեր այդ խոսքերը միացնում են նախորդ նախադասությանը՝ ստանալով. «նրանց և բոլոր հեթանոսներին վկայություն տալու համար»: Գրաբարը ևս. «'ի վկայութիւն նոցա եւ ամենայն հեթանոսաց»։ – Երուսաղեմի ու Տաճարի ավերումից առաջ Ավետարանը բոլոր ազգերին, ամբողջ աշխարհում քարոզելու վերաբերյալ՝ տե՛ս նաև Մտթ 24, 14+:
 
13, 12 - «զավակին ... զավակներն ... ծնողների». Հուն. «τέκνον ... τέκνα ... γονεῖς» - «տեկնոն ... տեկնա ... գոնեիս». Բնագրի առաջին եզրը անորոշ սեռի է, ուստի մատնանշում է երկու սեռի զավակներին՝ և՛ որդիներին, և՛ դուստրերին: Երկրորդ եզրը թեև արական է, բայց հոգնակի թվով գործածվելով՝ արտահայտում է «ծնողներ» իմաստը, ներառելով նաև մորը:
 
13, 13 - «ատված եք լինելու». Այնպես, ինչպես մեղքի այս աշխարհում ատված են ճշմարտությունը, սերը, անկեղծությունը, արդարությունը, սրբությունը: ꟷ
- «հարատևի». Տե՛ս Մտթ 24, 13+:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։