07-12. Բազմությունները հետևում են Հիսուսին – Գրադարան – Mashtoz.org

07-12. Բազմությունները հետևում են Հիսուսին

→ Մտթ 12, 15-16; Ղկս 6, 17-19;  ⁓ Մրկ 1, 34; 5, 30
≈ Մտթ 4, 25; 8, 29; 15, 30; Ղկս 4, 41
 
7Իսկ Հիսուսն Իր աշակերտների հետ վերադարձավ ծովեզերք, և Գալիլեայից մի մեծ բազմություն գնաց Նրա հետևից: 8Նաև Հուդեայից ու Երուսաղեմից, Իդումեայից ու Անդրհորդանանից, և Տյուրոսի ու Սիդոնի կողմերից մի մեծ բազմություն, լսելով՝ թե Նա ինչքա՜ն բաներ էր անում, գնաց Նրա մոտ: 9Եվ Նա Իր աշակերտներին ասաց, որ Իր համար մի նավակ պատրաստեին՝ ամբոխի պատճառով, որպեսզի չճզմեին Իրեն: 10Որովհետև, քանի որ շատերին էր բժշկել, ամեն տեսակ ծանր հիվանդություններ ունեցողները գալիս նետվում էին Նրա վրա, որպեսզի հպվեին Նրան:
11Եվ պիղծ ոգիները, երբ տեսնում էին Նրան, ընկնում էին Նրա առաջ և գոռում էին՝ ասելով. «Դու Աստծո Որդին ես»: 12Բայց Նա խստորեն սաստում էր նրանց, որպեսզի հայտնի չդարձնեին Իրեն:
3, 7 - «վերադարձավ». Հուն. «ἀνεχώρησεν» - «անեխօռեսեն», որ բառացի նշանակում է «քաշվեց, մեկուսացավ»: Մարկոսն այսպիսով թերևս կամենում է ընդգծել Հիսուսի կողմից կապերի վերջնական խզումը հրեական կրոնական իշխանությունների հետ, որովհետև ծովեզերքը, որի մասին խոսվում է, Գեննեսարեթի լիճն է Գալիլեայում, հեթանոսներով բնակեցված երկրամասերի սահմանը (Մտթ 4, 15-16): Այսպիսով, Հիսուսի պատգամը բացվում է դեպի բոլոր ժողովուրդներն անխտիր:
 
3, 8 - Իդումեան (հին Եդոմը) Հուդեայից հարավ գտնվող լեռնային երկրամասն էր: Անդրհորդանան (Հորդանանից այն կողմ) անվան տակ Հիսուսի ժամանակներում հասկացվում էին Դեկապոլսի տարածքները (տե՛ս Մտթ 4, 25+), Պերեան և Նաբաթեան: Տյուրոսն ու Սիդոնը (տե՛ս Մտթ 11, 21+) գտնվում էին Միջերկրական Ծովի ափին, հարավային Փյունիկիայում: Հետևաբար՝ մարդիկ, որոնց մասին խոսվում է այստեղ, Հիսուսին հանդիպելու համար գալիս էին նաև շա՜տ հեռուներից և նրանց մեջ մեծ թիվ էին կազմում տարբեր պաշտամունքների պատկանող հեթանոսները:
 
3, 9 - «չճզմեին». Հուն. «θλίβω» - «թլիբօ» բայը Ավետարաններում գործածվում է միայն այստեղ և Մտթ 7, 14 տողում (ևս 8 անգամ գործածվում է Պողոս Առաքյալի նամակներում): Ամբոխը Հիսուսին ո՛չ թե պարզապես նեղում էր, այլ՝ ուղղակի ճզմում էր, որովհետև բոլորը «նետվում էին Նրա վրա, որպեսզի հպվեին» (3, 10):
 
3, 10 - «ծանր հիվանդություններ». Հուն. «μάστιγας» - «մաստիգաս», բառացի՝ մտրակ, խարազան, փոխաբերական իմաստով՝ որևէ տեսակի պատուհաս: Բառացի ու փոխաբերական իմաստներով, Նոր Կտակարանում գործածվում է 6 անգամ. Մրկ 3, 10; 5, 29.34; Ղկս 7, 21; Գրծ 22, 24; Եբր 11, 36:
 
3, 11 - «տեսնում էին». Հուն. «θεωρέω» - «թէօռէօ» բայը ճշգրիտ կերպով նշանակում է «նայել, դիտել», նայել մեկին, մինչ նա ինչ որ մի գործ է կատարում, նայել մտորելով, ուշադրությունը կենտրոնացնելով կատարված գործողության իմաստի ու նշանակության վրա (հմմտ. Մտթ 27, 55 և 28, 1+-ի հինգերորդ մասը):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։