07-13. Տասներկուսի առաքելությունը – Գրադարան – Mashtoz.org

07-13. Տասներկուսի առաքելությունը

→ Մտթ 10, 1.9-14; Ղկս 9, 1-6
⁓ Մրկ 3, 14;  ≈ Հկբ 5, 14-15
 
Եվ Նա շրջում էր գյուղերում և ուսուցանում:
7Այդ ժամանակ Նա Իր մոտ կանչեց Տասներկուսին և սկսեց ուղարկել նրանց երկու-երկու, և նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա: 8Եվ պատվիրեց նրանց, որ ճանապարհի համար գավազանից բացի ա՛յլ բան չվերցնեն. ո՛չ հաց, ո՛չ պարկ, ո՛չ պղնձե դրամ գոտու մեջ. 9այլ՝ հողաթափեր հագնեն, և երկու թիկնոց չկրեն: 10Եվ նրանց ասում էր. «Եթե ինչ որ մի տեղ մի տուն մտնեք, այդ տանը մնացեք, մինչև որ այդտեղից մեկնեք: 11Իսկ եթե ինչ որ մի տեղ չընդունեն ձեզ ու չլսեն, այդտեղից մեկնելիս ձեր ոտքերի տակի փոշին թափ տվեք՝ իբրև նրանց դեմ վկայություն»: 12Եվ մեկնելով, նրանք քարոզում էին, որպեսզի մարդիկ դարձի գան: 13Եվ բազում դևեր էին հանում, և բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում:
6, 8-9 - Մատթեոսից (10, 10) ու Ղուկասից (10, 4) տարբերվելով, Մարկոսի մոտ թույլատրվում է գավազանի («ῥάβδος» - «հռաբդոս») ու հողաթափերի («σανδάλιον» - «սանդալիոն») գործածումը:
Գավազանը՝ որովհետև այստեղ այն ստանում է առաքյալի հեղինակության, հովվության խորհրդանշանի արժեք (հետագայում դառնալու է եպիսկոպոսական գավազանը), մինչ մյուսների մոտ ներկայանում է որպես մարդկային հենարանի պատկեր: Ավետարանիչների միտքը համադրելով, ուստի, պատգամն այն է, որ Առաքյալը պետք է ավետարանման մեկնի՝ հրաժարվելով մարդկային որևէ հենարանից և գործադրելով միմիայն իր քրիստոսատուր հեղինակությունը (իշխանությունը. տե՛ս Մտթ 7, 29+; 9, 8+; 28, 18+):
Սանդալների, մինչդեռ, հիշատակումը, և փաստը, որ այլևս չի արգելվում այցելել հեթանոսական տարածքներ և մտնել սամարացիների քաղաքները (հմմտ. Մտթ 10, 5), կարող է վկայություն լինել առ այն, որ Մարկոսի այս տողերի շարադրման ժամանակ Ավետարանի քարոզչությունն արդեն դուրս էր ելել Պաղեստինի սահմաններից, այսինքն՝ որ Մարկոսի տեքստը (առնվազն այս հատվածը) ավելի ուշ շրջանի է պատկանում, քան Մատթեոսինը, ինչը որ լիովին համապատասխանում է ավանդական տվյալներին: ꟷ
- «պղնձե դրամ գոտու մեջ». Հուն. «μὴ εἰς τὴν ζώνην χαλκόν» - «մէ էիս տէն զօնէն խալկոն»։ Բառացի՝ պղինձ գոտու մեջ: Գրաբար. «պղինձ 'ի գօտիս»։ Խոսքը պղնձե մանրադրամների մասին է (Մատթեոսը հիշատակում է նաև դրամական ավելի թանկարժեք միավորները՝ ոսկին ու արծաթը (Մտթ 10, 9): Գոտիներն այդ ժամանակ պատրաստվում էին սնամեջ հյուսվածքից, ուստի ծառայում էին նաև որպես մի տեսակ գրպան կամ քսակ:
 
6, 10 - «այդ տանը մնացեք». Տնից տուն տեղափոխվելը ենթադրում է առավել հարմարավետությունների փնտրտուք, մինչդեռ նույն տանը մնալը նշան է քչով բավարարվելու, մարդկային կամ նյութական սփոփանքի հետամուտ չլինելու և Ավետարանից բացի ուրիշ ոչնչով հետաքրքրված չլինելու:
 
6, 11 - «փոշին թափ տվեք». Տե՛ս Մտթ 10, 14+:
 
6, 12 - «դարձի գան». Տե՛ս Մտթ 3, 2+-ի առաջին մասը:
 
6, 13 - «հանում». Տե՛ս Մտթ 10, 1+-ի երկրորդ մասը: ꟷ
- «օծում էին յուղով». Աղոթքով օրհնված յուղով (մեռոնով) հիվանդին օծելն այստեղ իմաստավորում և արտահայտում է Աստծուց բխող բժշկող ուժի, զորության ավանդումը, ինչպես ձեռնադրությունը ա՛յլ դրվագներում (տե՛ս 5, 23+-ի հինգերորդ մասը):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։