09-11. Հիսուսի Մկրտությունը – Գրադարան – Mashtoz.org

09-11. Հիսուսի Մկրտությունը

→ Մտթ 3, 13-17; Ղկս 3, 21-22;  ⁓ Մրկ 9, 7
≈ Հվհ 1, 32-34; Սղմ 2, 7; Ես 42, 1; 63, 11-19
 
9Այդ օրերին Հիսուսը եկավ Գալիլեայի Նազարեթից և Հորդանանում մկրտվեց Հովհաննեսի ձեռքով: 10Եվ իսկույն, ջրից դուրս գալով, տեսավ երկինքը պատռված և Հոգին, որ աղավնու նման իջնում էր Իր վրա: 11Եվ երկնքից մի ձայն լսվեց. «Դու իմ Որդին ես. Սիրելին, որ ունի իմ ողջ հաճությունը»:
1, 10 - «երկինքը պատռված». Ո՛չ պարզապես բացված, կարծես մի սովորական պատուհան կամ դուռ լինի, այլ՝ մի անանցանելի պատնեշ է (հմմտ. Ղկս 16, 26), որն այժմ զորությամբ պատռվում է («σχίζω» - «սխիզօ») «ավելի հզոր մեկի» կողմից (1, 7) «շնորհով ու ճշմարտությամբ» (Հվհ 1, 14): Սա տեսանելի նշանն է Աստծո ուղղակի ու անձնական միջամտության (հմմտ. Ես 11, 2; 42, 1; 61, 1; 63, 19): – Գրաբարում. «ցելեալ զերկինս»:
 
1, 11 - «իմ Որդին՝ Սիրելին». Տե՛ս Մտթ 3, 17+:
 
***
 
Եսայի 63, 7-9; 15-19
 
Ուզում եմ հիշել Տիրոջ բարերարությունները,
Տիրոջ փառքերը,
թե որքա՜ն բարիք է արել Նա մեր համար։ [...]
Նա մեր հետ վարվեց Իր սիրո համաձայն,
ըստ Իր ողորմության մեծության։ [...]
Ո՛չ թե մի փոխանորդ, կամ մի հրեշտակ,
այլ՝ հենց Ինքն անձամբ փրկեց նրանց,
սիրով ու կարեկցանքով Նա փրկագնեց նրանց։ [...]
Նայի՜ր երկնքից ու դիտի՜ր
Քո սուրբ ու փառավոր օթևանից։ [...]
Դո՛ւ, Տե՜ր, Դո՛ւ ես մեր հայրը,
ի հավիտենից կոչվում ես մեր Փրկիչը։ [...]
Օ՜հ, երանի՜ թե պատառոտեիր երկինքները և վար իջնեիր,
Քո առաջ կցատկոտեին լեռները։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։